Լրահոս
Օրվա լրահոսը

2009-ի ուսանողները

Օգոստոս 27,2009 00:00

Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի պետական բուհեր ընդունվածների թիվը: Սկիզբը՝ «Առավոտի» երեկվա՝ օգոստոսի 25-ի համարի «10 հազարից ավելի առաջին կուրսեցի 2009-ին» հոդվածում:

Երեւանի պետական ագրարային համալսարանում նախատեսված 1109 տեղի համար դիմել է ընդամենը 799 դիմորդ, սակայն բուհ է ընդունվել 987 ուսանող: Այսպիսով, այս բուհում թափուր է մնացել 122 տեղ՝ չնայած այն բանին, որ 188 դիմորդի էլ, որոնք Ագրարային էին դիմել ոչ առաջնային հայտով, ընդունել են: Այս 122 թափուր տեղերից 39-ը անվճար տեղերի համար է: Արդյունքում ստացվում է, որ 83 վճարովի տեղ այս տարի բուհը կորցրել է: Դա նշանակում է, որ բուհի բյուջեն էական վնաս է կրել. այս բուհում բոլոր մասնագիտությունների համար վճարը կազմում է 170 հազար դրամ: Հետեւաբար, 83 հատ 170 հազար դրամ՝ 14 միլիոն 110 հազար դրամ նախատեսվածից քիչ է մտնելու բուհի բյուջե:

Փոխարենը Երեւանի պետական բժշկական համալսարան է ընդունվել 816 երեխա, այն դեպքում, երբ նախատեսված էր 543 տեղ: Դիմորդները եղել են 900-ը: Փաստորեն, այս տարի բժշկության տարբեր ճյուղեր կուսումնասիրի նախատեսվածից 273-ով ավելի ուսանող, բնականաբար, առանց տարկետման իրավունքի տեղերի հաշվին: Նկատենք, որ ԵՊԲՀ-ում տարեկան վարձավճարները գործող 3 ֆակուլտետից 2-ում 800 հազար դրամ են, մեկում՝ 580 հազար:

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ այս տարի ընդունվել է 167 դիմորդ, այն դեպքում, երբ դիմել էր 272-ը: Բուհում ոչ մի թափուր տեղ չկա:

Երեւանի պետական կոնսերվատորիա այս տարի դիմել է 218 շրջանավարտ, եւ նրանցից 179-ը վաստակել է Կոմիտասի անվան երաժշտանոցում ուսանելու պատիվը: Ընդ որում, ինչպես ներկայացրեց բուհի պրոռեկտոր Ա. Շահինյանը՝ այս տարի ընդունվել է 39 ապագա դաշնակահար, 14 ջութակահար, 2 ալտահար, 6 թավջութակահար, ցավոք՝ թափուր են մնացել կոնտրաբասի եւ տավիղի 1- ական տեղերը: Փողային գործիքների բաժին է ընդունվել 20 ուսանող, ժողերգեցողության՝ 16, ժողգործիքների՝ 9: Ըստ պարոն Շահինյանի, ուրախալի է, որ այս տարի ունենք սանթուր, ուդ, թառ նվագող ուսանողներ, ցավոք՝ ընդամենը 1 քանոնահար, այն դեպքում, երբ, սովորաբար, տարեկան 4-5-ն են լինում: Բացի այդ, ընդունվել է 35 ապագա վոկալիստ, 5 խմբավար, 3 կոմպոզիտոր, 4 երաժշտագետ: Հասկանալի պատճառներով ամենամեծ մրցույթը եղել է «զինվորական նվագախմբի դիրիժոր» մասնագիտության համար՝ 5 տեղի համար 10 դիմորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել