Լրահոս
Օրվա լրահոսը

Հետ տվեք մեր հողերը

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Օրերս սկսվել է իրագործվել 2005-ին ՀՀ կառավարության ընդունած մի որոշում, ըստ որի՝ այն համայնքները, որոնք ունեն հողակտորներ, բայց դրանք վարչական սահմաններին կից չեն, տրվելու են այն համայնքներին, որոնց վարչական սահմաններին կից են: Այս առիթով, երեկ կառավարության շենքի առաջ Ապարանի Շենավան գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «Մի վերցրեք մեր սարը», «Սարն ամենքիս է հավասար» ցուցապաստառներով: «Ա1+» լրատվական գործակալության փոխանցմամբ, ապարանցիները մտավախություն ունեն, որ այլեւս չեն կարողանալու զբաղվել միակ եկամտաբեր գործով՝ անասնապահությամբ, քանի որ. «Մենք ունենք մեկ հողակտոր, որը մեր համայնքի վարչական սահմանին կից է, իսկ մնացած 6-ը մեզանից տարանջատված է: Մնում ենք 668 հա տարածքի վրա, որտեղ հնարավոր չէ զբաղվել անասնապահությամբ: 200 տարի է՝ մեր պապերից այդ սարը հասել է մեզ, հիմա այդ սարը ուզում են տալ այլ գյուղի՝ Վարդենուտին»:

Նշենք, որ գյուղն ունի 400 տնտեսություն, 2000 բնակիչ:

Շենավանի բնակիչ Զոհրաբ Աթեյանի խոսքերով էլ՝ «Մեզ զրկում են անասնապահությամբ զբաղվելուց, իսկ այդ դեպքում ավելի լավ է գյուղն էլ վերացնեն, դրանով քիչ թե շատ կարողանում էինք ընտանիք պահել եւ դա է մեր տան եկամտի միակ աղբյուրը: Իսկ հիմա չգիտենք ինչ է լինելու»:

Շենավանի բնակիչները խմելու համար օգտագործում են Արագած սարից եկող ջուրը եւ մտավախություն ունեն, որ եթե սարը տրվի վարդենուտցիներին, իրենք ջրից էլ կզրկվեն:

Հավաքվածներին ընդունեց կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա ներկաներին խորհուրդ տվեց գրագետ նամակ գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ե՛ւ գյուղապետի, ե՛ւ գյուղացիների անունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել