Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը դժգոհ է գազատարից

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Վրաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել գազատարի բացման դեմ, որը կապույտ վառելիքը տեղափոխելու է Հյուսիսային Օսեթիայից դեպի Ցխինվալի: «Ռուսաստանի ու նրա ընկերությունների գործունեությունը Վրաստանի տարածքում, առանց վերջինիս համաձայնության, այդ թվում՝ գազատարի կառուցումը եւ դրա հետագա շահագործումը, ուղղակիորեն հարվածում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: Նախարարությունում գտնում են նաեւ, որ գազատարի շինարարությունը հակասում է Վրաստանի սահմանադրությանը:

BBC-ն հիշեցնում է, որ օգոստոսի 26-ին գազատարի բացման արարողությունը մասն էր կազմում Հարավային Օսեթիայի անկախության մեկ տարվան նվիրված հանդիսությունների: «Գազպրոմի» ներկայացուցիչները նշեցին, որ գազատարի շինարարությունը շատ յուրօրինակ էր տեխնիկական տեսակետից եւ կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձր լեռնային գազատար: Ճանապարհի ուղիղ կեսը գազատարն անցնում է ավելի քան 1500 մետր բարձրության վրա՝ բարձր սեյսմունակության, սողանքների պայմաններում: Ռադիոկայանը ավելացնում է նաեւ, որ Հարավային Օսեթիան գրեթե ամբողջությամբ կախված է ռուսաստանյան դոտացիաներից, հետեւաբար, խոսք անգամ չի կարող լինել այդ նախագծի կոմերցիոն բաղադրիչի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել