Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ սկսվեց Նորքի 9-րդ զանգվածի թիվ 25 շենքի 55-րդ բնակարանի բնակչուհի Վերա Շուկինայի հայցի քննության նախապատրաստական փուլը:
Պատասխանողները երեքն էին. Հայաստան Շահնազարյանը, «Անելիք» բանկը եւ նոտար Գայանե Ենգիբարյանը: Վերջինս գրավոր տեղեկացրել էր, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին եւ «վեճի լուծման ընթացքը թողնում է դատարանի հայեցողությանը»: «Անելիք» բանկը տեղեկացրել էր, որ «ավելի լուրջ պահանջով» դատական նիստի է մասնակցում վերաքննիչ դատարանում: Հայաստան Շահնազարյանի շահերը ներկայացնում էր Փաստաբանների պալատի փաստաբան Ավետ Սողոմոնյանը:
Հայցվոր Վերա Շուկինայի ներկայացուցիչը Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչիկ Մորոզյանն էր:
Հայցվորի պատմությունը կարճ եւ դրամատիկ է այնքանով, որ առողջության հետ կապված գտնվել է հիվանդանոցում ու նրա կյանքը վտանգված է եղել: Այդ ընթացքում հարեւանուհին՝ Հայաստան Շահնազարյանը, բանկի եւ նոտարի միջոցով, դառնում է Շուկինայի տան սեփականատերը:
Երեկ դատարանում մինչ դատաքննությունը ստուգվեցին բոլոր այն փաստաթղթերը, որոնք կողմերը տրամադրել էին դատարանին:
Պատասխանողի ներկայացուցիչն ասաց, որ իրենք Շուկինային հաշտության առաջարկ են արել ու եթե նա չընդունի՝ իրենք հակընդդեմ հայցով կդիմեն դատարան: «Ձեռի հետ» փաստաբանն ասաց, որ առաջարկելու են Շուկինային՝ «ցմահ բնակվել» այն բնակարանում, որն իրականում իրենն է:
Դատարանը ժամանակ տվեց, որպեսզի կողմը ներկայացնի հաշտության համաձայնագիրը: Դատարանը «Անելիք» բանկից ակնկալում է պատասխան:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 4-ին: