Լրահոս
Օրվա լրահոսը

Այս զեկույցը չի վերաբերում Հայաստանին

Օգոստոս 28,2009 00:00

ԵԽԽՎ-ն քննելու է քաղաքական դրդապատճառներով քրեական մեղադրանքների հարցը

ԵԽԽՎ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը կայանալիք նստաշրջանի օրակարգում է «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության քրեական համակարգում քաղաքական դրդապատճառներ ունեցող չարաշահումների մասին» զեկույցը, որը հեղինակել է գերմանացի պատվիրակ Սաբին Լոյդհյոսսեր-Շնարենբերգերը:

ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր մամուլին, որ ՀԱԿ-ն անպայման այս զեկույցը կազմողներին կտրամադրի համապատասխան տեղեկատվություն ու վերլուծություն, որը թույլ կտա նրանց իրենց զեկույցում անդրադառնալ Հայաստանում տիրող իրավիճակին:

Գերմանացի պատվիրակի զեկույցն արդեն տեղադրված է ԵԽ կայքէջում, եւ դրա տեքստում ու բանաձեւի նախագծում անդրադարձ չկա Հայաստանին: Այստեղ խոսքը հատկապես 4 պետությունների՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի մասին է, որոնց արդարադատության համակարգերը հիմնականում բնորոշիչ են համարվում Եվրոպայի համար: Մեր հարցին, թե զեկույցի հեղինակին իրոք տրամադրե՞լ էր տեղեկատվություն Հայաստանի մասին՝ Արման Գրիգորյանը պատասխանեց. «Երբ տեսա այդ վերնագրով զեկույցի մասին տեղեկատվությունը՝ ենթադրեցի, որ այն անդրադառնալու է հենց այդ նյութին, բայց պարզվեց, որ վերնագիրը մի փոքր ապակողմնորոշող է, քանի որ ի սկզբանե տվյալ զեկույցը պիտի լիներ հենց այդ 4 երկրների մասին: Եվ երբ կապ հաստատեցի տիկին Լոյդհյոսսեր-Շնարենբերգերի ներկայացուցիչների հետ՝ ինձ ասացին, որ այդ երկրների շրջանակը նրանք չեն կարող ընդլայնել, եւ զեկույցը սեւեռված է լինելու միայն այդ 4 երկրներում իրավապահ մարմինների գործունեության վրա»:

Եթե Ռուսաստանին հանենք զեկույցի նյութ 4 երկրների շարքից՝ մեր իշխանությունների համար կարող է մխիթարանք դառնալ այն, որ անգամ զարգացած ժողովրդավարություն ունեցող պետություններում էլ կարող են քրեական գործեր մոգոնվել՝ քաղաքական դրդապատճառներով:

Թեեւ այս բանաձեւի նախագծով առաջարկվում են մի շարք միջոցներ ընդհանրապես Եվրոպայում դատավորների եւ դատախազների անկախությունն ամրապնդելու համար՝ քաղաքական միջամտությունները դադարեցնելու համար: Զեկույցի հեղինակը սա արել է այնպիսի աղմկոտ գործերի վերլուծության վրա, ինչպիսիք են, օրինակ՝ Խոդորկովսկու նկատմամբ դատավարությունը, Պոլիտկովսկայայի սպանության քննությունը, Մեծ Բրիտանիայում 2006-2007-ին ծավալված «կանխիկ փող՝ մեդալների դիմաց» սկանդալը, որը վերաբերում էր քաղաքական կուսակցություններին նվիրատվություններին եւ այլն:

Եվ բանաձեւի նախագծով մասնավորապես կոչ է արվում Միացյալ Թագավորությունում բարեփոխել գլխավոր դատախազի դերակատարությունը, որ ավելացվի նրա հաշվետվողականությունը խորհրդարանին: Ֆրանսիայի դեպքում առաջարկվում է վերանայել հսկիչ դատավորի ինստիտուտի լուծարման մասին որոշումը կամ ծայրահեղ դեպքում՝ ամրապնդել դատախազների անկախությունը, որ նրանք կատարեն վերահսկողական այդ դերը: Գերմանիային առաջարկվում է ստեղծել դատական խորհուրդներ, որոնք արդարադատության նախարարությանը արգելք կծառայեն հնարավոր հետապնդումների համար: Իսկ Ռուսաստանում առաջարկվում է կատարել մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն կրճատելու դատավորների վրա քաղաքական ու հիերարխիկ ճնշումը եւ վերջ տալու փաստաբանների նկատմամբ հետապնդումներին՝ ՌԴ-ում «իրավական նիհիլիզմը» դադարեցնելու նպատակով: Ի դեպ, Ռուսաստանի վերաբերյալ բանաձեւի նախագծում նաեւ նշվել է, թե արդարադատության վրա ճնշում գործադրվում է հին ոճով՝ «հեռախոսային արդարադատությամբ»:

Իսկ ընդհանուր առմամբ, նշվում է, թե դատախազները պիտի կարողանան լուծել իրենց խնդիրները՝ առանց քաղաքական միջամտությունների, դատավորներին ու փաստաբաններին առաջարկվում է հնարավորություն ընձեռել ավելի ակտիվ դերակատարություն ունենալ նախաքննության ընթացքում եւ այլն: Ահա այսպիսի քայլերով, ըստ բանաձեւի նախագծի, ԵԽԽՎ-ն հույս ունի արդարադատության համակարգը պատնեշել քաղաքական դրդապատճառներով չարաշահումներից. «Դատական համակարգի անկախությունն է՝ օրենսդրորեն ու գործնականում, պաշտպանության հիմնական ձեւը նման չարաշահումների դեմ»: Ընդ որում՝ նշվում է, թե ԵԽ անդամ բոլո՛ր պետություններում կան նման չարաշահումներ՝ «թեեւ խիստ տարբեր աստիճանների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել