Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի ու Սեդա Սաֆարյանի հրապարակած զեկույցների եւ վերջին բացահայտումների վերաբերյալ ասում է իշխող կոալիցիայի կողմից առաջադրված նույն խմբի նախկին անդամ Գեւորգ Թովմասյանը:
– Պարոն Թովմասյան, Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր Փաստահավաք խմբի հիմնական առաքելությունը եւ արդյոք այն հաջողվե՞ց իրականացնել:
– Առաքելություններն ու խնդիրները սահմանված են եղել Փաստահավաք խումբը ստեղծելու մասին ՀՀ նախագահի կարգադրությամբ, այն է՝ հավաքել փաստեր: Խումբն իրականացրել է փաստահավաք առաքելություն, ձեռք ենք բերել մի շարք փաստեր, որոնք ամբողջությամբ ներկայացվել են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, իսկ թե որքանով են դրանք առարկայական, արժեքավոր, նպաստում տարբեր հանգամանքների պարզաբանմանը, ապա ես չէ, որ պետք է գնահատեմ, այլ հանձնաժողովը: Մեր խնդիրը եղել է հավաքել փաստեր եւ դրանք ներկայացնել հանձնաժողովին, իսկ հանցագործության դեպք հայտնաբերելու պարագայում՝ այդ մասին հայտնել իրավապահներին՝ տեղեկությունը տրամադրողի համաձայնության դեպքում:
– Արդեն հրապարակվել են մի քանի զեկույցներ՝ հիմնականում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ: Համաձայն չե՞ք Փաստահավաք խմբի այն անդամների դիտարկումների հետ, որ հաջողվել է կատարել մի շարք բացահայտումներ, պարզել մեղավորներին:
– Ոչ: Համոզված եմ, որ բացահայտում կարող է համարվել որոշակի տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը, որը լույս է սփռում հետազոտվող հանգամանքների վրա, այլ ոչ թե ավելացնում է հարցականների շրջանակը: Առավել եւս, երբ խոսքը գնում է զեկույցի մասին: Իմ կարծիքով, զեկույցը պետք է պարունակի հստակ եւ միանշանակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ է եղել եւ ինչպես է եղել իրականում, եւ ոչ երբեք՝ վարկածներ, հիպոթեզներ կամ անգամ որոշակի փաստերի վերաբերյալ անձնական ընկալումներից բխող մեկնաբանություններ, ենթադրություններ:
– Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի դիտարկմամբ՝ խումբը գործել է բավական հաջող…
– Ձեր հարցադրումն արդեն իսկ կասկածի տակ է դնում նրանց կողմից հրապարակված եզրակացության օբյեկտիվությունը: Եթե իրենք իրենց համարում են ընդդիմադիր անդամներ, ապա դրանով իսկ ընդունում են իրենց որոշակի շահագրգռվածությունը, եւ հենց միայն այդ պատճառով նրանց կողմից հրապարակված եզրակացությունը չի կարող լինել օբյեկտիվ: Եթե խմբի որեւէ անդամ իրեն զգում է ընդդիմադիր կամ՝ հակառակը, ապա նման մոտեցումն ինքնին խեղաթյուրում է Փաստահավաք խմբի ստեղծման եւ դրա գործունեության արդյունավետության ապահովման գաղափարը: Փաստահավաք խմբում պետք է աշխատեին ոչ թե իրենց ընդդիմության կամ իշխանության ներկայացուցիչ համարող, այլ նրանց կողմից առաջադրված անկախ փորձագետներ: Իսկ եթե որեւէ մեկը իրեն ընկալել է Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ կամ՝ հակառակը, ապա դրանով վարկաբեկել է ցանկացած եզրակացություն՝ կասկածի տակ դնելով դրա օբյեկտիվությունը:
– Ուզում եք ասել, որ ներկայացված լինելով իշխանությունների կողմից՝ կաշկանդված չե՞ք եղել իշխանությունների դիրքորոշմամբ:
– Կաշկանդված չեմ եղել ոչ իշխանությունների եւ ոչ էլ ընդդիմության տեսակետներով եւ հիմա էլ կաշկանդված չեմ: Փաստահավաք խմբում ներկայացված եմ եղել կոալիցիայի կողմից՝ որպես անկախ փորձագետ, եւ զբաղվել եմ փաստահավաքությամբ՝ համոզված լինելով, որ փաստահավաք խումբը երբեք չպետք է օգտագործվի որպես քաղաքականության մեջ մտնելու կամ քաղաքականության մեջ մնալու միջոց:
– Այդ դեպքում՝ ինչո՞ւ չեք ստորագրել Փաստահավաք խմբի եզրակացությունները:
– Որովհետեւ կաշկանդված չեմ եղել ոչ մեկի դիրքորոշմամբ: Նախ՝ Փաստահավաք խումբը՝ որպես կոլեգիալ մարմին, համատեղ քննարկումների միջոցով աշխատել է միայն մեկ փաստաթղթի վրա, որը վերաբերել է ոստիկանության աշխատակից Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին, եւ որը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին է ուղարկվել խմբի 5 անդամներից 3-ի՝ Ստեփանյանի, Քոչարյանի եւ Սաֆարյանի փոխադարձ համաձայնությամբ: Մինչդեռ ես եւ Ավագյանը այդ փաստաթուղթը չէինք ստորագրել՝ գրեթե բոլոր դրույթների եւ շեշտադրումների դեմ հիմնավոր առարկություններ ունենալու պատճառով: Դրանց նորից չեմ ուզում անդրադառնալ. նախկինում «Ժամանակ Երեւան» օրաթերթին տված հարցազրույցում ասել եմ՝ չի կարելի զոհված մարդու ձեռքը հետմահու նռնակ դնել, անգամ, եթե դա պայմանավորված է եւ հիմնավորված է որեւէ քաղաքական անհրաժեշտությամբ: Կան բարոյական որոշ սահմաններ, որոնք անցնել չի կարելի:
Հիշատակածս զեկույցին հաջորդած մյուս բոլոր հրապարակված եւ չհրապարակված որեւէ փաստաթուղթ, ինչպես էլ որ այն անվանվի, չի կարող ներկայացվել որպես կոլեգիալ մարմին հանդիսացած Փաստահավաք խմբի գործունեության կամ կատարած աշխատանքի ամփոփում:
– Փաստահավաք խմբի երկու անդամների վերջին զեկույցի համաձայն՝ մարտի 1-ին ստեղծվել են օրենքով չնախատեսված զինված միավորումներ:
– Նախ՝ թերեւս կարիք կա կրկին հստակեցնելու, թե ինչ ենք հասկանում զեկույց ասելով, քանի որ, ինչպես արդեն ասացի, զեկույցը հստակ ու միանշանակ տեղեկատվության ներկայացում է, այլ ոչ թե ենթադրությունների, հարցադրումների շարադրանք: Մինչդեռ հրապարակված փաստաթղթում, գոնե ինձ համար, ակնհայտ է, որ ոչ թե փաստեր են շարադրված, այլ նկարագրված են ՀԱԿ-ից ստացված տեղեկատվությունը ստուգելու ուղղությամբ Փաստահավաք խմբի ձեռնարկած քայլերը, այն էլ՝ ոչ ճշգրիտ եւ ամբողջական մատուցմամբ: Ընդ որում, կարծում եմ, որ զեկույցի տեսքով ներկայացված շարադրանքը ավելի շատ պարզաբանման ենթակա հարցեր է առաջացնում, քան պարունակում է բացահայտում կամ գոնե պարզաբանում իրականությունը:
– Կարո՞ղ եք մանրամասնել:
– Նույն հարցերը, որոնք կային եւ հնչեցվել էին իմ կողմից ի սկզբանե, սակայն այդպես էլ չպարզաբանվեցին: Օրինակ՝ երբ, որտեղ, ում կողմից եւ ինչ համակարգչի վրա է կազմվել Կոնգրեսից Փաստահավաք խումբ ուղարկված ցուցակը, ինչն է հանդիսացել տեղեկատվության սկզբնաղբյուրը այդ տեղեկատվությունը կազմելու համար, եւ որքանով է այդ աղբյուրը հավաստի: Առավել եւս, երբ անհասկանալի է, թե ինչ իմաստ ու անհրաժեշտություն կար ենթադրական սադրիչներին հանդերձավորել հատկապես զինվորական համազգեստով, ինչո՞ւ, հնարավոր չէ՞ր նույն սադրանքներն իրականացնել քաղաքացիական հագուստով, ինչո՞ւ զինվորական եւ ոչ թե ոստիկանական: Բացի այդ, եթե խոսքը գնում է նախապես ծրագրավորված սադրանքի մասին, ապա ի՞նչ իմաստ ու անհրաժեշտություն կար հանդերձանքի տրամադրումը գրանցել համապատասխան մատյաններում, ինչո՞ւ, հնարավոր չէ՞ր ընդհանրապես չգրանցել, կամ ինչո՞ւ էր պետք գրանցել տվյալ գերատեսչության հետ առնչություն չունեցող անձանց անուններով, կամ ինչո՞ւ հատկապես այն հանրաճանաչ անուններով, որոնք տեղ են գտել ցուցակում, եւ վերջապես՝ ովքե՞ր են եղել այն տասնյակ քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր իրականացրել են ջարդարարությունը, հրկիզումները, թալանը, բախումների մեջ են եղել իրավապահ մարմինների հետ, որպիսի փաստը ֆիքսված է բազմաթիվ տեսանյութերով:
Եվ քանի դեռ այդպիսի հարցադրումները պարզաբանված չեն՝ ամփոփում կատարելու օբյեկտիվ հիմքեր, բնականաբար, լինել չեն կարող: