Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԺԱՆԱԳԻՆ ՀՆԱՐՔ»

Օգոստոս 28,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսում այսպես որակեցին ՀՀ առաջին նախագահի՝ 1992թ.-ին տված մի հարցազրույցի առնչությամբ եղած մեկնաբանությունները:

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները՝ իբրեւ ապացույց այն բանի, որ Լ. Տեր-Պետրոսյանը, զբաղեցնելով նախագահի պաշտոնը, կողմ էր Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակին, մի քանի անգամ հղում են կատարել նրա՝ 1992թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցին: Խոսքը, մասնավորապես, հրապարակման այն հատվածի մասին է, որտեղ Տեր-Պետրոսյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ «բայց ինչպե՞ս կարելի է պատերազմող կողմերին իրարից անջատել, երբ չեն գործում ոչ մի կանոն եւ օրենքներ: Ինչպե՞ս մոտենալ իրական բանակցություններին», ասել էր. «Պետք են զսպող ուժեր, պետք է ստեղծել անվտանգության երաշխիքների համակարգ: Երկրորդ՝ մարզի ապառազմականացում: Երրորդ՝ բանակցությունների մեկնարկ, որտեղ հայկական կողմը կարող է առաջարկել հետեւյալ տարբերակները. Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարություն, ԼՂ ճանապարհների լիակատար ապաշրջափակում եւ ԼՂ նորմալ կենսագործունեության ապահովում: Ահա այս է այսօրվա լուծումը, որը, կարծում եմ, ընդունելի կլինի ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի համար:

Եթե լինի այդպիսի ինքնավարություն, որտեղ ներքին խնդիրները կլուծվեն տեղական իշխանությունների կողմից, այդ թվում՝ կադրերի, կողմերը կարող են համաձայնության գալ: Ցանկալի կլիներ կարծել, որ ինքնավար հանրապետության կարգավիճակը Ադրբեջանի կազմում լիովին կբավարարեր բոլոր կողմերին: Չէ՞ որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, պահպանվում է հանրապետության տարածքային ամբողջականությունը, իսկ ղարաբաղցիները իրենց հերթին ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք պատրաստ ենք այն քննարկել ցանկացած մակարդակով»:

«Առավոտը» փորձեց ՀՀ առաջին նախագահի հիշյալ հայտարարության առնչությամբ ստանալ նաեւ նրա զինակիցների մեկնաբանությունները: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ նախ՝ հիշեցրեց, որ 1992-ին «Հայաստանը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ, ԼՂ-ում մարտեր էին գնում, Ստեփանակերտը գնդակոծվում էր Շուշիի կողմից, հարյուրավոր մարդիկ էին զոհվում եւ տուժում ավերածություններից: Մեզ համար դա իսկապես ծանր ժամանակաշրջան էր, եւ պետք էր դիվանագիտական ջանքեր գործադրել իրավիճակը մեղմելու համար, եւ ՀՀ առաջին նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել հենց այդ ֆոնի վրա, որը հենց 1992-ին ուղեկցվել է նաեւ հայկական կողմի տարած ռազմական մեծագույն հաղթանակներով՝ Լաչինում, Շուշիում եւ այլուր: Եթե այդ տարրական բաները մարդիկ չեն հասկանում, ապա ես նրանց համար միայն ցավում եմ: Լ. Տեր-Պետրոսյանին, նրա վարած ու հաղթանակի հանգեցրած քաղաքականությունը վարկաբեկելուն ուղղված այդ պարզունակ հնարքները ընդամենը ջղաձիգ փորձեր են՝ արդարացնելու համար այն զիջումները, որոնք պատրաստվում են անել գործող իշխանությունները: Հակառակ դեպքում այդ էժանագին շահարկումները չէին լինի»:

Լ. Զուրաբյանը նաեւ հիշեցրեց 1996թ. դեկտեմբերի 2-ին Լիսաբոնում՝ ԵԱՀԿ գագաթաժողովում, ՀՀ առաջին նախագահի ելույթի այս հատվածը. «Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը: Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել: Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն էլ ասաց, թե ՀՀ առաջին նախագահի հարցազրույցից մեջբերված հատվածում ԼՂ կարգավիճակի հարցը արդարացիորեն ստորադասվել է ԼՂ ժողովրդի անվտանգության խնդրին: «Ընդհանրապես լուրջ քաղաքական գործչի համար, ինչպիսին նախագահ Տեր-Պետրոսյանն է, կարեւորը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումը, իսկ կարգավիճակը միջոց է դա անելու համար: Բացարձակ պետք չէ շահարկել 17 տարվա վաղեմության հարցազրույցը, մանավանդ, երբ 1992-ին պատերազմի թեժ փուլ էր, ու հայրենասիրական ճառերը չէին, որ Ղարաբաղը պիտի պահպանեին որպես հայկական տարածք: Այդ հարցազրույցում էլ ՀՀ առաջին նախագահը շատ հստակ կարեւորել է ԼՂ ժողովրդի անվտանգության խնդիրը, եւ նրա վարած քաղաքականությունն առավելագույնս միտված է եղել հենց դրան, իսկ կարգավիճակի հարցը իսկապես բանակցությունների եւ երկար գործընթացի խնդիր է, ինչը եւ ապացուցվում է»,- նկատեց Ս. Սուրենյանցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել