Արդեն 12 տարի «Մայր եւ մանուկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ անապահով ընտանիքների երեխաները ամառային հանգիստն անցկացնում են քաղաքից դուրս: Կազմակերպության նախագահ Ամալյա Ասոյանի հավաստմամբ, այս տարի մասնակիցների համար տասնօրա հանգիստն առանձնահատուկ էր հատկապես ճամբարային հագեցած գրաֆիկի շնորհիվ. սպորտային նոր խաղեր ու արշավներ Ծաղկաձորում եւ Հանքավանում: Խաչատրյան Մարինան ճամբարի ամենամյա մասնակիցներից է. «Ամեն տարի նոր ընկերներ եմ ձեռք բերում, շատ եմ սիրում ճամբարային կյանքի հատկապես երեկոները, երբ ճամբարի բոլոր մասնակիցներով հետաքրքիր խաղեր ենք կազմակերպում կամ բնության գրկում զրուցում ենք»: Ճամբարական Սամվել Շահգելդյանն էլ ամենաշատը սիրում է խարույկի շուրջ ճամբարականներով հավաքվելը: Հանգստի ընթացքում նա Ծաղկաձորում անծանոթ ու հետաքրքիր վայրեր է բացահայտել: Մանուկների հետ այս տարի ճամբարին մասնակցում էին նաեւ տարեցներ. տիկին Կիման իր պատանեկությունն ու երիտասարդությունը Ծաղկաձորում է անցկացրել. «Հիսուն տարի անց նորից այստեղ եմ, ամեն ինչ ինձ հիշեցնում է իմ ճամբարային կյանքը»:
Եթե նախորդ տարիներին ճամբարականների թիվը հասնում էր 450-ի, այս տարի մասնակիցներն ընդամենը 40-ն էին. իսկ 20-օրյա հանգիստն էլ կրճատվել է 10 օրով: Տիկին Ասոյանի մեկնաբանմամբ, այս տարի ֆինանսական ճգնաժամն ազդել է նաեւ իրենց նախաձեռնության վրա: Ճամբարը կազմակերպելու գործում այս տարի աջակցել են մշակույթի, տրանսպորտի նախարարությունները եւ պետական այլ գերատեսչություններ: Ճամբարային վերջին օրերին երեխաները հանգիստը տոնի էին վերածել. երգով, պարով ու թատերական ներկայացումներով հրաժեշտ էին տալիս «Օլիմպոս» ճամբարին: