Օրերս արեւմտյան քաղաքագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել մի նամակ, որը տպագրվել էր դեռեւս հուլիսի 16-ին: Այդ նամակի տակ ստորագրել են Արեւելյան Եվրոպայի մի շարք նախկին ղեկավարներ: Հայտնաբերված փաստերը ցույց են տալիս, թե ինչպես են իրականում լույս աշխարհ գալիս նման կոլեկտիվ նամակները: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, ամերիկացի հայտնի լրագրող Ջեկոբ Հեյլբրունը ամերիկյան ամսագրերից մեկում լույս տեսած հրապարակման մեջ փորձում է ապացուցել, որ իրականում նամակը պատրաստվել է «Մարշալի» հիմնադրամի «Գերմանիա-ԱՄՆ» հիմնադրամում, եւ այն արտահայտում է ոչ այնքան արեւելաեվրոպական պաշտոնաթող գործիչների, որքան հենց ամերիկյան պահպանողական շրջանակների մտահոգությունը: Նամակի հեղինակները մեղադրել են Բարաք Օբամային՝ ամերիկյան նախկին վարչակազմերի ժամանակ հաստատված՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների ավանդույթներից: Նրանց կարծիքով, ԱՄՆ-ը տարածաշրջանում գնալով կորցնում է իր դիրքերը՝ Ռուսաստանի ավելի ու ավելի ագրեսիվ քաղաքականության ֆոնի վրա:
Նամակի տակ ստորագրողների թվում են Ալեքսանդր Կվասնեւսկին, Լեհ Վալենսան, Վալդաս Ադամկուսը, Էմիլ Կոնստանտինեսկուն, Վացլավ Հավելը, Միխալ Կովաչը: Նրանք կոչ են անում Օբամային՝ ավելի վճռական քաղաքականություն անցկացնել Ռուսաստանի հանդեպ, ինչպես նաեւ՝ անպայման տեղադրել Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության օբյեկտներ: