Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ՝ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օգոստոս 28,2009 00:00

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի պաշտոնական կայքէջի համաձայն՝ նա օգոստոսի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ, որը վերնագրված է. «Մարդու իրավունքների չափանիշների լուրջ իրականացումը պահանջում է չափորոշիչների մշակում»: Հայտարարության մեջ Թոմաս Համմերբերգը մասնավորապես նշում է. «Առաջվա պես կա անջրպետ այն իրավունքների, որոնք ազդարարված են մարդու իրավունքների վերաբերյալ համաձայնագրերով եւ ԵԽ անդամ պետություններում առկա իրական իրավիճակի միջեւ: Այս անջրպետը հաղթահարելը ներկայումս կարեւորագույն նշանակություն ունի ողջ իրավապաշտպանական գործունեության համար: Սա պահանջում է համակարգված մոտեցում, այդ թվում՝ համապատասխան տվյալների արդյունավետ հավաքում»: Եվ այս կապակցությամբ է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորել չափորոշիչային ցուցանիշների մշակումը, որոնք կօգտագործվեն գնահատումների համար. «Մարդու իրավունքների չափանիշները կդառնան ավելի արդյունավետ ու թափանցիկ: Դրանք կօգնեն հասնելու կառավարությունների կողմից պատասխանատվության ավելի մեծ աստիճանի՝ մարդու իրավունքները հարգելու համար, եւ ընդգծելու նվաճումները՝ հստակ չափորոշիչների հիման վրա»: Համմարբերգը հիշատակում է, որ նման չափորոշիչներ սահմանելու քննարկումները սկսվել են այն միջազգային կառույցների նախաձեռնությամբ, որոնք դիտարկում են համաձայնեցված դրույթների կատարումը՝ ԵԽ զանազան կառույցները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը եւ ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարը՝ մարդու իրավունքների հարցերով: «Քննարկումները շարունակվում են,- նշում է Թոմաս Համմարբերգը:- Բոլորն էլ հասկանում են, որ մարդու իրավունքների բոլոր կողմերը հնարավոր չէ չափել վիճակագրական տեղեկատվության հիման վրա եւ պետք է նաեւ գնահատել որակական կողմերը. մասնավորապես՝ դատավորների որակավորման աստիճանը կարող է ավելի կարեւոր լինել, քան նրանց քանակը: Եվս մի խնդիր է, որ քանակական տվյալներ ոչ միշտ կան կամ կարող են վստահելի չլինել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել