Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախիջեւանն էլ կարեւոր է»

Օգոստոս 27,2009 00:00

Նախիջեւանահայերի մտահոգությունները

«Հայաստանի համար Նախիջեւանի խնդիրը՝ տարածքով, մշակութային արժեքներով ու պատմական անցյալով, արցախյանից կարեւոր է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմաբան, մատենագետ, հրապարակախոս Արգամ Այվազյանը:

Նրա համոզմամբ, տեղին ու ժամանակին չէ հիմա Նախիջեւանի հարցը բարձրացնել պետական մակարդակով. «Չի կարելի բանակցային սեղանի շուրջ քննարկել Արցախի ինքնորոշման եւ դրան զուգահեռ պատմական տարածքները վերադարձնելու եւ 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ համարելու հարցերը»: Ա. Այվազյանի խոսքով, իրենք այդպիսի փորձ արել են ու ձախողել. շուրջ տասը տարի առաջ, երբ «Նախիջեւան» հայրենակցական միությունը փորձեց ակտիվ միջոցառումներ կազմակերպել Նախիջեւանի հարցը բարձրացնելու նպատակով, ադրբեջանցիներն անհապաղ պատասխանեցին մշակութային հուշարձանների ոչնչացմամբ: Ա. Այվազյանի կարծիքով, վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները Նախիջեւանի խնդրին լրջորեն չեն մոտեցել. «Մեր երկրի ղեկավարները այդ հարցում չափազանց կրավորական մոտեցում են որդեգրել, եւ մինչ օրս ադրբեջանցիներից թեկուզ բարոյական պատասխանատվություն պահանջելու համար միջազգային դատարաններ չդիմելը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ բացասական երեւույթ է»:

Ո՞վ պետք է հրապարակի Նախիջեւանի խնդիրը եւ ներկայացնի միջազգային հանրությանը: Այս հարցում բանախոսը պասիվություն է նկատել նաեւ ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների շրջանակում: Խնդրի լուծման առումով, մատենագետի համոզմամբ, «պատրաստ չեն ո՛չ ՀՀ բնակչությունը, ո՛չ նախիջեւանահայությունը, ո՛չ էլ դիվանագիտությունը»:

«Նախիջեւան» հայրենակցական միության նախագահ Մելս Մկրտչյանի խոսքով, այս հոկտեմբերին, ինչպես ամեն տարի, նախիջեւանահայերը մեծ շուքով կտոնեն Հազարափրկչի օրը. «Նախիջեւանում կա համանուն եկեղեցի, որը թուրքերի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ կոչվել է Հազարափրկիչ եւ, ըստ ավանդույթի, այն նաեւ բազմաթիվ հիվանդություններ բուժելու խորհուրդ էլ ունի»: Նա փաստեց, որ առաջիկայում նախատեսվում է թիվ 161 դպրոցի տարածքում իրենց նախաձեռնությամբ հիմնել Գ. Նժդեհի թանգարան. «Առայժմ նմուշներ ենք հավաքում եւ կահավորման նախապատրաստություններ ենք ձեռնարկում»: Մելս Մկրտչյանի խոսքով, իրենք կշարունակեն հետեւողական աշխատանքները Նախիջեւանի հայերի շահերը պաշտպանելու ուղղությամբ. «Եթե Ադրբեջանը պահանջում է ադրբեջանցի փախստականների վերադարձ, մենք էլ մեր հերթին կպահանջենք հայ փախստականների վերադարձ՝ Նախիջեւան»: Մ. Մկրտչյանը նաեւ ասաց, որ Նախիջեւանի պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը կազմակերպողների ու իրականացնողների դեմ դատական գործ հարուցելու նախաձեռնությունն իր վրա է վերցրել Արգամ Այվազյանը:

Հավելենք, որ «Նախիջեւան» հայրենակցական միությունը ժամանակ առ ժամանակ ուխտագնացություններ է կազմակերպում. հերթականը վերջերս Գ. Նժդեհի գերեզման այցն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել