ԿԳ նախարարը եւ մանկավարժները քննարկում են կրթական ոլորտի ցավոտ կողմերը
Մասնակից լինելով ավանդական օգոստոսյան խորհրդակցություններին՝ կարելի է մի քանի ժամում հաղորդակից դառնալ ՀՀ կրթական ոլորտի ողջ համապատկերին: Երեկ Վանաձոր քաղաքի Շարլ Ազնավուրի մշակույթի կենտրոնում մարզի մանկավարժական համակազմը ոլորտի պատասխանատուների հետ քննարկում էր կրթական ներկայիս խնդիրները: Քննարկմանը ներկա էր նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը ելույթից հետո մանկավարժների հարցերից միայն մի քանիսին պատասխանեց, քանի որ շտապում էր Դիլիջան՝ դպրոցի բացման արարողության: Բայց խոստացավ, որ հնչած մյուս հարցերին գրավոր կպատասխանի: «Դպրոցները երեխաներին պիտի նախեւառաջ սովորեցնեն սովորել,- իր պահանջը ներկայացրեց նախարարը եւ շարունակեց,- պիտի մեր երեխաներին ցույց տանք, որ կառավարությունից մինչեւ ամենափոքր համայնքը՝ ով շատ բան գիտի, նա ավելի լավ է ապրում, որ գիտելիքն է որոշում ամեն մի ընտանիքի բարեկեցության, համայնքի հզորացման, երկրի մարտունակության եւ մրցունակության հարցը»: Անցնելով ավագ դպրոցների ցավոտ հարցին՝ նախարարը նկատեց. «Ավագ դպրոցների համակարգի ստեղծումը՝ լինելով ճիշտ գաղափար, հասարակությանը վատ է հրամցվել: Այդ է պատճառը, որ երբ որոշ տնօրեններ լսում են, որ իրենց դպրոցը դառնում է ավագ, կարծում են, որ դա վճիռ է: Բայց դա վճիռ չէ, այլ լավ ապագայի հնարավորություն: Ավագն այն դպրոցն է, որտեղ պետությունը մոտակա տարիներին անելու է իր թիվ մեկ ներդրումները՝ չմոռանալով մյուս դպրոցները»: Ավագ դպրոցների համակարգի ստեղծման արդյունքում ուսուցիչների կրճատումների մասին էլ նախարարն ասաց. «Հանրակրթության մասին» օրենքը ներմուծում է ավելի ժողովրդավարական կրթության մշակույթ: Դպրոցը ոչ թե շահերի բախման վայր է, որտեղ պետք է մարդիկ պայքարեն, թե ում խոսքը պիտի անցնի եւ ով որոշի կադրային քաղաքականությունը, այլ իրավահավասար շահառուների ներգրավման կրթական գործընթացի կենտրոն է… Գաղտնիք չէ, որ փայլուն դպրոցների կողքին ունենք այնպիսիք, որտեղ կամայականություններն անցնում են բոլոր չգրված եւ գրված օրենքները, որտեղ որոշ տնօրեններ կարծում են, որ գտնվում են այս կամ այն համայնքապետի կամ իշխանավորի հովանավորության ներքո: Բայց դպրոցը չպիտի դարձնել իշխանությունների, ազդեցությունների, հավակնությունների բախման թատերաբեմ եւ ավագ դպրոցների բարեփոխումների անվան տակ որոշ տնօրեններ փորձեն ազատվել տարիներ շարունակ իրենց խանգարող ուսուցիչներից: Սակայն կրճատումներն անխուսափելի են ու դա ոչ միայն բարփոխումների, այլ նախեւառաջ ժողովրդագրական խնդիր է: Օրինակ՝ Լոռու մարզում այս տարի, նախորդ տարվա համեմատ, 3000-ով քիչ աշակերտ կունենանք»:
Ալավերդու թիվ 8 դպրոցի տնօրենը հետաքրքրվեց, թե, օրինակ, 500 եւ 1000 աշակերտ ունեցող դպրոցներին պահպանման համար ինչո՞ւ է միեւնույն գումարը հատկացվում: Նախարարը պատասխանեց. «Աշակերտ թվով ֆինանսավորմամբ այլընտրանքներ ներկայացվում են միայն բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում գործող դպրոցների համար: Այլ ֆինանսական գործիքային հաշվարկների մեթոդներ այս պահին չունենք, իսկ սա խնդիր է»: Մանկավարժներից մեկի առաջարկին, թե՝ եթե ոչ պետական բուհերը պնդում են, որ իրենց դիպլոմները պետական նմուշի են, թող նրանք էլ ընդունելություն կազմակերպեն միասնական համակարգով, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Երբ ոչ պետական բուհերի ռեկտորներին առաջարկեցի՝ եթե ուզում են արտոնություններ ունենան պետությունից, թող մտնեն միասնական քննական դաշտ, ինչպես պետականները եւ հետո էլ հավելյալ գովազդներով տներից մարդիկ չորսան, միայն երեքը համաձայնեցին, մնացածը հասկացան, որ այդպիսով կունենան ուսանողների թերլրացվածություն»:
Լոռու մարզի որոշ մանկավարժներից: Մարզի միակ մասնավոր «Մխիթար Գոշ» վարժարանի տնօրեն Թամարա Արղուշյանը «Առավոտի» հարցին, թե լինելով հիմնական դպրոց, արդյո՞ք ընդունում են ավագ դպրոցներից կրճատված ուսուցիչներին, պատասխանեց. «Քանի որ դպրոցը մասնավոր է եւ վճարովի, ոչ մի պատահական մարդ, նույնիսկ հարազատդ չի կարող մուտք գործել, քանի որ, եթե չարդարացնեն տնօրենի կամ ծնողի պահանջը, տեղ չեն ունենա»: Կողեսի հիմնական դպրոցի տնօրեն Իլյա Տրանդաֆիլովն էլ ասաց. «Ունենք երկկոմպլեկտ դասարաններ, եւ ուսուցիչները կիսովի պարապում են, այսինքն՝ մեկ դրույք վարձատրվում են եւ կիսով պարապում, որ ոչ մեկը դուրս չմնա: Իսկ կադրեր ընդունելու կարիք չունենք»:
Քանի որ ավագ դպրոցների բարեփոխումների անվան տակ ուսուցիչների կրճատումներ են լինում՝ նախարարից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սկզբունքներ են գործում, որոնց հիման վրա տնօրենները կարող են ազատել ուսուցիչներին: Ա. Աշոտյանն ասաց. «Կրճատումները պիտի տարածվեն այն ուսուցիչների վրա, որոնք իրենց մասնագիտական հմտություններով՝ ըստ տնօրենի կամ համայնքի ղեկավարի, զիջում են մյուսներին: Բայց թեպետ 2008-ից իրականացվում են ավագ դպրոցի բարեփոխումները, այդ մասին քիչ է տեղեկույթը հասարակության մեջ, ինչից էլ բխում են դժվարությունները: Ցավոք, դպրոցները ԿԳՆ ենթակայության տակ չեն, բացի ավագ եւ հատուկ դպրոցներից»: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են դպրոցների խնայողությունները վերադարձվել պետբյուջե: Նա պատասխանեց. «400 միլիոն դրամի չափ խնայված միջոցներ հետ են տրվել պետբյուջե: 4-րդ եռամսյակում հնարավոր է այդ միջոցների մի մասը կրկին տրամադրվի դպրոցներին: Սակայն այդ միջոցների հարաբերական հետ տանելը ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա»: Իսկ դպրոցների կառավարման խորհուրդների ձեւական բնույթ կրելու մասին մարզպետն ասաց. «Ինչպես համայնքների ավագանիների ինստիտուտը դանդաղ սկսեց ձեւավորվել, այնպես էլ՝ դպրոցի խորհուրդները: Դրանց կազմում հաճախ առաջադրվում են մարդիկ, որոնք այնքան էլ տեղյակ չեն՝ ինչով պիտի զբաղվեն: Բայց վերջին տարիներին վիճակը գնալով փոխվում է»: