Վենեսուելայի նախագահ Չավեսը չի բացառում Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, նա արդեն հրահանգել է արտգործնախարարին դրա համար նախապատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Իր քայլը Չավեսը բացատրել է նրանով, որ «կոլումբիական բուրժուազիան մեզ ատում է»՝ ակնարկելով հարեւան երկրի մամուլը, որը խիստ քննադատաբար է լուսաբանում հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Երկու երկրների միջեւ լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ Կոլումբիան համաձայնություն է տվել իր երկրի 7 ռազմաբազաներում տեղակայել ամերիկյան զինծառայողներին, որոնք պետք է օգնեն Կոլումբիայի իշխանություններին պայքարել նարկոթրաֆիքինգի եւ զինված ապստամբների դեմ: Բացի այդ, Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեն համարվում է Հարավային Ամերիկայում ԱՄՆ-ի ամենամտերիմ զինակիցը: «Այդ յոթ ռազմաբազաները մենք դիտարկում ենք որպես պատերազմի հայտարարություն բոլիվարյան հեղափոխությանը,- հայտարարել է Չավեսը։- Կարելի է Վենեսուելան շրջապատել ռազմաբազաներով, բայց հնարավոր չէ կանգնեցնել այն հեղափոխական պրոցեսները, որոնք տեղի են ունենում մեր երկրում»: Օգոստոսի սկզբին Վենեսուելայի նախագահը զգուշացրել է զինվորական ղեկավարությանը Կոլումբիայի հետ հնարավոր դիմակայությանը պատրաստվելու մասին: