Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔ ՄԻՇՏ ԿԱ

Օգոստոս 27,2009 00:00

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արտյուշա Շահբազյանը հայտարարել է, թե «մենք կնախապատրաստենք հանձնաժողովի արդյունքային զեկույցը եւ մեր եզրակացությունների ու առաջարկությունների հետ մեկտեղ կներկայացնենք ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին քառօրյայի ընթացքում»:

Կարդալով «արդյունքային» բառը, հիշեցի, որ համաձայն ֆիզիկայի օրենքների՝ աշխատանքը կարող է զրոյի հավասար լինել: Բայց զրոն էլ արդյունք է: Ընտրությունները կեղծելն էլ արդյունք է, ընտրությունների կեղծողին սատարելն ու նրանից պաշտոններ ստանալն էլ արդյունք է, կեղծված ընտրությունների դեմ ընդվզող քաղաքացիների սպանողին հայտնաբերելուն խանգարելը կամ չնպաստելն էլ որոշակի, անտեսանելի կամ տեսանելի պայմանավորվածությունների արդյունք է, իշխանությունից հեռանալով՝ իշխանական որոշ աթոռները պահելն էլ որոշակի պահվածքի արդյունք է, սեփական երկրին ու այդ երկրի քաղաքացիներին կեղեքելը, հայրենիքի պաշտպանության մասին խոսելով սեփական բալիկին բանակից ազատելը մարդկային որոշակի որակների դրսեւորման արդյունք են՝ եւ այսպես շարունակ: Ներողություն եմ խնդրում մարտի 1-ի 10 զոհերի հարազատներից, բայց եթե, օրինակ, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը Սամվել Նիկոյանի գլխավորությամբ եւ Արտյուշա Շահբազյանի մասնակցությամբ եզրակացնի, թե մարտի 1-ի 10 զոհերը ինքնասպանություն են գործել, դա էլ կլինի արդյունք:

Շոթա Վարդանյանի եզրակացրած խոճկորային արդյունքը հենց այդքանով է հավաստի ու ընդունելի: Արդյունք միշտ կա: Այլ հարց, որ այդ արդյունքը կարող է լինել բավարար, անբավարար, գոհացուցիչ կամ, ասենք, մտահոգիչ: Այլ հարց, թե այդ արդյունքին հասնելու համար աշխատած անձինք որքանով են փորձել բացահայտել իրականությունը եւ ներկայացնել այն հիմնավոր արդյունքը, որպեսզի այն տարակարծություններ եւ նոր հարցեր չառաջացնի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել