Սեպտեմբերի 2-ից Վերահսկիչ պալատը ստուգումներ կանցկացնի 3 խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Արթիկում, Մարալիկում, Շիրակի մարզպետարանում ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի քանի գյուղական համայնքներում:
Այս լուրը շիրակցի համայնքապետերին երեկ անձամբ հաղորդեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա, այցելելով մարզ, Շիրակի մարզպետարանում խոսեց այն 21 հարցերի մասին, որոնք դառնալու են իր գլխավորած կառույցի ուսումնասիրման առարկան: Պաշտոնյան շեշտեց, որ այստեղ՝ որպես աղետի գոտի, հատուկ ուշադրության են արժանանալու նաեւ բնակարանային ֆոնդի հաշվառման գործընթացը, հատկապես անօթեւան դարձած ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը ու անօթեւանների ցուցակը: «Պետք է նայենք, թե արդյո՞ք ճիշտ են իրականացվել այս գործընթացները, եւ եթե սխալներ կան, դրանց մասին պիտի խոսենք բարձրաձայն: Սա պլյուս է այն 21 հարցերին, որոնք պարտադիր պիտի ուսումնասիրենք»,-նախազգուշացրեց Ի. Զաքարյանը: Եվ մինչ Վերահսկիչ պալատի նախագահը թվարկում էր հարցերի ցանկը, մարզպետարանի դահլիճում նստած գյուղապետերը հերթով սփրթնում էին: Ի. Զաքարյանը մասնավորապես հիշեցնում էր, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրման թեման դառնալու են 2007, 2008 եւ 2009 թթ. համայնքների բյուջեները, ավագանու այն որոշումները, որոնցով ֆինանսական օգնություններ են հատկացվել անապահով մարդկանց, գույքահարկի ու հողահարկի արտոնություններ են տրվել համայնքի բնակիչներին, ստուգվելու են նաեւ անշարժ ու շարժական գույքի օտարումները, վարձակալությունները, հողերի սեփականաշնորհման ու վարձակալման գործընթացները, համայնքների բյուջեներին հատկացվող պետական դոտացիայի օգտագործումը, սոցիալական ծառայությունը, առողջապահական հիմնարկները, դպրոցները, համայնքների հաստիքացուցակը: «Սա մենք բավականին կարեւորում ենք, քանի որ մեր փորձը ցույց է տվել, որ կան համայնքներ, որտեղ հաստիքներ են պահվում, բայց բացարձակապես դրանց կարիքները չկան, օրինակ՝ Սյունիքի մարզի մի համայնք նայեցինք, ընդամենը մի 70-80 մարդ էր ապրում, բայց համայնքի ղեկավարն ուներ 12 հաստիք, մեկը խորհրդական էր, մեկը՝ օգնական, կար նաեւ 2-րդ օգնական, գործավար ու միաժամանակ քարտուղարուհի: 11 հաստիքների կեսը, կոպիտ ասած, սպասարկում էր համայնքի ղեկավարին: Վերահսկիչ պալատի նախագահն ունի մեկ օգնական, մի խորհրդական»,- ասաց Ի. Զաքարյանը: Ստուգումները դեռ չսկսած՝ նա համոզմունք հայտնեց, որ Շիրակում եւս անպայմանորեն արձանագրվելու են հողերի առուվաճառքի հետ կապված խնդիրներ ու որպես օրինակ բերեց Արմավիրի մարզի Փարաքար, Արգավանդ գյուղերը, որտեղ «ֆանտաստիկ» գներ ունեցող հողերի 1 քմ-ն վաճառվել է 5-6-7 դրամով:
«Ամեն անգամ մեզ ասում էին, գիտե՞ք ինչ կա, օրենքը մեզ թույլ է տալիս, որպեսզի ավագանին որոշում կայացնի եւ վաճառի, մենք էլ ասում էինք՝ շատ լավ, եթե էդ նույն ավագանին որոշում է կայացնում եւ 5 դրամով է վաճառում, էդ դեպքում եկեք մի հատ հասկանանք, նույն տեղը, նույն էդ հողի կողքի հողի շուկայական արժեքը ենթադրենք 100-120–150 հազար դրամ է, 1 քմ-ն էդ ո՞նց եղավ, որ 5 դրամ դարձավ, կամ ո՞նց ստացվեց, որ նույն ավագանին որոշում կայացրեց էսօր ենթադրենք ինչ-որ մի հողակտոր վաճառել 3 միլիոն դրամով ու մեկ ամիս հետո էդ նույն հողակտորը վաճառվում է մեկ ուրիշի՝ 15-20 կամ 30-40 միլիոն դրամով, ո՞ր տրամաբանությամբ»,- ասաց ՎՊ նախագահը՝ նստածներին համոզելով, որ պալատի առաքելությունը միայն տուգանելը չէ, այլ օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու համար առաջարկություններ անելը: «Շատ-շատ դեպքերում օրենքն է թույլ տալիս, որ խախտումներ կատարեն, ժողովրդական լեզվով ասած՝ երբեմն օրենքը կարել են իրենց հագին համապատասխան»: Լրագրողները հարցրին, թե ի՞նչ կասի ՎՊ նախագահն իր կառույցի հասցեին հնչող այն քննադատություններին, թե չնայած բացահայտումներին՝ պետական պաշտոնյաները ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում: «Էդ քննադատությունները Վերահսկիչ պալատին ուղղված չեն, Վերահսկիչ պալատն իր գործն է կատարում, մեր աշխատողները վերստուգողներ են, որոնք ստուգում են պետական բյուջեի ունեցվածքը, ֆինանսները եւ այլն: Վերահսկիչ պալատի աշխատողները ոչ դատավորներ են, ոչ քննիչներ, ոչ էլ դատախազներ, որ մեղադրանքն իրենց ուղղվի: Վերահսկիչ պալատն արդեն 10 գործ ուղարկել է Գլխավոր դատախազություն, 8 գործով հարուցված է քրեական գործ»,- ասաց պարոն Զաքարյանը: Կոնկրետ ի՞նչ գործերի մասին է խոսքը, հետաքրքրվեցինք մենք: Ըստ պաշտոնյայի, մի քանի քրգործեր հարուցվել են Գեղարքունիքի մարզում կատարված ստուգումներից հետո, 1 գործ՝ Արմավիրից, 2 գործ հարուցվել է գետերի հուների մաքրման ծրագրերի հետ կապված, 2-ն էլ՝ մանկական խնամակալական կազմակերպություններին բնակարաններով ապահովելու ծրագրերի առնչությամբ: Իսկ որոշ մարզպետների այն հակաճառումներին, թե ՎՊ-ի հայտնաբերած խախտումներն իրականությանը չեն համապատասխանում, Ի. Զաքարյանն ասաց. «Այս մեկուկես տարվա մեջ շատ ենք լսել, որ իմ հայտարարություններից անմիջապես հետո այս կամ այն պետական պաշտոնյան հայտարարում է, որ էդպես չի, բայց հետո շատ խելոք Վերահսկիչ պալատի հայտնաբերած ամբողջ խախտումները վերականգնում է: Աշնանը Վերահսկիչ պալատի նախագահը ԱԺ-ում նախորդ տարվա կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես կգա եւ դուք կտեսնեք, որ մեր հրապարակած բոլոր խախտումները, չարաշահումները ընդունված են եւ այս պահի դրությամբ, կարծեմ՝ 90-95%-ով վերկանգնված, խոսքը մի քանի միլիարդի մասին է»: