Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ՎԱՅՐԷՋՔ՝ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՄԱ՞Ր

Օգոստոս 27,2009 00:00

Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդանավերն արդեն ըստ իրենց հայեցողության են աշխատում՝ ուղիղ չվերթից շեղվում են եւ մինչեւ Երեւան հասնելը վայրէջք կատարում որեւէ քաղաքում, այն էլ՝ ոչ թե վթարային իրավիճակի կամ լիցքավորվելու պատճառով, այլ ձեռքի հետ մեծահարուստ հայաստանյան ուղեւոր վերցնելու համար: Մեր տեղեկություններով, օգոստոսի 19-ին «Արմավիայի» Մարսել-Երեւան ուղիղ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, որպեսզի ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ճանապարհից վերցնի ու հասցնի Երեւան: Նույն ինքնաթիռի ուղեւորներից մեկի պատմելով՝ որպեսզի ժամանակի մեջ տեղավորվի եւ «տրանզիտ» ուղեւորին չսպասեցնեն, ինքնաթիռը ստիպված Մարսելից նախատեսված ժամանակից մի փոքր շուտ է թռիչքը կատարել: Ուղեւորներից մեկի խոսքերով՝ «Ինչ է, դժվա՞ր էր Ծառուկյանին հասնել Մարսել ու շարքային ուղեւորների պես ռեգիստրացիա անցնել: Նիցցայից Մարսել՝ 200 կիլոմետր է»:

Ճանապարհից շեղվելու առնչությամբ «Արմավիայի» մամուլի ծառայությունից «Առավոտին» այսպես պարզաբանեցին. «Մարսել-Երեւան օգոստոսի 19-ի չվերթը կատարվել է ժամանակին, այդ մասին փաստում են օդանավակայանի համապատասխան գրանցումները: Ինչ վերաբերում է Նիցցայում կատարած վայրէջքին, ապա, տարբեր երկրների օդանավակայանների եւ ավիացիոն իշխանությունների հետ պայմանավորվածությունների համաձայն, ցանկացած ավիաընկերություն, այդ թվում՝ նաեւ «Արմավիան», կարող է վայրէջք կատարել աշխարհի բոլոր օդանավակայաններում, ըստ իր հայեցողության: Դրա համար կարող են լինել տարբեր պատճառներ»: Իսկ թե ի՞նչն է եղել պատճառը եւ ի վերջո այդ օրը ինքնաթիռը Նիցցայում վայրէջք կատարե՞լ է, թե՝ ոչ մեր հարցին «Արմավիայից» ասացին. «Մենք ավելացնելու ոչինչ չունենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել