Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ԳԱԼ ԵՐԵՎԱՆ

Օգոստոս 27,2009 00:00

Երեկ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մեկնարկեց ձյուդոյի աշխարհի մեծահասակների 26-րդ առաջնությունը

Հայաստանը մասնակցելու է միայն տղամարդկանց մրցաշարին, այն էլ՝ երեք քաշային կարգերում: Մրցավայր մեկնել են մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը (Գյումրի), հրազդանցի՝ մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը եւ Ռոբերտ Վարդանյանը (մինչեւ 73 կգ, Երեւան): Մեր թիմի մարզիչն է Արթուր Գեւորգյանը:

Մեր ձյուդոիստների արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք: Իսկ մինչ այդ ասենք, որ աշխարհի առաջնության մեկնարկին նախորդել էր մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որին մասնակցել է նաեւ հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը:

Ռոտերդամում մարզաձեւի եվրոպական միության ղեկավար Սերգեյ Սոլովեյչիկի միջնորդությամբ բանակցություններ են եղել մեր եւ Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահի միջեւ, որի ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկող ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը հարեւան երկրի հավաքականի մասնակցության հետ առնչվող խնդիրները: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հայկական կողմը Եվրոպայի երիտասարդական առաջնության օրերին Ադրբեջանի պատվիրակության անդամների անվտանգության երաշխիքներ տվել է, որի արդյունքում Ադրբեջանը խոստացել է ժամանել Երեւան: Համաձայն ներկայացված նախնական հայտի, Ադրբեջանի պատվիրակությունը բաղկացած է լինելու 14 հոգուց, որոնցից ութը՝ մարզիկ:

Երեկ ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայում հաստատեցին այս տեղեկատվությունը եւ հավելեցին, որ առայժմ Ադրբեջանի ֆեդերացիայից ժամանման օրվա եւ ժամի մասին ոչ մի լրացուցիչ տեղեկություն չկա: Անհայտ է նաեւ, թե իրե՞նք են ցանկանում այստեղ հյուրանոց ընտրել, թե՞ այդ գործը թողնում են կազմակերպիչ երկրի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել