Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը մշակույթով է կանգուն

Օգոստոս 28,2009 00:00

Երիտասարդներն ու «Երկիր եւ մշակույթը»

Ժամանակին, երբ նույնիսկ պետականություն չենք ունեցել, երկիրը կանգուն է մնացել մշակույթի սյուների վրա: Այս գաղափարն է ընկած նաեւ 1977 թ. Ֆրանսիայում մի քանի նվիրյալ հայերի համատեղ ջանքերով ստեղծված «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության գործունեության հիմքում:

Այն ունի մասնաճյուղեր Ամերիկայում, Անգլիայում, Բելգիայում եւ Հայաստանում: Հայաստանյան կազմակերպությունն արդեն 20 տարեկան է: «Երկիր եւ մշակույթ» բարեգործական հ/կ-ն նպաստում է հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը, վերականգնում պատմամշակութային արժեքները, վերանորոգում եկեղեցիներն ու հուշարձանները, կառուցում նորերը, կազմակերպում ամառային ճամբարներ, որոնց մասնակիցները հիմնականում սփյուռքահայ երիտասարդ կամավորներ են: Նրանք գալիս են աշխարհի տարբեր երկրներից, ծանոթանում Հայաստանին, իրականացնում ճարտարապետական, գյուղատնտեսական ու հասարակական ծրագրեր: Շատերն առաջին անգամ են գալիս Հայաստան եւ այդ աշխատանքի ընթացքում ճանաչում հայրենիքը, հաղորդակցվում նախնիների ժառանգությանը: Նրանցից ոմանք այժմ տեղափոխվել եւ բնակվում են Հայաստանում: Ապրելով աշխարհի տարբեր երկրներում, սփյուռքահայերը կրել են այդ երկրների մշակութային ազդեցությունները: Հայրենիքը այն հողն է, որտեղ բոլորը՝ թե՛ հայաստանցի հայը, թե՛ ֆրանսահայը, թե՛ ամերիկահայը, թե՛ պարսկահայը, թե՛ պոլսահայը, թե՛ բեյրութահայն ու լիբանանահայը զգում են իրենց արմատների միությունը:

«Երկիր եւ մշակույթի» շնորհիվ Լոռիում վերանորոգվել է Գոգարանի Սբ. Աստվածածին եկեղեցին, Արագածոտնի մարզում կառուցվել է Դպրեվանի արեւային չորանոցները, վերանորոգվել է Տաթեւի Սբ. Մինաս եկեղեցին, Արցախում՝ Քարինտակի եկեղեցին, մշակութային կենտրոնը, դպրոցն ու մանկապարտեզը: Վերանորոգվել է նաեւ Սաղմոսավանքի վանական համալիրը, Տաթեւի դպրոցը եւ այլն: Ծրագրեր են իրականացվել նաեւ այլ երկրներում: Սիրիայի Քեսաբ հայկական գյուղում ստեղծվել է ազգագրական տուն, Իրանում վերանորոգվել է Սբ. Թադեի վանքը: Կազմակերպությունն իրականացնում է նաեւ «Հավատք եւ ժառանգություն» ծրագիրը: Այն 1999թ. սկսել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը եւ շարունակվում է՝ ամեն նոր սերնդի ներառելով հոգեւոր ու մշակութային արժեքների պահպանության մեջ: Կազմակերպվում են արշավ-ուխտագնացություններ, որոնց ընթացքում երիտասարդները մաքրում են եկեղեցիներն ու շրջակա տարածքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել