Կալիֆոռնիայի դատարանի վճիռը՝ հօգուտ թուրքերի՞
«Եթե օգոստոսի 20-ին ԱՄՆ շրջանային դատարանի՝ ցեղասպանության զոհերի հարազատների իրավունքների մասին օրենքի բեկանումը մնա անփոփոխ, թուրքերն այն կօգտագործեն հօգուտ իրենց շահերի»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում այս համոզմունքն է հայտնել «Հայ դատի» քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա համոզմամբ, թուրքերն այս հնարավորությունը կօգտագործեն դատական վճռով չեղյալ համարելու ԱՄՆ 39 նահանգների՝ ցեղասպանության ճանաչման փաստը եւ նույնիսկ հավանական է, որ արգելեն Կոնգրեսին հետագայում ցեղասպանությունն ընդունող բանաձեւ ընդունել: Պարոն Մանոյանը վճռի բողոքարկման երեք տարբերակ է տեսնում. «Պահանջել նոր դատավարություն եւ փոխանակ երեք դատավորով հարց քննել ընդգրկել այլ դատավորների եւս, հնարավոր կերպերով ապահովել նոր վճիռների ընդունում՝ առանց այս որոշումը նախադեպ ճանաչելու, իսկ հաջորդը՝ եթե այս երկու քայլերը ձախողվեն, դիմել Սահմանադրական դատարան»:
ԱՄՆ դատարանի վճիռը, Մանոյանի համոզմամբ, անհեթեթ է, 29 դատավորից երեքն են վճիռ կայացրել, երկու գործընկերների տեսակետին չի համաձայնել երրորդը եւ հանդես է եկել հակառակ փաստարկներով. նա չի մասնակցել դատական լսումներին, բայց փոխարենը մասնակցել է վճռի ընդունմանը: Օրենքը դատավորները հակասահմանադրական են համարել՝ մեկնաբանելով, որ ԱՄՆ նախագահը չի ընդունել ցեղասպանության փաստը, հետեւաբար արգելվում է նահանգներին ճանաչել այն, վերաքննիչ դատարանը հարցականի տակ է դրել ԱՄՆ մյուս 39 նահանգների կողմից ընդունված ցեղասպանության փաստը: Կիրո Մանոյանի համոզմամբ, տրամաբանությանն ավելի մոտ է երրորդ՝ վճռին դեմ եղող դատավորի փաստարկները. վերջինիս մեկնաբանմամբ, ԱՄՆ նախագահները երբեւէ նահանգներին չեն արգելել 1915թ. կատարվածն ընդունել, հակառակ դեպքում՝ նրանց կողմից համապատասխան հայտարարություն կարվեր. այլ հարց է, որ նրանք խուսափել են իրենց ելույթներում «ցեղասպանություն» բառի օգտագործումից:
Վճռի ընդունման գործում, Կ. Մանոյանի կարծիքով, կա նաեւ Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի թերացումը: Քաղաքագետի խոսքով, «Հայ դատի» առաջիկա գործունեությունը պետք է հարցի հստակեցմանն ուղղված լինի. «Պետք է ակնհայտ դարձնել, որ ԱՄՆ նախագահների՝ «ցեղասպանություն» բառի օգտագործումից խուսափելը չի նշանակում արգելել որեւէ նահանգի ճանաչել փաստը»: Բանախոսի հավաստմամբ, ամերիկյան հանձնախումբն արդեն նամակ է ուղղել ԱՄՆ նախագահին՝ խնդրելով պարզաբանել հարցը:
Վերջերս ասուլիս տված Կ. Մանոյանը չհամաձայնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի այն համոզմունքին, թե ԱՄՆ դատարանի վճռի կայացման գործում մեծ դեր են ունեցել ԱՄՆ-ում թուրքական լոբբիստական կազմակերպությունները: «Թուրքական լոբբին ուղղակիորեն կապ չունի այս որոշման հետ, բայց Թուրքիայի դեսպանատունը անցյալ տարի դիմել է դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել օրենքը»,- ասաց քաղաքագետը: Նա լավատեսորեն չցանկացավ համաձայնել, թե Կալիֆոռնիայի դատարանի որոշումը ԱՄՆ-ի կողմից հայ-թուրքական հարաբերությունները ճնշելու եւս մի փորձ էր: «ԱՄՆ-ի ճնշումը երկու երկրների հարաբերությունների վրա, կա՝ անկախ այս որոշումից»,- հավաստիացրեց Կ. Մանոյանը: