Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՐԵՎԸ

Օգոստոս 28,2009 00:00

Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ, անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի լռության մեջ ապրող բառերը: Չգիտեմ, ե՞ս եմ կորցրել ստվերս, թե՞ ստվերս՝ ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը, քանի որ ժամանակը խորը նիրհի մեջ է, քանի դեռ շարժում չկա: Չնայած որ անձրեւը, միեւնույն է, շարունակվում է այս տարաշխարհիկ ամռան մեջ:

Այնինչ, կարծես թե կար ժամանակ, երբ մութի մեջ տեսնում էի սեփական ստվերս. հիմա լույսի մեջ կորցրել եմ ու չեմ գտնում ստվեր տանող ցանկալի ճանապարհը: Գուցե ճանապարհն է ինձ մոռացել եւ, տանելով ստվերս, ինձ թողել է ճամփին՝ կարծելով, թե ինձ է տարել: Այնինչ Ատլանտյան օվկիանոսի ջրերը հստակ հիշում են վիկինգներին, Կոլոմբոսի նավերը, ինչպես լեռներում կորած լիճն է հիշում չվող ամպերին: Եվ կեսգիշերային այս համատարած անձրեւի տակ ուզում եմ հիմա արթնացնել իմ հիշողությունը, որ իրենով լցնի օրերի դատարկությունը շարունակվող եւ, սահման դնելով խոսքին ու լռությանը, մի դեպք պատմի իմ կյանքի մասին, որովհետեւ կարծես թե անդառնալիորեն կորցրել եմ ջրերի լեզուն եւ չժանգոտվող համը կողպեքի, որից այն կողմ գաղտնիքն է Մեծ՝ միակ փակ եւ քառասունինը բաց դռների: Հուսահատ փորձելով վերադարձնել գաղտնիք-բանալին, որը կարծես թե ինձ խոստացված էր իմ ծննդյան օրվանից, բայց որը երբեք իմը չէր եղել: Դժվար է, անշուշտ, որ օրենքն ու շնորհը իրար հետ հաշտ չեն, ինչպես լույսն ու ստվերը, ինչպես հաշտ չեն անանձնական եւ անձնական հաշիվները: Երբ երկրի ճակատագրի շուրջ բանավեճեր են, կորցնում են առարկան եւ քննում միայն մոտիվները՝ նորից բաժանելով ստվեր ու մարմին՝ մոռանալով, սակայն, որ կորցվելիք առարկան Հայրենիքն է, որը տեսել ու արդեն ճանաչել է իր նոր եկածին, ով կզգուշանա բառարանի լռությունից եւ կմիավորի մարմինն ու ստվերը, քանի որ Հայրենիքն այնտեղ է, ուր մարմինն ու ստվերը միասնական են եւ ԵՆ միաժամանակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել