Երեկ «Մարտի 1»-ի Փորձագետների փաստահավաք նախկին խմբի ընդդիմադիր անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը ներկայացրին իրենց համատեղ՝ թվով 4-րդ զեկույցը:
Ասուլիսի մասնակիցները խոսեցին մարտիմեկյան իրադարձություններին վերաբերող փաստերի, նաեւ՝ Խմբի դեմ հարուցված արհեստական խոչընդոտների մասին: Դրանց, ի դեպ, Խմբի անդամները առաջին անգամ էին անդրադառնում, թեեւ համապատասխան տեղեկություններ պարունակող նյութերը Խմբի լուծարումից հետո փոխանցվել են խորհրդարանական հանձնաժողովին եւ մնացել առանց ուսումնասիրության եւ անարձագանք:
Խմբի ընդդիմադիր անդամների բացահայտումները վերաբերում էին մարտիմեկյան դեպքերին՝ առավոտից մինչեւ գիշեր ուժային կառույցների գործողություններին: Խումբը ժամանակին պատկան մարմիններից փորձել էր պարզել՝ ի՞նչ քանակով եւ կառուցվածքով ոստիկանության զորքեր, ոստիկանության ուժեր են մասնակցել մարտի 1-ի գործողություններին, ինչպիսի՞ սպառազինությամբ, ո՞ր ժամին են ստացել համապատասխան ինքնաձիգները, ինչպե՞ս են դրանք կիրառվել: Ի պատասխան այս հարցադրումների՝ Խմբին փոխանցվել են տարբեր տիպի տեղեկություններ: Բայց քանի որ Խումբը ձեռք էր բերել նույն հարցին վերաբերող նաեւ այլ փաստեր, պատկան մարմիններից ստացված տեղեկանքները հիմք են տվել Խմբի անդամներին մտածելու, որ համապատասխան կառույցները փորձել են իրենցից կոծկել օգտագործված սպառազինություններին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը: «Առաջին գրությունը, որ մենք ստացել ենք ՀՀ ոստիկանությունից, այն էր, որ այդ օրը եղել է ընդամենը 25 կամ 29 ինքնաձիգ, որը տարբեր ստորաբաժանումներին բաժանվել է ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի հրամանով: Աշխատանքի ընթացքում պարզվեց, որ դա այդպես չէ: Փաստահավաք խմբից կոծկել էին նաեւ հանգամանքներ, որոնք մենք պարզեցինք աշխատանքի ընթացքում»,- ասաց Ա. Քոչարյանը՝ հիշեցնելով, որ ըստ պատկան մարմինների պաշտոնական հայտարարությունների՝ ոստիկանության զորքերը ինքնաձիգներով եւ այլ սպառազինությամբ, նաեւ հատուկ միջոցներով զինելու հրաման տրվել է մարտի 1-ի երեկոյան՝ ժ. 18:00-ին:
Քոչարյանի ասելով, Խումբը հրավիրել եւ զրուցել էր քաղաքացիական հագուստով եւ ինքնաձիգով զինվող անձի՝ Արթուր Մաթեւոսյանի հետ՝ ակնկալելով բացատրություններ ստանալ, թե նա ո՞ր ժամին է, իբր, ՊՆ ավտոմեքենայի ավագից ի պահ ստացել նրա ավտոմատ ինքնաձիգը: Պարզվել էր, որ Ա. Մաթեւոսյանը ինքնաձիգը վերցրել է ժ. 13:00-15:00-ի միջակայքում: Ընդ որում, համապատասխան տեսագրությունում Ա. Մաթեւոսյանի ֆոնի վրա երեւում էին նաեւ այլ զինված մարդիկ՝ համապատասխան համազգեստներով, որոնք եւ դրանց վրա եղած տարբերանշանները, Խմբի կարծիքով, ոստիկանական համազգեստներ ու տարբերանշաններ չեն ու ավելի նման են բանակային ստորաբաժանման համազգեստի: Պարզվել էր նաեւ, որ ցերեկը ինքնաձիգներ են բաժանվել նաեւ ոստիկանության ուժերին, մի հանգամանք, որը մինչ այդ գաղտնի էր պահվել կամ կոծկվել էր համապատասխան մարմինների կողմից: Թե՝ ովքե՞ր են եղել դրանք ստացած անձինք, ո՞ւր են շարժվել, ինչպե՞ս են ստացված զենքերը օգտագործվել՝ Խմբին պարզել չէր հաջողվել, Փաստահավաքը լուծարվել էր:
Խումբը փորձել էր նաեւ հանդիպել այն դիպուկահարի հետ, որի գոյության մասին ստիպված էր եղել խոստովանել Ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: «Այդ դիպուկահարի պատմությունն իր մեջ պարունակում է շատ հետաքրքիր առեղծված»,- նկատեց Ա. Քոչարյանը՝ հիշեցնելով, որ պաշտոնական վարկածով, այդ, իբր, մարտի 1-ի գործողություններին մասնակցած միակ դիպուկահարը եղել է ՈԶ հրամանատար Գրիգոր Գրիգորյանի կողքին կանգնած, եւ օգտագործվել է մեկ անգամ՝ զինծառայող, մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի վրա կատարված կրակոցի հետ կապված: «Կարծում եմ, որ այս դիպուկահարը շատ կարեւոր անձ է, որովհետեւ նա միակն է, ով պետք է տեսած լիներ, թե ով է կրակել Աբգարյանի վրա: Երբ Խումբը փորձեց ճշտել դիպուկահարի ինքնությունը եւ պահանջեց նրան ներկայացնել Խմբին, որպեսզի մենք նրանից կարողանանք ճշտել, թե ինչ փաստացի նյութի է նա տիրապետում, ՀՔԾ-ն անմիջապես որոշում կայացրեց, իբր, նախաքննության գաղտնիությունից ելնելով, դիպուկահարի ինքնությունը չգաղտնազերծել: Դա արվեց, որպեսզի մենք չկարողանանք այդ անձի հետ զրուցել, մինչդեռ դա կարեւոր էր, որովհետեւ այդ փուլում մենք դեռ ուսումնասիրում էինք Տ. Աբգարյանի մահվան հանգամանքները: Մենք ՀՀ գլխավոր դատախազին առաջարկեցինք Խմբին հնարավորություն տալ գաղտնազերծել այդ դիպուկահարի ինքնությունը, որ մենք կարողանանք հանդիպել նրա հետ: Այդպիսի հնարավորություն այդպես էլ չտրվեց»,- պատմեց Խմբի նախկին անդամը: Նա նաեւ հեգնեց, թե՝ դիպուկահարի ինքնությունը պետք էր ոչ թե գաղտնի պահել, «այլ նույնիսկ արժանացնել շքանշանի, որովհետեւ նա, ըստ էության, կարողացել էր վնասազերծել ինչ-որ եւ այդպես էլ չպարզված անձի, որը կրակոց էր արձակել Աբգարյանի ուղղությամբ, իսկ դիպուկահարը նրան կարողացել էր վնասազերծել, իսկ վիրավորը սողալով կարողացել էր անհետանալ այնպես, որ նրան մինչ օրս էլ չեն գտնում»:
Խումբը պարզել է նաեւ, թե ովքեր են այն դիմակավոր անձինք, ովքեր Մաշտոցի պողոտայում, շուկայի հարեւանությամբ նշանառու կրակոցներով կրակել են: Այդպիսի կադրեր եւս կային շրջանառվող բազմաթիվ տեսագրությունների մեջ: «Նիկոյանի հանձնաժողովին փոխանցված մեր նյութերում՝ տեսաերիզներում, պարզաբանված է, թե ովքեր են այդ անձինք եւ ում հրամանով են գործել: Ու թեեւ մեզ ասում էին, որ նրանք դատարկ գնդակներով են կրակել, բայց դրանք ոչ ոք չի ուսումնասիրել: Խմբին այդպես էլ չտրամադրվեցին ո՛չ օգտագործված սպառազինության մասին ճշգրիտ տեղեկություններ, ո՛չ էլ սպառազինության փորձաքննության արդյունքները, թեեւ մենք ճշտեցինք, որ դրանք վաղուց ավարտվել են»,- ասաց Քոչարյանը:
Խմբի անդամները խոսեցին նաեւ մարտի 1-ի ցերեկը Կառավարության շենքի մոտ՝ Մելիք-Ադամյան փողոցում, ուժային կառույցների զինված ստորաբաժանումների առկայության փաստի մասին: Այդպիսի տեսագրություններ եւ լուսանկարներ վաղուց արդեն շրջանառվում են: «ԱԺ հանձնաժողովին Խմբի ղեկավարի կողմից փոխանցված նյութերում կան ֆոտոկադրեր, որտեղ ֆիքսված է օրն ու ժամը՝ 16:47, որտեղ մենք տեսնում ենք ՊՆ համազգեստով, ինքնաձիգներով զինված, ՊՆ տրանսպորտային միջոցների ինքնաթափերում նստած սաղավարտավոր զինծառայողների, ինչը նշանակում է, որ այդ մասում եղել են ոչ ոստիկանական ուժեր: Խումբը դեռ սկզբում ՊՆ-ի հետ պաշտոնական նամակագրություն ուներ եւ հարցում էր արել՝ մինչեւ հատուկ դրություն հայտարարելը՝ ՊՆ ստորաբաժանումները մասնակցե՞լ են մարտիմեկյան գործողություններին: Գլխավոր շտաբի պետը պատասխանել էր՝ ոչ»,- ներկայացրեց Ա. Քոչարյանը: Խումբը համանման հարցադրումներ՝ արդյոք ինքնաձիգներով զինված զինծառայողներ ցերեկը, նշված ժամին եղե՞լ են Մելիք-Ադամյան փողոցում, ուղարկել էր նաեւ ԱԱԾ-ին եւ ՀՀ ոստիկանությանը: Պատասխանը երկու դեպքում էլ եղել է՝ ոչ: Քոչարյանի դիտարկմամբ, մարտի 1-ի ցերեկը Մելիք-Ադամյան փողոցը նման է եղել ուժային տարբեր կառույցների հավաքակայանի: Այստեղ եղել են ոստիկաններ, ոստիկանության զորքեր, ռազմական ոստիկանություն, բանակային ստորաբաժանումներ, բանակի ղեկավար կազմի ծառայողական մեքենաներ, եւ դրանք բոլորը՝ նույն կադրում, որն, իբր, ուսումնասիրվել է: Բայց բանակն ու մյուսներն ասում են, թե իրենք չեն: «Եթե բանակը չի, ոստիկանությունը չի, ԱԱԾ-ն չի, բա այդ դեպքում ովքե՞ր են: Նշանակում է՝ այդտեղ կանգնած են ինչ-որ անհայտ ուժեր, որոնք կրել են բանակի համազգեստ եւ զինված են եղել ավտոմատ ինքնաձիգներով»,- հռետորական հարցադրում արեց Քոչարյանը: Ս. Սաֆարյանն էլ նկատեց՝ «եթե ԱԱԾ-ն էլ չգիտի, թե Մելիք-Ադամյանի վրա ի՞նչ զինված մարդիկ են կանգնած եղել դեռ առավոտյան, ուրեմն՝ ի՞նչ ազգային անվտանգության մասին է խոսքը»:
Ըստ նրա, այս հանգամանքները ճշտելը կարեւոր է ոչ միայն մարտի 1-ին ուժային կառույցների գործողությունների իրավաչափությունն ու օրինաչափությունը գնահատելու, այլեւ մարտիմեկյան խառնաշփոթի ստեղծման հանգամանքները գնահատելու տեսանկյունից. «Բայց մենք այդպես էլ չկարողացանք ճշտել, թե այդ զինված համազգեստավորները ովքե՞ր են եղել»: Ի դեպ, Ա. Քոչարյանը խոստացավ, որ իրենց առաջիկա զեկույցները նվիրված կլինեն նաեւ հիշյալ հանգամանքներին: