Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք հայկական արտադրության գովազդներին ու դրանցում տեղ գտած, մեղմ ասած, ցածրաճաշակ, անճաշակ ու անգամ վիրավորական լուծումներին:
Երբ ձեւով՝ ընդդիմություն, բովանդակությամբ՝ իշխանություն ՀՅԴ-ն հերթական ջահելական ակցիայի պաստառներում օգտագործել էր մեծանուն Տիգրան Մանսուրյանի լուսանկարը, վերջինս ընդվզել էր: Բայց ոչ ոք պատասխանատվություն չկրեց: Իսկ հիմա «Ջերմուկ-Գրուպ» ընկերությունը իր գովազդում օգտագործում է մեծանուն Ալեքսանդր Թամանյանին, իսկ «Աշտարակ-Կաթը»՝ ռուս կայսր Պետրոս Մեծին:
Ըստ «Ջերմուկ-Գրուպի» գովազդի, «Ջերմուկ» հանքային ջուրը Ալեքսանդր Թամանյանի սեղանին է եղել, երբ նա Երեւանի հատակագծի վրա էր աշխատում: Ալեքսանդր Թամանյանը մահացել է 1936 թվականին, Ջերմուկ քաղաքը հիմնադրվել է 1935-ին, իսկ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրությունը սկսվել է 1951-ից: Այնպես որ, Թամանյանը չէր կարող «Ջերմուկ» խմել՝ այն պարզ պատճառով, որ նման հանքային ջուր չէր արտադրվում:
Պետրոս Մեծի օրոք էլ «Աշտարակ- Կաթի» թթվասերը չկար: Աշտարակ քաղաքը այն ժամանակ գյուղ կամ գյուղաքաղաք էր, ուր չկար կաթնամթերքի արտադրություն:
Հասկանալի է գովազդի պատվիրատուների մտահղացումը, բայց պատմությունը խմբագրել-սրբագրելը հասկանալի չէ: Հակառակ դեպքում կարելի է գովազդային հոլովակներում արձանագրել, որ Շամիրամի կախովի այգիները ծաղկուն եւ փարթամ էին, քանզի «Ջերմուկով» էին ջրվում, կամ խաչակիրները սկզբում հաջողությամբ էին պայքարում Տիրոջ շիրիմի համար, քանզի «Աշտարակ- Կաթի» թթվասեր էին ուտում եւ «Ջերմուկ- Գրուպի» «Ջերմուկ» խմում: Հետո հրաժարվեցին դրանցից ու սկսեցին պարտվել: Կամ, փառք Աստծո, որ Հիտլերը, Մուսոլինին կամ Ֆրանկոն «Ջերմուկ» չէին խմում, թե չէ ֆաշիզմի հաղթանակը անխուսափելի կլիներ: Չինական պարիսպը այդքան ամուր եւ դիմացկուն է, որովհետեւ շաղախի բաղկացուցիչներից մեկն էլ «Ջերմուկն» է: «Աշտարակ-Կաթի» թթվասեր են օգտագործել Պիզայի աշտարակը կառուցելիս եւ հենց այս պատճառով Պիզայի աշտարակը համառորեն «կռանում», բայց չի փլվում:
Այսպես շարունակելու դեպքում հայկական արտադրության գովազդից կտեղեկանանք, որ եգիպտական բուրգերի կառուցման գաղափարը ծնվել է «Ջերմուկի» շշին նայելիս, իրականում Ազատության արձանը ոչ թե ջահով կին է, այլ «Ջերմուկով» եւ «Աշտարակ-Կաթի» թթվասերով կին:
«Ջերմուկ-Գրուպի» սեփականատերը հանրապետական Աշոտ Արսենյանն է, «Աշտարակ-Կաթի» սեփականատերն էլ իշխանությունների հետ կապեր ունի: Եթե հանրապետականները պետության կառավարմանը մոտենում են այնպիսի ճշտությամբ, ճշտապահությամբ եւ հավաստիությամբ, ինչպես սեփական ունեցվածքի գովազդին, ապա ՀՀ քաղաքացիներին կարելի է միայն կարեկցել եւ ցավակցել: Եվ, ի դեպ, մարտի 1-ի ողբերգության իրական պատճառները բացահայտելու կոչված խորհրդարանական հանձնաժողովը վստահված է հենց հանրապետականի:
Հ. Գ. Անգլիական հայտնի ասացվածք կա. գովազդը պետք է հասկանալի լինի նաեւ հիմարին, բայց մի մոռացեք, որ հեռուստադիտողը հիմար չէ: Վստահ եմ, որ հայրենի գովազդատուներն ու գովազդ արտադրողները սրան տեղյակ չեն: