ԴԱՀԿ հայտարարության համաձայն, լրագրողի եւ իրավապաշտպանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում:
Երեկ Վանաձորում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները խոչընդոտել են «Առավոտի» թղթակից Լարիսա Փարեմուզյանին՝ կատարելու մասնագիտական պարտականությունները: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները Վանաձորի Վարդանանց եւ Սպանդարյան փողոցներից հանել եւ տեղափոխել են 10 ոչ հիմնական շինություն՝ բնակելի տնակներ: Բնակիչները լրագրողին տեղեկացրել են, որ իրենց նկատմամբ կոպտություններ եւ բռնություն է կիրառվում: Իսկ թե ինչ է տեղի ունեցել հետո՝ պատմեց ինքը՝ Լարիսան. «Խնդրեցին, որ ես գնամ: Ալավերդուց հասա այնտեղ: Կանանց նկատմամբ բռնություն էր կիրառվում, ես մոտեցա, ասացի՝ ինչո՞ւ եք կանանց հետ այսպես վարվում, չե՞ք կարող ձեր գործը հանգիստ կատարել: Հետո սկսեցի նկարել, ֆոտոխցիկը խլեցին ձեռքիցս, ջնջեցին նկարները, ձայնագրիչս խլեցին ու սկսեցին հրել: Ասացի, որ ես լրագրող եմ, նայեցին փաստաթղթերս ու հետ տվեցին ֆոտոապարատն ու ձայնագրիչը: Մի 100 ոստիկան կար, 50-60 ԴԱՀԿ աշխատակիցներ, ես՝ միայնակ լրագրող կին, ինչպե՞ս կարող էի խոչընդոտել նրանց աշխատանքը»:
Ինչպես եւ կարելի էր սպասել, ԴԱՀԿ-ում պնդում են, թե լրագրողն է խոչընդոտել ԴԱՀԿ աշխատակիցների աշխատանքին. «Գործողությունները իրականացվել են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռի հիման վրա ստացված կատարողական վարույթներով: Պահպանվել են բնակիչների բոլոր գույքային իրավունքները, ապահովվել է տնակների եւ գույքի տեղափոխումը նշված թաղամաս: Հարկադիր ծառայողների գործողություններն անցել են առանց միջադեպերի՝ մինչեւ պարտապան Անահիտ Մարգարյանի տնակի տարհանման գործողությունները սկսելը: Նշված անձը սուր կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ փորձել է հարվածել հարկադիր կատարողին, սակայն նրա գործողությունները կանխվել են: Հասկանալով Ա. Մարգարյանի այդ պահի հոգեվիճակը՝ ոստիկանները եւ հարկադիր կատարողները ընթացք չեն տվել միջադեպին: Սակայն Ալավերդուց ժամանած «Առավոտ» թերթի եւ hetq.am կայքի լրագրող Լարիսա Փարեմուզյանը նույն պահին միջամտել է հարկադիր կատարողների գործողություններին: Հարկադիր կատարողի պահանջը՝ ներկայանալ, Լ. Փարեմուզյանը անտեսել է եւ կոպտել ծառայողներին: Նա ներկայացել է միայն իրավիճակը սկանդալայինի վերածելուց հետո: Փորձելով ներխուժել տարհանվող տնակ՝ լրագրողը խոչընդոտել է հարկադիր կատարողների աշխատանքին: Նշենք, որ բացի Լ. Փարեմուզյանից, ծառայողների գործողություններին ականատես էին նաեւ բազմաթիվ լրագրողներ, որոնք առանց որեւիցե խնդիր հարուցելու կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները: ԴԱՀԿ ծառայությունը Լ. Փարեմուզյանի նման գործելակերպը համարում է անընդունելի եւ դիտում է որպես սադրանք»:
Դեոպքին ականատես է եղել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը: Ըստ կազմակերպության, իրենց աշխատակցին եւս խոչընդոտել են, ու նաեւ՝ «ԴԱՀԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել երիտասարդ մի կնոջ եւ 5 ամսական երեխայի հետ միասին գցել գետնին»: ՀՔԱՎԳ-ն հայտարարում է. «Տեղի ունեցածը գնահատում ենք ապօրինություններ, պաշտոնեական դիրքի չարաշահում՝ բռնությունների կիրառմամբ, լրագրողների օրինական աշխատանքը խոչընդոտելու փաստ եւ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից՝ քննության առնել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հատուկ խմբի վերը նշված ապօրինությունները եւ պատասխանատվության ենթարկել»:
Երեկ Լարիսա Փարեմուզյանը հանդիպել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Արմեն Հարությունյանը խոստացել է զբաղվել լրագրողի նկատմամբ բռնության հարցով: