Թուրք վարորդները՝ հայերի գործով
«Ո՞վ է պաշտպանելու մեր իրավունքները: Տղաս դարձել է երկրորդ խմբի հաշմանդամ, տունը գրավ ենք դրել: Հանրապետության նախագահն էլ ի պաշտոնե պարտավոր էր լուծել մեր հարցը: Նա գնալու է Թուրքիա՝ ֆուտբոլային խաղ նայելու: Բայց մինչ խաղը դիտելը՝ թող ծանոթանա այն նամակներին, որոնք հասցեագրվում են իրեն, բայց տեղ չեն հասնում: Թող տեսնի նաեւ, թե ինչ է կատարվում, երբ հայերը հայտնվում են Թուրքիայում, դրսում, ու դրան ինչ է հետեւում»՝ երեկ «Առավոտին» դառնացած ասում էր երեւանաբնակ, Վարշավյան 2 շենքի 8-րդ բնակարանի բնակիչ Վահրամ Ներսեսյանը:
Անցյալ տարվա նոյեմբերի 16-ին Ստամբուլի ավտոկայանի խաչմերուկում 2 ավտոմեքենա բախվեցին («Թուրքիայում վրաերթ է տեղի ունեցել. տուժել են հայեր», «Առավոտ», 20.12.08թ.)՝ դուրս գալով մայթեզր: Արդյունքում նրանք վրաերթի ենթարկեցին մայթեզրին կանգնած 4 հայ քաղաքացիների: Նրանցից 2-ը ստացան վնասվածքներ ու տեղափոխվեցին Ստամբուլի հիվանդանոց:
Տեղեկացնենք, որ 4-ը Հայաստանի քաղաքացիներ էին, որոնք «Բագրատուր» տուրիստական գործակալության միջոցով 3 օրով եկել էին Թուրքիա:
Տուժողներից մեկը՝ 30-ամյա Գեղամ Ներսեսյանը ստացել էր ուղեղի ցնցում, նրա աջ ոտքը չորսը տեղից կոտրվել էր: Վարորդները, ինչպես լինում է այդ դեպքերում, դիմել էին փախուստի: Հայերը թուրքերի օգնությամբ առաջին բուժօգնությունը ստացան Ստամբուլի հիվանդանոցում, ուր մինչ նրանց հասնելը՝ արդեն ոստիկաններն էին գտնվում: Վերջիններս ցուցմունքներ վերցրին:
Հաջորդ օրը լրանում էր Թուրքիայում մնալու ժամկետը: «Արմավիայի» չվերթով, կոտրված ոտքերի համար հայերին լրացուցիչ գումար տալով, տուժողները փոխադրվեցին Միքայելյանի անվան հիվանդանոց:
Գեղամ Ներսեսյանին անմիջապես վիրահատում են, նրա ոտքին ամրացվում է Ելիզարովի ապարատ:
Չունենալով իրավական դիվանագիտություն (մերը դեռ «ֆուտբոլային է»-Ռ.Մ.), տուժողները դիմում են հանրապետության գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Այս տարվա հուլիսի 1-ին պաշտպանի գրասենյակը բողոքն ընդունում է քննության, ապա օգոստոսի 18-ին այն վերադարձնում է: Օմբուդսմենը տեղեկացնում է, որ դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությանը: Վարչության պետ Տ. Սեյրանյանն իր 18-1/1/12574 գրությամբ հայտնել էր, որ այս տարվա հունվարին դիմել են գլխավոր դատախազություն, որպեսզի դիվանագիտական ճանապարհներով Թուրքիայի իրավապահ մարմիններից պարզեն, թե Գեղամ Ներսեսյանին վրաերթի ենթարկելու գործով Թուրքիայում քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, մեղավորները հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ՀՀ քաղաքացիներին պատճառված նյութական վնասը փոխհատուցվի:
Վրաստանում Հայաստանի դեսպանատունն այս հարցադրումները փոխանցում է Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, որտեղից այդպես էլ պատասխան չի ստացվում:
Ի դեպ, Հայաստանի գլխավոր դատախազությունը վկայակոչել էր «Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» 1959թ. ապրիլի 20-ի Եվրոպական կոնվենցիայի դրույթները:
Նոյեմբերի 16-ին լրանում է վրաերթի տարին: Այդպիսի բան կարող է պատահել Թուրքիա եւ առհասարակ արտերկիր մեկնող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետ:
Սակայն երբ սեփական երկիրդ մեջք չունի՝ մեր քաղաքացիների հարցը կմնա այսպես առկախ: