Գումարներն ուղղվում են կայուն զարգացմանը
Ֆրանսիայի Ռոհն-Ալպ ռեգիոնի եւ Հայաստանի միջեւ երկու տարի առաջ կնքված համագործակցության պայմանագրով Ռոհն-Ալպը տարեկան 300 000 եվրո է տրամադրում Հայաստանի մարզերում ծրագրեր իրականացնելու համար: Համագործակցության դաշտը շատ լայն է, որեւէ սահմանափակում չկա: Առաջարկվող ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի մարզերի կայուն զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, բնապահպանական խնդիրների լուծմանը, ֆրանկոֆոնիայի զարգացմանը: Ծրագրերում պարտադիր պետք է ներգրավված լինեն եւ հայկական, եւ ֆրանսիական կազմակերպություններ: Այս պայմանը, սակայն, որեւէ դժվարություն առաջ չի բերում, քանի որ Ռոհն-Ալպում կան շատ հայկական կազմակերպություններ եւ հաճախ նրանք էլ իրենց հերթին են գումարներ ներդնում: Եղել են դեպքեր, երբ հայաստանյան կազմակերպությունը եւ նրա գործընկեր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունը ներկայացրել են, ասենք, 150 000 եվրո արժեքով ծրագիր, սակայն ուզել միայն 50 000 եվրո:
Ֆրանսիական 300 000 եվրոն բաժանելու առաջին մրցույթը անցկացվել է 2008-ի աշնանը: Երկրորդը՝ այս տարվա գարնանը: Այս տարի ընդունվել է ավելի քան 200 000 եվրոյի ծրագիր-առաջարկ, իսկ ներկայացված են եղել տասնյակ առաջարկներ՝ ընդհանուր 890 000 եվրոյի. մշակույթ՝ 3 ծրագիր, 76 000 եվրո, տնտեսական զարգացում՝ 5 ծրագիր, 320 հազար եվրո, կրթություն եւ վերապատրաստում՝ չորս ծրագիր, 130 000 եվրո, զբոսաշրջության զարգացում՝ 4 ծրագիր, 150 000 եվրո, համայնքային ծառայությունների զարգացում՝ 4 ծրագիր, 143 000 եվրո:
Տավուշի մարզի Չինարի գյուղում անցած տարի սկսվել է գյուղական համայնքներում մեղվաբուծության զարգացման ծրագիր: Նույն մարդիկ այս տարի եւս գումար են ստանալու արդեն արտադրված մեղրի իրացման հարցերը լուծելու համար: Կիրականանա զբոսաշրջության զարգացման ծրագիր Ֆրանսիայից՝ Գրենոբլ եւ Ռոման քաղաքների, Հայաստանից՝ Սեւան, Վարդենիս, Գորիս քաղաքների միջեւ համագործակցության արդյունքում: Ծրագրի ընդհանուր արժեքն է 160 000 եվրո:
Որոշում արդեն կա եւ Թալինում աղբահանության ծրագիր է իրականացվելու: 40 000 եվրո արժեքով ծրագիրը ենթադրում է, որ կբերվեն աղբահավաք մեքենաներ: Թալինից զատ կշահեն նաեւ հարակից գյուղերը:
Ֆրանսիական կողմը շատ է հավանել հայկական մրգերը: Մտադրություն եւ ցանկություն կա Հայաստանում սկսել չրի արտադրության եւ արտահանման ծրագիր: Սա նշանակում է ոչ միայն նոր սարքավորումների ներմուծում Հայաստան, նոր արտադրություն, նոր աշխատատեղեր, այլ նաեւ՝ արտադրանքի երաշխավորված իրացում՝ այն էլ Հայաստանից դուրս:
Հայ-ֆրանսիական այս համագործակցությունը մեկ առանձնահատկություն ունի: Ծրագիր-առաջարկները պարզապես չեն մերժվում՝ եւ վերջ: Սահմանված չափանիշներին չհամապատասխանող ծրագրերի հեղինակներին առաջարկում են դրանք լրամշակել եւ ներկայացնել հաջորդ տարի: