Ալավերդու հարկահավաքները տեղյակ չե՞ն ՀԴՄ կիրառման կանոններին
Օգոստոսի 25-ին Ալավերդու հարկային տեսչության աշխատակիցները «գրոհել» են քաղաքի «Հայպետշին» թաղամասի շուկան եւ միրգ ու բանջարեղեն վաճառող առեւտրականներից պահանջել են տեղադրել ՀԴՄ-ներ՝ մտնել հարկային դաշտ: Առեւտրականները դեմ են, դժգոհ ու ունեն դրա հիմքերը: «Ալավերդիում աշխատատեղ չկա, ժողովուրդը չի կարում շնչի, ժողովրդի ձեռքին փող չկա, որ գան մեզանից առեւտուր անեն»,- բացատրում էին առեւտրականները: «Ոչ մի միրգ կամ բանջարեղեն ապահովագրված չէ, երաշխիք չկա, որ չի փչանա՝ եւ ամբողջ արկղը կվաճառվի: Չգիտենք՝ դրա քանի տոկոսը կթափենք: Պարզվում է, դեռ մեր ներդրած գումարը չստացած, արդեն հարկ ենք վճարելու»,- ասաց առեւտրական Նոնա Չերչինյանը:
Հաշմանդամ ազատամարտիկ Ավետ Ալեքսանյանն էլ ասաց. «Ես գնում եմ բանջարեղենը եւ վերավաճառում, դրանով ընտանիքիս գոյությունը մի կերպ պահում: Ամեն գնելիս 100 կգ թափում եմ: Թող գան այդ թափած 100 կգ-ն ակտավորեն, նոր իրենց հարկը կվճարեմ»: «Սա էն աշխատանքը չի, որ ես կարողանամ ՀԴՄ վերցնեմ: Իմ ամբողջ բանջարեղենի արժեքով ես ՀԴՄ չեմ կարող առնել: Հարկայիններն ասում են՝ պարտքով վերցրեք, քիչ-քիչ մարեք: Իբր քիչ պարտքեր ունեմ: Մենք չենք հրաժարվում հարկից, թող ասեն՝ 5 հազար կենսաթոշակայինին, մի 5 հազար էլ մուծենք հարկայինին, բայց, չէ, պատադիր պետք է ՀԴՄ դրվի: Մենք հրաժարվում ենք ՀԴՄ-ից: Մուրացկան են սարքել ժողովրդին»,- ասաց Անահիտ Սիմոնյանը: «Հարկայինը մեկումեջ անելով է առեւտրականներին հարկային դաշտ ուզում մտցնել, մեկի եղբայրը ոստիկան է, մյուսինը… մենք էլ, որ թիկունք չունենք, 80 հազար դրամ ակտ է գրել, որ ի՞նչ: Ասում է՝ մտի հարկային դաշտ, բայց փտած ու հոտած ապրանքի հետ ինքը գործ չունի»,- դժգոհեց Անահիտ Աբրահամյանը: «Հարկային տեսչության աշխատողները 2007 թվականից մեզանից վերցնում են եկամտահարկի գումար: Ոչ հաշվի համար ունենք, ոչ՝ կոդ: Սկզբից 10 հազարական դրամ ենք մուծել, հետո՝ 5 հազարական: Հետո սկսեցին «մախինացիան», մեկից 3 հազար, մեկից հազար դրամ գումար շորթել: Էդ գումարը քնած ա: Էս տարվա փետրվար ամսին, երբ մեզ կրկին ՀԴՄ-ների համար նեղացնում էին, 19 հոգի հավաքվեցինք եւ ՀՀ վարչապետին բողոք ուղարկեցինք»,- ասաց առեւտրական Նորիկը: Առեւտրականները ներկայացրին վարչապետին հասցեագրված դիմումի պատասխանը, որը ստորագրել էր ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Պատասխանում նշվում է. «Ինչ վերաբերում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմանը, ապա, համաձայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ տարածքում կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կանխիկ դրամով կատարվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, մասնավորապես՝ առեւտրի իրականացման վայրերում (առեւտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում եւ ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի եւ այլ դեպքերի»:
Առեւտրականները արձանագրում են. վարչապետի պատասխանում շատ պարզ է գրված, իրենք գյուղատնտեսական արտադրանք վաճառողներ են եւ ՀԴՄ-ով աշխատելու օրենքի պահանջը իրենց չի վերաբերում: Բողոքավորները գիտեն, որ վարչապետի պատասխանի պատճենը հարկային տեսչությունում է, եւ մինչեւ օրս իրենց ոչ ոք ՀԴՄ տեղադրելու պահանջ չի ներկայացրել:
«Եվ երեկ, հանկարծ, ամբողջ հարկայինները թափվել էին շուկա: Մենք էլ հավաքվեցինք՝ էս կնանոնց հետ գնացինք հարկայինի պետ Նորիկ Այվազյանի մոտ: Մի կերպ ընդունեց: Ընդունեց, բայց չթույլատրեց ոչ մեկին բերանը բաց անի: Առեւտրական երկու Անոներին էլ քիչ էր մնում դուրս անի, յանի թե՝ շատ եք խոսում»,- պատմեցին առեւտրականները եւ ասացին, որ փողոցում անձրեւի եւ արեւի տակ կանգնած առեւտուր անող մարդուց պետությունը փող ուզելու իրավունք չունի: «Թող պետությունը մեզ աշխատանք տա, գնանք մարդավարի ապրենք»,- ասում են նրանք: