Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ՞

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Չնայած ՎՊ աղմկահարույց ուսումնասիրություններին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ամուր կառչած է աթոռին:

Վերահսկիչ պալատի (ՎՊ)՝ մշակույթի նախարարությանը վերաբերող բացահայտումներից հետո, երբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին խնդրեցինք մեկնաբանել դրանք, ոչ միայն պետբյուջեից յուրացումների, չարաշահումների ու անարդյունավետ ծախսերի «մասով» նա իրեն մեղավոր չճանաչեց, այլեւ հայտարարեց, թե չի էլ պատրաստվում հրաժարական տալ («Հրաժարական չե՛մ տա», «Առավոտ», 09.07.09):

ՎՊ-ի այդ փաստաթղթի հրապարակումից գրեթե երեք ամիս անց նախարարությունը վերջապես տեղադրել է իր երկարաշունչ պարզաբանումները՝ պաշտոնական mincult.am կայքում: Հիշեցնենք, որ այս գերատեսչության զանազան ՊՈԱԿ-ներում ՎՊ-ն հայտնաբերել էր 24 մլն դրամի չարաշահում, նախարարության պահուստային ֆոնդում՝ 61,4 մլն-ի, հուշարձանների պահպանության ծրագրի դեպքում՝ 118,5 մլն-ի յուրացումներ եւ չարաշահումներ։ Նաեւ պարզել, օրինակ, պետբյուջեից «Սայաթ-Նովա» օպերան բեմադրելու համար տրամադրվել է 14,9 մլն դրամ, սակայն ոչ օպերան է բեմադրվել, ոչ էլ գումարը կա։ Անդրադարձ էր եղել վերականգնված Հնեվանքի խայտառակ պատկերին:

Նկատենք, որ նախարարության պատասխանում տեղ են գտել զվարճալի ձեւակերպումներ: Գրեթե չի պարզաբանվել, թե ինչպես են փոշիացվել պետական միջոցները, ուղղակի նկարագրվել է, թե որ հուշարձանն է մասնակի վերանորոգվել, որը՝ ամբողջությամբ, որի գումարն է քչություն արել եւ այլն:

Ասես բարի հումոր լինի, օրինակ, «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի արտադրության վերաբերյալ նախարարության պարզաբանումը. պարզվում է՝ ֆիլմի սցենարը եւ բյուջեն վերանայելու անհրաժեշտության մեղավորը միայն Ռուսաստանն է: Բայց եւ այնպես հայրենի նախարարությունը հուսադրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արմենֆիլմ» կինոստուդիայի օտարումից հետո հայկական կինոարտադրությունը հիմնովին զրկվեց մասնագիտական բազայից, այնուամենայնիվ՝ հայկական կինոն ավանդաբար շարունակեց ներկայանալ միջազգային ասպարեզում եւ դիրքավորվել»: Այնուհետեւ թվարկվում են Վ. Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմի հաջողությունները կամ ինչպես է տարվա լավագույն դերասանուհի ճանաչվել ՀՀ ԱԺ երիտասարդական խորհրդարանի կողմից՝ Ռուզան Վիթ Մեսրոպյանը: Ի դեպ, ՎՊ-ն այս բաները չի վիճարկում կամ հերքում, իրեն հետաքրքիր են անարդյունավետ ծախսերն ու չարաշահումները, ոչ թե կոնկրետ մարդկանց կոչումները, Գլենդելի քաղաքապետի կողմից տրված գնահատագիրը կամ որեւէ ֆիլմի մասնակցությունը այս կամ այն կինոփառատոնին:

Նախարարության պատասխանի մի հատվածում էլ դասախոսության կոնսպեկտի տեսքով ձեւակերպվում է՝ ինչ ասել է պետպատվերով տպագրված գրականություն: Նախարարությունն էլ հարկ է համարում իր հերթին ներկայացնել սեփական «բացահայտումը». «Գրքի վաճառքին խոչընդոտող հանգամանք է նախկինում գրավաճառ ցանցի սեփականաշնորհումը, ինչի հետեւանքով գրախանութների հիմնական մասը վերածվել է այլ բնույթի վաճառակետերի: Նախկին 67 գրախանութներից այսօր Երեւանում գործում է ընդամենը 10-11-ը: Ավելի վատթար է վիճակը մարզերում»: Փաստորեն, ոչինչ, ըստ էության: Նշվում է նաեւ, թե այս տարվա ապրիլի 23-ին ինչպես են փառք ու պատվով առաջին անգամ Հայաստանում նշել Գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրը, կազմակերպել գրքի ցուցահանդես-տոնավաճառ: Դարձյալ անհասկանալի է, թե ինչքանո՞վ է դա ՎՊ բացահայտումները հերքում:

Մշակույթի նախարարության պարզաբանումների մեջ խոսվում է 2008թ. մարտ-մայիս ամիսներին «Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի» կողմից ՀՀ մարզերում գործող երաժշտական արվեստի եւ գեղարվեստի դպրոցներում վարպետության դասերի, աշակերտների եւ երիտասարդ կատարողների համատեղ համերգների կազմակերպման եւ անցկացման, ինչպես նաեւ այդ ամենի արդյունքում 562.3 հազ. դրամի չափով գործուղումների մասին: Մի զվարճալի փաստ եւս, ըստ mincult.am-ի, «Համաձայն հիմնադրամի ներկայացրած տեղեկանքի, իրականում գործուղումներ եղել են ու թեեւ գործուղման վկայականներ չեն ձեւակերպվել, սակայն գործուղման վերաբերյալ կազմակերպությունը ունի հրամաններ»: Միեւնույն ժամանակ, նախարարությունը խոստանում է, որ «առանց գործուղման հրամանի նախարարության աշխատակցին նախարարությունից ստացած հիմնական աշխատավարձից բացի վճարված 379.0 հազ. դրամը կվերականգնվի պետական բյուջե»: Նախահաշվով նախատեսված 720 դրամի փոխարեն 4000-ական դրամ օրապահիկի տարբերությունը, որ կազմում է 157.4 հազ. դրամ, նույնպես վերադարձվելու է պետական բյուջե:

Այս նախարարությունում տարածված է աշխատանքային տուրիզմը: Բազմիցս ենք նշել, թե ինչպես են նախարարի յուրայինները ճամփորդում կամ արտերկրում որակավորվում ու վերաորակավորվում պետության հաշվին: Ի դեպ, նրանցից մեկը՝ արվեստի բաժնի պետը, որը սկզբում չկայացած մամուլի քարտուղար էր, չնայած վերջերս ազատվել էր դիմումի համաձայն, կրկին վերադարձել է հարազատ նախարարություն:

Դառնալով գործուղումներին, փաստենք, որ նախարարության տեղեկանքում անդրադարձ կա դրանցից մեկին. «Նախարարության աշխատակազմի 5 աշխատողների, 2008թ. դեկտեմբերի 30-ից 2009թ. հունվարի 6-ը ներառյալ, վճարվել է 221.9 հազ. դրամ գործուղման ծախս: Դրա վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը… Նախարարության աշխատակազմը, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, կշտկի ՀՀ վերահսկիչ պալատի ստուգող խմբի նշած թերությունը եւ 221.9 հազ. դրամ գումարը կվերականգնվի պետբյուջե»: Փորձ է արվել պատասխանել, թե ինչ է պատահել Երեւանի մշակույթի պետական քոլեջին տրամադրված գումարի հետ, որը պիտի օգտագործվեր Բագրատունյաց 37 հասցեում գտնվող այդ հաստատության շենքի վերանորոգման նպատակով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերականգնման ենթակա գումարն ի վերջո պետք է ուղղվի շենքի վերանորոգման աշխատանքների թերությունների վերացմանը (ներառյալ աշխատանքների չկատարված մասի կատարմանը), նախարարությունը նպատակահարմար է գտնում, գումարի վերականգնման փոխարեն, վերանորոգման աշխատանքները կատարած կազմակերպությունը ապահովի թերությունների շուտափույթ եւ անվճար վերացումը»:

Նախարարությունը «վիզ է վերցրել», որ, օրինակ, «2007 թ. «Զանգեզուր» ՓԲԸ-ի հետ կնքված հուշարձանների վերականգնման աշխատանքների պայմանագրերով եւ ընդունված աշխատանքների ակտերում իսկապես տեղ են գտել որոշակի անճշտություններ՝ շահույթի, չնախատեսված ու պահեստավորման ծախսերի եւ տրանսպորտային ծախսերի հաշվարկներում: ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հաշվարկված 5558.43 հազ. դրամ գումարը կվերականգնվի»:

Հնեվանք համալիրի եւ Քոբայրավանքի վերականգնմամբ զբաղվող «Գուգարք» ՓԲԸ-ի մասին էլ նախարարության պատասխանում նշվում է. «Գուգարք» ՓԲԸ-ում ներկայիս ստեղծված իրավիճակը հիմնականում հետեւանք է նախարարության ենթակայության ՓԲԸ-ներում ֆինանսատնտեսական պատշաճ վերահսկողության կազմակերպման վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի հրամաններով սահմանված վերստուգման աշխատանքների ոչ լրիվ ծավալներով ու ոչ պատշաճ կատարման, ինչպես նաեւ այդ աշխատանքներում տեղ գտած թերությունների ու բացթողումների»:

Այսքան գերածախսերի կամ անարդյունավետ շռայլումների կողքին մշակույթի նախարարությունը գոնե մեկ տնտեսում կարողացել է հաջողացնել. Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերայի բեմադրությունից առաջացած ծախսերի 3884.8 հազ. դրամի տնտեսումն ուղղել է «Վարդանանք» եւ «Տանգո» բալետային ներկայացումների ստեղծմանը:

Չնայած այս ամենին, նախարար Հասմիկ Պողոսյանը ամենուր փաստարկելով իր «մշակութային» անմեղությունը՝ մտադիր չէ հեռանալ: Մյուս կողմից էլ, ունենալով զորավոր կապեր, նա ճարահատ խոստանում է վերականգնել բյուջեին հասցված վնասի մի մասը, քանզի կատարվածի վրա այլեւս անհնար է աչք փակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել