Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 27,2009 00:00

\"\"Հայոց ցեղասպանության միջազգային-գիտական քննախոսությունը՝ Կանադայի «Զորյան ինստիտուտի» ջանքերով

Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները վերջին տարիներին նոր համաշխարհային ծավալում են ստացել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման, ինչպես նաեւ Թուրքիայի՝ Եվրոպական Միության անդամակցություն ստանալու ձգտումների համատեքստում: Չնայած քննարկումները ծավալվում են ոչ միայն քաղաքական-դիվանագիտական, այլեւ միջազգային-գիտական շրջանակներում, ցավոք, Հայաստանում լսվում են միայն քաղաքական-դիվանագիտական քննարկումների արձագանքները: Մինչդեռ, միջազգային-գիտական քննարկումներում Հայոց ցեղասպանությունը վաղուց արդեն դասվում է, այսպես կոչված, «դասական» ցեղասպանությունների շարքում: Ինչու դասակա՞ն, որովհետեւ կան բավարար փաստեր՝ հիմնավորելու, որ այն միարժեքորեն համապատասխանում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության ոճրագործության կանխարգելման եւ պատժի» կոնվենցիայի երկրորդ հոդվածում բերված ցեղասպանության սահմանմանը: Ավելին, մասնագետների պնդմամբ, տվյալ հոդվածում որպես ցեղասպանության գործողություններ որակված բոլոր 5 տարատեսակները` տվյալ խմբի անդամների սպանությունը, խմբի անդամներին ծանր մարմնական եւ հոգեւոր վնասների պատճառումը, տվյալ խմբի ամբողջապես կամ մասամբ ոչնչացման նպատակով կանխամտածված ազդեցությունը խմբի կենսապայմանների վրա, տվյալ խմբի ներսում ծնելիության կանխմանն ուղղված միջոցառումների ձեռք առնումը, երեխաների ստիպողաբար տեղափոխումը մեկ խմբից մեկ այլ խումբ, ցայտուն կերպով դրսեւորվել են հատկապես Հայոց ցեղասպանության դեպքում:

Արդեն 7 տարի է՝ Կանադայի «Զորյան ինստիտուտի» (նախագահ՝ Գուրգեն Սարգսյան) ջանքերով ավելի քան 20 ուսանողներ աշխարհի տարբեր համալսարաններից (այդ թվում ազգությամբ հայ եւ թուրք ուսանողներ՝ Հայաստանից եւ Թուրքիայից) մասնակցում են «Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» երկշաբաթյա համալսարանական ծրագրին, որը փայլուն հնարավորություն է հասկանալու ցեղասպանության երեւույթն ինչպես իր պատճառների, ընթացքի եւ հետեւանքների, այնպես էլ կանխարգելմանն ուղղված ջանքերի առումով: Ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն քննարկել համեմատական ցեղասպանության ուսումնասիրությունների ոլորտում եղած ձեռքբերումները, այլեւ ծանոթանալ ցեղասպանության առանձին դեպքերի ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ միջազգային-գիտական եւ քաղաքական-դիվանագիտական տարածված դիրքորոշումներին: Ընդ որում, Հայոց ցեղասպանությունը դրված է այս ուսումնասիրությունների հիմքում՝ որպես պատմական արխետիպ:

Ավելորդ չէ, թերեւս, նշել, որ դասընթացը վարում են համեմատական ցեղասպանության ուսումնասիրությունների ոլորտի այնպիսի առաջատար գիտնականներ, ինչպիսիք են ծրագրի տնօրեն Ռոջեր Սմիթը, որը Ցեղասպանության՝ գիտնականների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars, IAGS) հիմնադիրն է, ցեղասպանության մասին մի շարք գիտական հրատարակությունների հեղինակ, եւ որը 2008թ. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում իր ունեցած նշանակալի ներդրման համար, ինչպես նաեւ Ջոյս Ասպելը, Մորին Հիբերթը, Դորիս Բերգենը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Հերբերտ Հիրշը, Ուիլիամ Շաբասը, Սեմուել Թոթենը, Թաներ Ակչամը, Վահագն Դադրյանը եւ ուրիշներ: Այս անուններից շատերը գուցե անծանոթ են հայ ընթերցողին, սակայն ցեղասպանությունների ուսումնասիությամբ զբաղվող մասնագետները թերեւս նրանցից շատերին կհամարեն այս ոլորտի դասականներ:

Ցավոք, մեր հասարակությունն այսօր կարծես թե անհաղորդ է նման միջազգային-գիտական զարգացումներին, ինչի արդյունքում էլ թերեւս ձեւավորվում են հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծել-չստեղծելու մասին քննարկումները: Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է ընդունված համեմատական ցեղասպանության ուսումնասիրությունների աշխարհի առաջատար գիտնականների կողմից, որոնք այս կամ այն կերպ իրենց ներդրումն են ունենում կամ կարող են ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ինքս որպես հայ կուզենայի հրավիրել բոլոր պետական եւ ակադեմիական կառույցների ուշադրությունը Կանադայի «Զորյան ինստիտուտի» նախաձեռնության վրա, որն է՝ համեմատական ցեղասպանության ուսումնասիրությունների առաջատարներին հրավիրել խոսելու ցեղասպանության եւ մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին եւ հրավիրել բոլորին (այդ թվում նաեւ թուրք պատմաբաններին) մասնակցելու, լսելու նրանց կարծիքները եւ բանավիճելու նրանց հետ: Ափսոսում եմ, որ «Ցեղասպանություն եւ մարդու իրավունքներ» ամառային երկշաբաթյա ծրագիրը Հայաստանում չէ, որը քաղաքական-դիվանագիտական առումով նույնպես կարեւոր քայլ կլինի հայ-թուրքական հարաբերություններում. այն կարեւոր ակնարկ կդառնա թուրքական կառավարությանը, որ Հայոց ցեղասպանության փաստը պատմաբանական քննարկման առարկա չէ, եւ ավելին՝ եթե թուրքական կողմը քննարկման կարիք ունի, կարող է բանավեճի նստել ազգությամբ հայ եւ ոչ հայ (այդ թվում նաեւ ազգությամբ թուրք) համեմատական ցեղասպանության ուսումնասիրություններում մասնագիտացած աշխարհի առաջատար գիտնականների խմբի հետ:

Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավոր է միայն հայ քաղաքական-դիվանագիտական ձեռքբերումները միջազգային-գիտական ձեռքբերումների հետ համադրելու միջոցով: Այլապես ստիպված ենք լինելու դեռ երկար վիճել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության շուրջ:

ՎԱՀԵ ՍԱՀԱԿՅԱՆ

սոցիոլոգիական գիտությունների թեկնածու

Մերձավորարեւելյան ուսումնասիրությունների ֆակուլտետի դոկտորանտ

Միչիգանի համալսարան, ԱՄՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել