Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՖՐԻԿՅԱՆ ԵՐԿԻՐ ՉԵՆՔ ԴԱՌՆԱ»

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Ճգնաժամն ինչպես սկսվեց, այնպես էլ կավարտվի՝ մեր կամքից եւ գործունեությունից անկախ, կարծում է «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Գագիկ Թորոսյանը:

– Պարոն Թորոսյան, այսօր ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը քննադատում են թե ընդդիմության, թե իշխանության ճամբարից: Ելնելով այդ իրողությունից, կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ կառավարության գործունեությունն այնքան անարդյունավետ է, որ այն քննադատում են անգամ յուրայինները:

– Կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, ինչպեսեւ ցանկացած բան, ամենից հեշտը քննադատելն է: Սակայն, ըստ իս, հակաճգնաժամային առկա միջոցառումներում ամենամեծ թերությունն այն է, որ բացակայում է ծրագրի շուրջ համախմբվածությունը: Մենք ազգովի միշտ արտաքին մարտահրավերների ժամանակ համախմբվում ենք, ու կարծում եմ, այս տնտեսական ճգնաժամը եւս պետք է ներկայացվեր որպես արտաքին մարտահրավեր, որպեսզի մեր բոլոր դաշտերը համախմբվեին, միասնական մտածեին: Կառավարությունը դրա փորձն արեց, սակայն հակառակ դաշտը զուտ քննադատելուց այն կողմ չանցավ: Թող մշակեին այլնտրանքային որեւէ ծրագիր, ասեին՝ սա է մեր ծրագիրը: Հնչեցին ընդամենը տարբեր մոտեցումներ, տարբեր կանխատեսումներ, սակայն ոչ համախմբված եւ ոչ հայեցակարգված:

– Այնուամենայնիվ, մի հարցի շուրջ գրեթե բոլորը համակարծիք են. նման ծավալի վարկային միջոցներ ներգրավելով՝ առաջիկայում լուրջ խնդիրներ ենք ունենալու դրանց վերադարձման հարցում:

– Պարտքերի վարադարձնելիության հետ կապված հոռետեսական գնահատականներ հնչում էին դեռեւս մինչեւ 2006 թվականը, երբ մեր արտաքին պարտքն ընդամենը 19% էր կազմում եւ մենք համարվում էինք նվազ արտաքին պարտք ունեցող երկիր: Այժմ մեզ մոտ արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է մոտ 50%: Սակայն ես ուզում եմ ընդգծել, որ մենք միայն այս՝ արտաքին պարտք-ՀՆԱ ցուցանիշով ենք հասնում սահմանագծին, իսկ մնացած ցուցանիշներով մենք չենք գերազանցում այն շեմը, որից այն կողմ երկիրը դասվում է առավել ծանր արտաքին պարտք ունեցողների շարքին: Համենայնդեպս, ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների, մենք այսօր միջին պարտք ունեցող երկիր ենք: Եվ եթե վերականգնվեն մեր տնտեսության աճի այն տեմպերը, որոնք կային մինչեւ ճգնաժամը, ապա ես վարկերի վերադարձնելիության հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում: Ամեն դեպքում, 50%-ը մեզ նման երկրի համար այն սահմանագիծը չէ, որից պետք է վախենալ: Մենք հաստատ չենք դառնա աֆրիկական երկիր, որտեղ արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերությունը 100-120% է:

– Պարոն Թորոսյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում կառավարության կողմից վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը: Տեսակետ կա, որ դրանց զգալի մասն ուղղվում է յուրայինների բիզնեսի բարգավաճմանը:

– Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, սակայն, եթե որեւէ օլիգարխ զբաղվում է ռազմավարական նշանակության բիզնեսով, ապա բնական է, որ կառավարությունը պետք է աջակցի այդ բիզնեսին՝ հաղթահարելու ճգնաժամը:

– Կառավարությունը զգալի գումարներ է տրամադրում նաեւ որոշ շինարարական ընկերությունների: Արդյո՞ք դա մեր երկրի համար ռազմավարական կարեւորության ճյուղ է:

– Կարող է շինարարությունը ռազմավարական կարեւորության չէ, բայց մի մոռացեք, որ հենց շինարարությունն էր ապահովում վերջին տարիների մեր տնտեսական աճը: Բացի այդ, բազմաթիվ քաղաքացիներ, հիմնականում՝ օտարերկրացիներ, այստեղ բնակարաններ են գնել, այսինքն՝ վճարել են, սակայն այսօր նրանց բնակարանները կառուցված չեն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե այդ մարդիկ չստանան իրենց բնակարանները: Կստացվի, որ նրանց այստեղ խաբել են, ու այդ դեպքում մեր երկիրն ընդհանրապես կկորցնի իր գրավչությունն, ու այդ մարդիկ այլեւս երբեք այստեղ ներդրումներ չեն կատարի: Բացի այդ, տնտեսությունը փակ շղթա չէ, երբ մի տեղ գումար է ներդրվում, այն չի կորչում: Եթե այսօր շինարարության մեջ գումար է դրվում, դա հանգեցնում է նաեւ մի շարք այլ ոլորտների զարգացմանը, այդ շինարարության վրա աշխատողը գումար է ստանում, գնում, հաց է առնում՝ սկսում է գործել նաեւ հացի արտադրությունը եւ այսպես շարունակ: Այդ միջոցները, որ տրվել են տարբեր ոլորտների, ի վերջո, օգտագործվելու են, չէ՞, հո չե՞ն վերցրել, որ տանեն-դնեն բարձի տակ:

– Իսկ վստա՞հ եք, որ դրանք իրոք չեն դրվի ոմանց բարձի տակ:

– Այո, որովհետեւ դրանք, ի վերջո, վարկային միջոցներ են, որոնք պետք է վերադարձվեն:

– Վերջին օրերին ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ անկախ տնտեսագետները կանխատեսում են, որ առաջիկա ամիսներին տնտեսության անկումը կնվազի մինչեւ 12%: Համաձա՞յն եք, եւ եթե այո, ապա ըստ Ձեզ՝ ի հաշիվ ինչի՞ դա տեղի կունենա:

-Ես էլ եմ կարծում, որ տնտեսության անկումն առաջիկայում կնվազի, սակայն ուզում եմ նշել, որ այդ անկումն էլ ավելի քիչ կիներ, եթե գյուղատնտեսությունն ավելի բարվոք վիճակում լիներ: Այս տարի, դժբախտաբար, կարկուտն ու անձրեւները լուրջ վնաս տվեցին գյուղացուն: Ոչ մի տարի, օրինակ, լոլիկը կամ խաղողն այսքան թանկ չեն եղել: Եվ եթե մինչ այդ մտավախություն կար, որ գնող չի լինի, որ մթերող կազմակերպությունները բերքը չեն մթերի, ապա այսօր վիճակն այնպիսին է, որ գնող կա՝ բերք չկա: Եվ, այնուամենայնիվ, տնտեսության որոշակի ճյուղերի վարկավորման արդյունքում առաջիկայում տնտեսական անկումը կմեղմվի եւ կհասնի 15 տոկոսի, իսկ արդեն մյուս տարի կգա զրոյական վիճակի: Նշեմ նաեւ, որ առաջիկայում, կապված նավթի գների բարձրացման հետ, կանխատեսվում է իրավիճակի կայունացում մեզ համար կարեւորագույն երկրներում՝ առաջին հերթին Ռուսաստանում, ինչը կհանգեցնի նրան, որ այնտեղ ապրող մեր հայրենակիցների վիճակը կրկին կկայունանա եւ նրանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական տրանսֆերտների ծավալը կվերականգնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել