Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ կարիքով երեխաների «Լուսաբացը»

Օգոստոս 28,2009 00:00

Կառավարության փոխարեն՝ Բաց հասարակության ինստիտուտն է կազմակերպում նրանց հանգիստը

\"\"
Պարում են հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաները:

Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում օգոստոսի 8-ից հանգստանում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները: Երեւանի թիվ 2, խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թիվ 8, հենաշարժողական համակարգի խանգարումներ ունեցող երեխաների թիվ 17, լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցների շուրջ 120 երեխա Հանքավանում 20-օրյա հանգիստ է վայելում՝ Բաց հասարակության ինստիտուտի իրականացրած ծրագրի շրջանակներում: Մինչ այդ այսպիսի ծրագիր իրականացվում էր ՀՀ կառավարության աջակցությամբ, սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամին հղում անելով՝ այս տարի ծրագիրը կասեցվել է: Մեր այն հարցին, թե ճգնաժամն արդյո՞ք արդարացում է, լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի, ճամբարի տնօրեն Աշոտ Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Ճգնաժամը ոչ մի բանի համար արդարացում չէ: Սկզբում ասացին, որ սոցիալական ներդրումներից պիտի կրճատվի, հիմա սպասում ենք, որ դեռ դպրոցների վրա էլ պիտի ճգնաժամն ազդի: Այսօր խուլ հասարակությունը դուրս է մնացել տեսադաշտից: Աշխատանք գտնելը նրանց համար լուրջ խնդիր է, եթե առաջներում կոմբինատներ են եղել, ապա այսօր դրանք չկան, ուստի այդպիսի խնդիրներ ունեցող մարդիկ հոգատարության կարիք են զգում»:

Երեւանի լսողական խանգարումներ ունեցող հատուկ կրթահամալիրի փոխտնօրեն Նադեժդա Եղիազարյանը, ներկայացնելով ճամբարի առօրյան, ասաց. «Երեխաները բավականին մերվել են իրար հետ, նրանց հետ հանգստանում էին նաեւ հայորդաց տան սաներ, ուստի հատուկ կարիքով երեխաները շփվում էին նաեւ հանրակրթական դպրոցների երեխաների հետ: Շփումն այնքան ինքնաբուխ էր ստացվում, որ լսողության խանգարում ունեցող երեխաներին մանկավարժների կարիք քիչ էր զգացվում: Երեխաները միմյանց սովորեցնում էին շփման ուղիներ»: Օրինակ՝ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ դպրոցի սան, 12-ամյա Նարեկը ժեստերի լեզվով կարող է ասել՝ «Ես քեզ սիրում եմ», ենթարկվել ճամբարի կանոններին, տանգոյի հրավիրել աղջկան, ասել՝ «սիրուն աղջիկ»: Իսկ տպավորություններից առաձնացրեց «Ձեզ տեսնենք տղաներ»-«Ձեզ տեսնենք աղջիկներ» մրցույթի ժամանակ ունեցած ուրախ հիշողությունները. «Ես պետք է աղջիկներին դիմահարդարում անեի, քսվացնեի, ու դա շատ ծիծաղելի էր»: Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սան Գրիգոր Կուրոյանն էլ է գոհ ճամբարից, հիշողություններից առանձնացրեց ֆուտբոլային խաղը. «Մի անգամ ֆուտբոլ խաղալիս կռվեցինք խոսողների հետ: Պատճառն այն էր, որ նրանք շատ խորամանկ էին, մեկ-մեկ ձեռքով էին խաղում: Բայց ի վերջո մեզ հաղթեցին»: Հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի սան Մարիամ Այվազյանն էլ ասաց. «Խոսել չկարողացող երեխաների հետ սկզբում դժվար էր շփվելը, բայց հետո կարողանում էինք հասկանալ իրար, մենք էինք բարձր խոսում, ձեռքերն էինք օգտագործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել