Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները՝ դրսում

Օգոստոս 27,2009 00:00

\"\"«Armchess.am» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, Աբու-Դաբիում անցկացված շախմատային փառատոնի շրջանակներում մասնակցելով կայծակնային մրցաշարին, ինը հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ նվաճել առաջին մրցանակը: Նա 1,5 միավորով գերազանցել է մեր մյուս ներկայացուցչին՝ Հրայր Սիմոնյանին եւ ուկրաինացի Յուրի Դրոզդովսկուն: Մրցաշարին մասնակցել է 52 շախմատիստ:

Կայծակնային մրցաշարից հետո մեկնարկել է արագ շախմատի մրցաշար: Խաղացված հինգ տուրից հետո առավել հաջող է հանդես գալիս Հրայրը, որը 4,0 միավորով 1-3-րդ տեղերն է բաժանում Զուրաբ Ստուրուայի (Վրաստան) եւ Բասեմ Ամինի (Եգիպտոս) հետ: 31 շախմատիստների մեջ են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր, եւ նրան կես քայլ զիջող Զավեն Անդրիասյանը:

Սալոնիկում ընթացող շախմատի օփենում մեր հանրապետությունից հանդես է գալիս Աղասի Ինանցը: Նա չորս հնարավորից վաստակել է 3,0 միավոր: Իսկ մրցաշարային աղյուսակը առանց կորստի գլխավորում է միջազգային վարպետ Ստեֆան Բրոմբերգերը (Գերմանիա):

Միջազգային մրցաշարերում հաջող են հանդես գալիս նաեւ այլ երկրների մարզական դրոշի պատիվը պաշտպանող մեր հայրենակիցները: Օրինակ, Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Չեխիայի Օլոմոուց քաղաքում շրջանաձեւ մրցակարգով անցկացված գրոսմայստերական մրցաշարում 6,0 միավորով (ինը հնարավորից) նվաճել է առաջին մրցանակը:

Նմանատիպ մեկ այլ մրցաշարում Վիգեն Միրումյանը, որ ներկայացնում է Չեխիան, նույնպես վաստակել է 6,0 միավոր, սակայն բավարարվել է երրորդ մրցանակային տեղով: Նա ընդամենը կես միավորով է զիջել հաղթող ճանաչված ռուսաստանցի Կոնստանտին Մասլակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել