Կարծում է Բերձորում երաժշտություն դասավանդող, ջութակահար Աշոտ Ճենտերեճյանը
Խորհրդային տարիներին ջութակահարներ Ճենտերեճյան եղբայրների դուետը մեծ հռչակ էր վայելում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Հատուկ եղբայրների համար երաժշտություն են գրել չեխ, լեհ, սլովակ, գերմանացի, վրացի, հայ 50 կոմպոզիտորներ:
Այսօր ջութակահարներից մեկը՝ Աշոտ Ճենտերեճյանը, ապրում է ազատագրված Քաշաթաղում եւ աշխատում վարչական կենտրոն Բերձորի երաժշտական դպրոցում՝ որպես ջութակի ուսուցիչ: Այնտեղ էլ կայացավ մեր զրույցը:
– Մաեստրո, դուետի լուծարումից հետո ինչո՞ւ ցանկություն չունեցաք միայնակ հանդես գալու:
– Ես եւ Արմենը, բոլոր երկվորյակների պես, շատ կապված ենք միմյանց: 40 տարվա համատեղ ելույթների ընթացքում կարծես «ձուլվել» էինք, ստեղծագործական առումով դարձել մեկ մարդ, չնայած կիսում էինք ե՛ւ ծափահարությունները, ե՛ւ հիացմունքը, ե՛ւ պատասխանատվությունը: Ձուլվելուց հետո անկարելի էր «իմ երկրորդ կեսից» անջատվելն ու սոլո նվագելը: Բացի այդ, հիմա բազմաթիվ ջութակահարներ են մենահամերգներով հանդես գալիս եւ շատ փայլուն են նվագում: Ես հաստատ չէի կարող «կիսվելուց» հետո նրանցից լավ նվագել… ուրեմն ինչո՞ւ անեի մի գործ, որը թերի կստացվեր:
– Աշխարհի շատ երկրների բեմերը «նվաճելուց» հետո ինչպե՞ս հայտնվեցիք Քաշաթաղում:
– Մեր դուետի կազմալուծումից հետո եղբայրս մեկնեց Հալեպ, 5 տարի ղեկավարեց «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցը, հայապահպանության առումով այնտեղ մեծ աշխատանք կատարեց: Այդ դատարկվող գաղութում նա սկզբում ուներ 135 ուսանող, 5 տարուց հետո նրանց թիվն անցավ 300-ից: Ճգնաժամային տարիներին արտերկրում ապրելու եւ աշխատելու առաջարկներ շատ եղան, ես էլ հանգիստ կարող էի եվրոպական որեւէ երկրում հաստատվել, սակայն չուզեցի հայրենիքը լքել: 2004թ. մեկնեցի Ստեփանակերտ, նվագում էի սիմֆոնիկ նվագախմբում, բայց ղեկավարի հետ «լեզու չգտանք». չգիտես ինչու, նա շա՜տ «բարձրից» էր ինձ նայում: Եվ երբ համակուրսեցիս՝ հրաշալի դաշնակահար, Բերձորի երաժշտական դպրոցի տնօրեն Արմեն Բալասանյանը հրավիրեց իր մոտ աշխատելու, անմիջապես համաձայնեցի: 2007 թ. սեպտեմբերից Բերձորում եմ: Այստեղ դժվարությունները շատ են, մարդկանց հետ շփման պակաս կա, բայց, ի տարբերություն Երեւանի, Բերձորի իմ սաների ծնողները շատ լուրջ են վերաբերվում իրենց երեխաների ջութակի պարապմունքներին, նույնիսկ երեկոյան ինձ զանգում են՝ պարզաբանելու յուրաքանչյուր անհասկանալի նոտան ու նշանը:
– Ձեր աշակերտների մեջ Դուք ապագա Պագանինի տեսնո՞ւմ եք:
– Ցավոք սրտի, ես կարծում եմ, որ Պագանինի, Կոգան այլեւս ոչ մի երկրում չի ծնվի, որովհետեւ արդեն երկար տարիներ ես նրանց փոխարինող չեմ տեսնում: Իմ սաներից շատերն են պրոֆեսիոնալ ջութակահարներ դարձել, բայց գրեթե բոլորը հիմա աշխատում են օտար երկրներում: Այստեղ ապրող աշակերտներիցս կարող եմ նշել «Լավանդա» տրիոյի երկու աղջիկներին: Ինչ վերաբերում է Բերձորին, ապա ինձ համար ողբերգություն է, որ լավագույն աշակերտս՝ մի քանի մրցույթներում բարձր մրցանակների արժանացած Հակոբյան Արամիկը, այլեւս չի հաճախելու երաժշտական դպրոց՝ ընտանիքի հետ Ռուսաստան մեկնելու պատճառով:
– Ի՞նչ եք կարծում, մշակույթի մարդը կարո՞ղ է զբաղվել բիզնեսով:
– Կոնկրետ իմ դեպքում անհնար է: Մեծ եղեռնի օրերին հայրս երկու եղբայրների հետ գաղթել է Արեւելյան Հայաստան, այստեղ ամուսնացել են, զավակներ են ունեցել, եւ զարմանալի է՝ մեր հսկա տոհմից ոչ ոք «փող սարքող» (իրավաբան, տնտեսագետ, հաշվապահ եւ այլն) չդարձավ…
– Բայց հիմա դրանք ամենամոդայիկ մասնագիտություններն են, եւ երիտասարդ սերունդը հենց դրանք է նախընտրում: Միգուցե սկսվե՞լ են ոգու սովն ու մշակութային հետընթացը:
– Գիտե՞ք, ես էլ էի այդպես կարծում, բայց երբ վերջերս, ընկերոջս հոբելյանական երեկոյին, դպրոցի լեփ-լեցուն դահլիճում նվագում էի «Կռունկը», մի քանի հարյուր հոգի շունչը պահած լսում էր (այդպիսի քար լռություն մեկ էլ սփյուռքի մեր համերգներին էր լինում), ես հասկացա, որ ամեն ինչ դեռ կորած չէ…