Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ ճամբար՝ ինտերնետ կախվածության դեմ

Օգոստոս 27,2009 00:00

Չինաստանում ինտերնետ կախվածության մեջ է մոտ 10 մլն դեռահաս: Դա մտահոգում է ոչ միայն ծնողներին, այլ նաեւ Կոմունիստական կուսակցությանը: Դրա համար կախվածություն ունեցող երեխաներին արգելում են օգտվել համակարգիչներից եւ ուղարկում հատուկ ճամբարներ:

15-ամյա Դեն Սենշանը, ինչպես փոխանցում է inopressa.ru-ն, օրինակելի երեխա էր, սակայն երկար ժամանակ էր անցկացնում համակարգչի դիմաց: Դա էր պատճառը, որ ծնողները որոշեցին նրան ուղարկել հատուկ ճամբար: 14 ժամ հետո նա մահացել էր: Մարդիկ, որոնք կոչված էին օգնել նրան, ազատվել ինտերնետ կախվածությունից՝ ծեծելով սպանել էին նրան: Երբ ծնողները նրան առավոտյան բերեցին ճամբար՝ մայրը հարցրել է դաստիարակներին. արդյոք չե՞ն ծեծում այստեղ երեխաներին, նրան պատասխանել են, որ հաստատությունում օգտագործվում են բացառապես հոգեբանական մեթոդներ: Ծնողների հեռանալուց հետո Դենին ստիպել են վազել մի քանի կիլոմետր: Տղային դաժան ծեծի են ենթարկել ամեն անգամ, երբ նա ընկել է, նույնիսկ աթոռն են ջարդել նրա մեջքին: Գիշերը ժամը 3-ին Դենին հասցրել են հիվանդանոց, որտեղ 40 րոպե անց նա մահացել է: Եվ սա միակ դեպքը չէ Չինաստանում:

Ճամբարներից մեկում երեխաներին «բուժում» էին էլեկտրաշոկով, իսկ մյուսում՝ 135 դեռահասների ստիպել էին 28 օրում ոտքով անցնելու 850 կմ:

Դենի մահվանն անդրադարձել են բազմաթիվ լրատվամիջոցներ: Նրա ծնողները նույնիսկ ստացան 1 մլն յուան (100 հազար եվրո) փոխհատուցում, սակայն դա նրանց չի սփոփի:

Դեռահասները հիմնականում օգտվում են ինտերնետից՝ օնլայն խաղերի կամ ծանոթություն-կայքերի միջոցով: Չինական փորձագետներն ինտերնետ կախվածության եւ թմրամիջոցների միջեւ զուգահեռներ են տանում: Ամբողջ երկրով մեկ բացվում են վերականգնողական կենտրոններ, դրանց քանակը հասել է 400-ի: Կենտրոնների աշխատակազմի անդամների հանդեպ առանձնապես խիստ պահանջներ չեն ներկայացվում, կարեւորը ստանալ արդյունք եւ եկամուտ: Երեխաներին 2-3 ամիս «բուժելու» համար ծնողները վճարում են 5000-29000 յուան (500-3000 եվրո): Սակայն վախը նման հաստատությունների հանդեպ՝ ծնողների շրջանում հետզհետե աճում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել