«Աշխատանքի իրավունքի իրականացումը կարեւոր է հաշմանդամի ֆինանսական անկախության, ինչպես նաեւ նրանց ինքնադրսեւորման համար»,- սա զետեղված է «Ունիսոն» հ/կ-ի հիմնադրած «Իրացրու՛ աշխատանքի քո իրավունքը» (www.jobs.disability.
am) կայքէջի սկզբնամասում: Երեկ այս կայքի շնորհանդեսն էր, որի ժամանակ «Ունիսոն» կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանն ասաց, որ կայքը մշակվել է աշխատանք փնտրող հաշմանդամներին աջակցելու նպատակով. «Այսօր Հայաստանում աշխատունակ հաշմանդամների միայն 8%-ն է ապահովված աշխատանքով: Մենք սերտորեն համագործակցում ենք «VivaCell-MTS» ընկերության հետ, որտեղ արդեն աշխատում են հաշմանդամներ»: Կայքում աշխատանք փնտրողների համար տեղադրվել են պրակտիկ խորհուրդներ, ինչպես նաեւ հարցազրույց անցնելու եւ ռեզյումե (CV) կազմելու մասին ինֆորմացիա: Աշխատանք փնտրող բոլոր հաշմանդամներին խորհուրդ է տրվում գրանցվել կայքում, ինչը բարձրացնելու է աշխատանք գտնելու նրանց շանսերը։ «Որոնման հարմարավետ համակարգի օգնությամբ, գործատուները կարող են գտնել իրենց պահանջներին համապատասխանող թեկնածուներին»,- ասում է Ա. Ալավերդյանը:
Նշենք, որ կայքը մշակվել է «Հավասար հնարավորությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում իրագործվում է 2006 թ. հոկտեմբերից: