Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱՔԱՐ՝ ԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օգոստոս 28,2009 00:00

Աբովյան 17 հասցեում են ապրել գրող Կոստան Զարյանն ու ճարտարապետ Արմեն Զարյանը: Երեկ «Ճարտֆոնդ» բարեգործական հիմնադրամի եւ Ճարտարապետության թանգարանի նախաձեռնությամբ նույն հասցեում բացվեց գրող եւ ճարտարապետ Զարյանների հուշաքարը (հեղինակներ` Արա Զարյան եւ Աշոտ Գրիգորյան):

«Հուշաքարի պատրաստման եւ տեղադրման աշխատանքները կատարվել են բարեգործական հիմունքներով: Սա նվեր է բոլորիս կողմից Զարյան ընտանիքին»,- բացման խոսքում ասաց հուշաքարի համահեղինակ, ճարտարապետության թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

Գրող Զարյանի մասին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ասաց. «Ժամանակին Կոստան Զարյանը գրել է՝ սարսափելի բան է փոքր ազգի գրող լինելը, այն էլ՝ հայազգի: Երբ հետադարձ նայում ենք, թե այդ դառը պոռթկումն ինչ ակունքներ ունի, հիշում ենք անցած դարասկզբի մեր ժողովրդի անցած քաոսը, մեր ժողովրդի հետ կատարված աղետը, հասկանում ենք, որ այդ դառնության մեջ տեղ ունի Կոստան Զարյանի անձնական ոչ համարժեք գնահատության՝ նրա վիթխարի ստեղծագործական ժառանգության մինչեւ օրս ոչ լիարժեք գնահատելու եւ արժեւորելու խնդիրը: Զարյանը մեր գրականության համար ուշագրավ եւ ինքնատիպ երեւույթ է: Վեց լեզուներով ստեղծագործել է եւ հայերեն էլ սովորել է 25 տարեկան հասակում: Զարմանալի հայրենասեր, աստանդական կյանքով ապրած մտավորական, որը կարողացավ համաշխարհային մշակույթի շունչը բերել մեր գրականություն: Զարյանը եկավ Հայաստան երկու անգամ՝ 20-ականներին եւ 60-ականներին, եւ հայրենիքի նկատմամբ սերը մագնիսի պես պահեց նրան Հայաստանում: Վերադառնալով նրա դժգոհությանը, թե փոքր ազգերի գրող լինելը սարսափելի բան է, հուշաքարի բացումը թող դառնա մի նոր ապացույց, որ փոքրաթիվ ժողովուրդները մեծ են իրենց ազգային մեծություններով»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նկատեց. «Արմեն Զարյան ճարտարապետին պետք է երիտասարդ սերունդը ճանաչի թեկուզեւ այս փոքրիկ հուշաքարով: Հիշում եմ՝ ինչպես 1963-ին, երբ նա իր ամբողջ ինտելեկտուալ բագաժով՝ դրսում ուսուցանելուց հետո, վերադարձավ Երեւան, անմիջապես ընդունվեց «Երեւաննախագիծ» ինստիտուտ՝ կուտակած փորձը ներդնելով Երեւանի քաղաքաշինական խնդիրները լուծելու մեջ»:

Կոստան Զարյանի թոռ եւ Արմեն Զարյանի որդի՝ վենետիկաբնակ Արա Զարյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Զարմանալի էր, որ այստեղ բոլորը ճանաչում էին իմ հորը: Լինել մեկի թոռը եւ մյուսի զավակը՝ բավական դժվար է եւ պատասխանատու: Ինձ համար պարտավորություն էր Հայաստան ժամանելուս պես ինչ-որ մի բանով ֆիքսել նրանց հիշատակը այս քաղաքի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել