Եվ հաղթել տեղեկատվական պատերազմներում
Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող «Արմինկո» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը կարծում է, որ ինտերնետից օգտվողների փոքր թվով եւ բարձր սակագներով՝ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է: Մեր զրուցակիցը բարձր գնի պատճառը նախ տեսնում է երկրի ներսում. «Երկու ընկերությունները (Fibernet եւ ArmenTel- Լ. Խ.), որոնք ինտերնետ են մատակարարում, նշանակել են որոշակի գին, որը թանկ է ու չկա վաճառելու ենթակառուցվածք: «ԱրմենՏելն» ունի այդ հնարավորությունը՝ մեզ նման կազմակերպություններին այն տրամադրելու համար: Հանրային ծառայությունները կարգավորող օրենքում էլ նշված է՝ եթե հիմնարկությունն իր ենթակառուցվածքների մեջ ազատ տեղ ունի, ուրեմն պարտավոր է տրամադրել մյուսներին, բայց «ԱրմենՏելը» դա հաշվի չի առնում: Հետեւանքն այն է, որ ուրիշ տեղով ես տանում, բնական է՝ արժեքը թանկանում է: Ի՞նչ է նշանակում՝ ուրիշի ունեցվածքի վրա աչք ունե՞ս, դիր՝ գետինը փորի, քո համար գիծ քաշի: Եթե երկրում մեկը մի բան ունի ու չի ուզում ոչ թե նվեր տալ, այլ վաճառել մյուսին, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ… գերշահույթներ են ստանում, իրենց ձեռնտու է»:
Ա. Ալեքսանյանից հարցրինք՝ ո՞րն է պատճառը, որ հիմնականում վնասվում են հենց «Արմինկոյի» սերվերի վրա գտնվող կայքերը: Նա այսպես արձագանքեց. «Մեր կայքերը շատ են, դրանց նկատմամբ հետաքրքրությունը՝ մեծ: Բայց հիմնականում վնասվում են այն կայքերը, որոնց գաղտնաբառերը պարզ են, կայքեր էլ կան, որ տերեր չունեն: Ադմինիստրատորները չնչին աշխատավարձ են ստանում, մեկ ամիս կամ տարի աշխատում, փորձ են ձեռք բերում ու գնում Հայաստանից»:
«Արմինկոյի» տնօրենը զարմանում է հայկական կայքերի հարձակումներից առաջացած աղմուկից ու տեղեկատվական պատերազմ կոչվածը հստակեցնելով, նշում է. «Պետք է կարողանանք նյութ ուղարկել ու ստանալ: Նյութը պետք է այնքան գրագետ լինի, որ ով կարդա, սկսի մտածել: Բայց մենք ի՞նչ ենք տալիս, ովքե՞ր են մեզանով հետաքրքրվողները, մենակ թուրքե՞րը, ադրբեջանցինե՞րը, ուրիշ ոչ մեկին դա չի հետաքրքրում…»:
Ոլորտին առնչվող հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար «Առավոտը» զրուցեց նաեւ ԵՊՀ տեղեկատվական պատերազմներ առարկայի դասախոս Դավիթ Ալավերդյանի հետ: Ըստ նրա. «Մի շարք պետություններ միլիարդավոր դոլարներ են ծախսում տեղեկատվական պատերազմներում հաղթանակելու համար, որովհետեւ, երբ թնդանոթները լռում են, ուրիշ զենքեր են սկսում խոսել: Տեղեկատվական պատերազմում մենք մեր ունեցածը, ձեռքբերումները կորցնում ենք, իսկ մի ուրիշ երկիր իր «նավթային» դոլարների շնորհիվ հեշտությամբ տիրանում է դրանց: Ադրբեջանում կան հիմնադրամներ, օրինակ՝ «Հեյդար Ալիեւը», որը ղեկավարում է Ադրբեջանի առաջին տիկինը, հսկայական ծավալի գումարներ են ծախսում՝ դրանք ուղղելով պատմության կեղծմանը, տեղեկատվական գրոհներին: Փաստերն այնքան լավ են կեղծվում, որ հետադարձ ճանապարհ չի մնում»: Նրա բնորոշմամբ՝ ամենատարածված երեւույթն այն է, երբ պարտադրվում է, որ բնակչությունը իր տեղեկատվության մի մասը ստանա հակառակորդ երկրի կայքերից, ինչը, Դ. Ալավերդյանի կարծիքով, հաջողվում է անել մեր հարեւան երկրներին, եւ հայերի մի ստվար զանգված իրազեկվում է day.az-ից կամ նմանատիպ կայքերից: Դ. Ալավերդյանը փաստում է մեր երկրում օրենսդրական մի բացի մասին. ցանկացած ազգի ներկայացուցիչ կարող է ինտերնետով գումար վճարել եւ հայկական am գոտում կայք ունենալ: Մինչդեռ Ադրբեջանում վերահսկողություն կա, եւ ամեն ոք չի կարող az-ով կայք գնել: Օրինակ, ադրբեջանական xronika.am-ը հասցրեց մեր երկրին վնաս տալ՝ մինչ հայերը կհայտնաբերեին ու կհերքեին ապատեղեկատվությունը: «Մենք պետք է ադրբեջաներեն լեզվով կայքեր ստեղծենք, ինչը մեր հարեւանները լավագույնս օգտագործում են: Օրինակ՝ irevan-az.com ադրբեջանական կայքում, որը գործում է հայերեն ու ռուսերեն, տեղեկացվում է, որ հայերենով կարող են ունկնդրել Ադրբեջանի ձայնը՝ միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները՝ ուղղված Վերին Ղարաբաղին, հարեւան Հայաստանին: Կայքում տեղադրված է այն տեղեկատվությունը, որն ադրբեջանցիներին է ձեռնտու»,- նշում է մասնագետը: