Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵՐ ՀԱՄԱՅՆՔ, ՕԼԻԳԱՐԽ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ

Օգոստոս 27,2009 00:00

«Գովեմ, գովեմ, ո՞ւմ գովեմ, գովեմ, մարզպետին գովեմ»

\"\"\"\"
\"\"\"\"

Եթե ուզում եք տեսնել նախնադարյան համայնական կարգերում ապրող բնակավայր՝ այցելեք Արագածոտնի մարզի Միրաք գյուղ: Գյուղն այնքան էլ հեռու չէ մայրաքաղաքից: Գտնվում է Ապարան քաղաքից 10-15 կմ հյուսիս-արեւմուտք: Միրաքը լեռների մեջ է՝ մարդկային աչքին անհասանելի, հեռու է նաեւ չինովնիկական «թանկարժեք» աչքից: Բայց այս վերջին աչքը մի անգամ հարկադրաբար տեսել է Միրաքը՝ 2009 թվականի օգոստոսի 9-ին: Պատճառը օգոստոսի 8-ի ութ րոպեանոց պտտահողմն էր, որը գյուղը վերածեց ավերակի: Թե ավերակված գյուղն ինչքան այդպես կմնա՝ հայտնի չէ: Եթե հավատանք Միրաքի հեռակայող գյուղապետ Հովհաննես Մարտիրոսյանին, գյուղն արդեն ավերակներից պետք է վերածված լիներ բուրաստանի (Հովհաննես Մարտիրոսյանը մշտապես բնակվում է Մելիքգյուղում, բայց միայն իրեն է հայտնի, թե ինչ հնարքով է դարձել Միրաքի համայնքապետ: Հայաստանի միակ հեռակայող համայնքապետն է): Իսկ նրա խոստացած արագ վերականգնման հրաշքը պետք է իրականանար յոթ օրում: Հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում գյուղի վիճակի մասին խոսելու հրավիրված գյուղապետը, մի կողմ թողնելով հոգսերի մեջ թաթախված գյուղն ու գյուղացիներին, «սազն առած»՝ մարզպետի գովքն էր անում: Մարզպետին գովելու, մեծարելու նրա անսպառ եռանդը հաստատ հիմնավոր եւ խորքային պատճառներ ունի, որոնց մասին տեղեկացանք հենց Միրաքում:

Միրաքը Երեւան-Ապարան-Սպիտակ մայրուղուն միանում է խորդուբորդ, մեծամասամբ ասֆալտազուրկ ճանապարհով: Ձմռանն այն գրեթե անանցանելի է, անձրեւաջրերից ճանապարհին գրեթե միշտ ջրափոսեր են առաջանում: Գյուղում չկան կենցաղային պայմաններ: Խմելու ջուրը բաց առվով լցվում է խողովակաշար եւ իր հետ բերում՝ ինչ պատահի: Հակահամաճարակային ծառայություններ գյուղում չեն երեւում: Դե պարզ է՝ Միրաքում օբյեկտներ, արտադրական ձեռնարկություններ չկան, որոնց վրա ակտ գրել-չգրելու խնդիր առաջանա: Մանկապարտեզ, խանութ, բուժկետ ունենալն այստեղ վաղեմի երազանք է: Գյուղացիները նշեցին, որ նշված պտտահողմից հետո մարզպետը եղել է գյուղում եւ խոստացել լուծել բուժկետի հարցը: Մասնագետ կա, օրինակ՝ Անժելա Բաբայանը կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանի թիվ 1 բազային բժշկական ուսումնարանը:

Գյուղը զրկված է հեռախոսային կապից, համայնքապետը չունի նստավայր: Մի վագոն-տնակ է եղել, այն էլ այսօր չի ծառայում այդ նպատակին: Փաստորեն, գյուղապետարանը մի կնիքի տեսքով գյուղապետի գրպանում է, մնացած փաստաթղթերի տեղն էլ գյուղապետը գիտի: 38 տնտեսություն եւ հազիվ 150 բնակիչ ունեցող համայնքը հարյուրավոր հեկտար վարձակալական ու սեփականաշնորհված վարելահող ունի: Ինչպես նշեցին գյուղացիները, վարձակալական վարելահողերն ամբողջությամբ պատկանում են գյուղապետ Հովհաննես Մարտիրոսյանին: Մեր հարցին, թե քանի՞ հեկտար են կազմում, եղան տարբեր պատասխաններ՝ 300, 500 հեկտար: Նշեցին, որ սեփականաշնորհված հողերի 80 տոկոսը դարձյալ պատկանում է գյուղապետին: Հետաքրքիր է՝ մարզպետարանում տեղյա՞կ են այս մասին, եթե տեղյակ են, հետամո՞ւտ են դրանց օրինականությանը, վարձավճարների գանձմանը: Թերեւս՝ ոչ: Կասկածելու հիմք կա: Ծաղկահովիտ գյուղի երբեմնի «Գյուղտեխնիկա» հիմնարկության սեփականատերը դարձյալ Հովհաննես Մարտիրոսյանն է, եւ հիմնարկությունը քարուքանդ անելու, կասկածելի գործարքներով տեխնիկայի եւ տարածքների մի մասն ինչ-որ մարդկանց վաճառելու համար նրան ոչ ոք ոչ մի թթու խոսք չի ասել: Ըստ մեր աղբյուրի՝ Հովհաննես Մարտիրոսյանն այս ամենի արդյունքում միլիոնների հասնող եկամուտ է ստացել, սակայն նրա գրպանից մի լումա չի մտել պետական գանձարան:

Ու էլի պտտահողմի մասին: Ավանդույթը չխախտելու համար յուրաքանչյուր աղետից հետո ասվում է. կազմվեց համապատասխան հանձնաժողով՝ մարզպետի գլխավորությամբ, որն ուսումնասիրում է աղետի պատճառած վնասի չափը՝ կառավարությանը ներկայացնելու համար: Իսկ թե ինչ է կառավարությունը հատկացրել բնակիչներին, ներկայացնում են իրենք՝ միրաքցիները:

Համադով Ղամե. «Պտտահողմը տարել է բնակարանիս տանիքը: 100 հատից ավելի շիֆեր է անհրաժեշտ, որպեսզի տանիքը ծածկվի: Տվել են 50 հատ: Վաճառել եմ 3 կովերից մեկը եւ 14. 500 դրամով գնել եմ 8 հատ 6 մետրանոց թիթեղ, որպեսզի գլխիս ծածկ ունենամ: Գնել եմ նաեւ տախտակ: Ջարդուխուրդ են եղել պատուհանները, ապակիները: Ասում են՝ ապակին պահեստավորված է, կհատուցենք: Բայց չեղած պատուհանի վրա ո՞նց ապակի դնենք: Էլ չեմ ասում, որ կտուրը ես եմ վերանորոգել: Ես վարպետ չեմ: Ինչքան կդիմանա՝ չգիտեմ»:

Նամոյան Յուրիկ. «Ես եւ կինս հիվանդ ենք: Ստանում ենք 22 հազար դրամ նպաստ: Վիրահատված եմ: Թիթեղի կեսը տվել են, կեսը՝ ոչ: Մեխ չեն տվել, փայտ չեն տվել: Վիրահատված որովայնով էլ պետք է բարձրանամ՝ տանիք վերանորոգեմ»:

Ռուզան Շավալյան. «Ունեմ 6 ամսական երեխա: Տան ներսում տեղից տեղ եմ տեղափոխում, որպեսզի չմնա կաթոցների տակ: Կիսատ-պռատ թիթեղ են տվել, առանց մեխի, առանց փայտի, ասենք թե էդ 40 թիթեղով կեսը վերանորոգեցի, բա մնացա՞ծը»:

Եթե մայրաքաղաքում դեռ ամառ է, ապա Միրաքում խոր աշուն է՝ հորդառատ անձրեւներով: Եթե կառավարությունը շարունակի հոգատարության այս ընթացքն ու այս մոտեցումը՝ արդեն ճաք տված, խոնավ պատերը կարող են փուլ գալ: Մի քանի ժամ գյուղում էինք: Համայնքապետը չերեւաց: «Երկու օրը մեկ գալիս, հանդիպում, գնում է»,- ասում էին գյուղում: Նաեւ ասում էին՝ չմոռանաս ջրի մասին, կապի մասին, խանութի մասին գրել: Ի դեպ, խանութի՝ սովետական տարիներից մնացած հսկա շենքը դարձյալ գյուղապետի սեփականությունն է: Վերջ, պարզեցինք գյուղապետի՝ առ մարզպետ սիրո պատճառները:

Իսկ գրել չենք մոռանա: Բայց Հովհաննես Մարտիրոսյանը գուցե մոռացել է, որ Միրաքը վերականգնելու 7 օրը արդեն երեք անգամ ավարտվել է, որ Միրաքի շեմին արդեն ձմեռ է, ու բոլոր խոստումները մնալու են միրաքյան անանցանելի ճանապարհի ձյան ու ցեխի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել