Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐՐՈՐԴՆ Է

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Ռոտերդամում մեկնարկած ձյուդոյի աշխարհի 26-րդ առաջնությունում (տղամարդիկ եւ կանայք) Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը մինչեւ 60 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի:

Սա անկախ Հայաստանի մարզական պատմության մեջ մարզաձեւի մեծահասակների աշխարհի առաջնությունում նվաճած առաջին մեդալն է:

Նվաճումը գյումրեցի մարզիկին հեշտ չտրվեց: Նախնական գոտեմարտերում Դավթյանը տարավ երեք հաղթանակ՝ արգենտինացի Դիեգո Ռոդրիգեսի, տաջիկ Ջամշեդ Խալիլովի, կուբացի Յասմանի Պիկերի նկատմամբ, զիջեց ճապոնացի Հիրոակի Հիրաոկային եւ մրցանակային տեղերի համար սփոփիչ գոտեմարտերում առավելության հասավ Պավել Պետրիկովի (Չեխիա) ու Վահիդ Սարլակի հետ պայքարում (Իրան):

Այս քաշային կարգում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես էր գալիս մեր հայրենակից Արսեն Գալստյանը, որը երկու հաղթանակից հետո պարտություն կրեց եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից:

Ցավոք, Հոլանդիայում ոչնչով աչքի չընկավ մեր հանրապետության մյուս առաջատար ձյուդոիստը՝ հրազդանցի Արմեն Նազարյանը: Նա հենց մեկնարկային գոտեմարտը տանուլ տվեց ուկրաինացի Սերգիյ Դրեբոտին եւ համալրեց հանդիսականների շարքերը:

Աշխարհի առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ռոտերդամում ընդհանուր առմամբ տատամի պետք է մտնի 100 երկրի 540 ձյուդոիստ, որից 332-ը մասնակցելու է տղամարդկանց, իսկ 208-ը՝ կանանց պայքարին:

Երեկ պայքարի մեջ ներգրավվեց մեր հանրապետության երրորդ եւ վերջին մարզիկը՝ մինչեւ 73 կգ քաշային Ռոբերտ Վարդանյանը: Ավաղ, նա, ինչպես Նազարյանը, հայ մարզասերին ուրախանալու առիթ չտվեց: Ռոբերտը նույնպես ի վիճակի չեղավ հաղթահարել ղազախստանցի Ռինատ Իբրահիմովի հետ մեկնարկային արգելքը եւ միանգամից դուրս մնաց պայքարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել