Անցանկալի հղիությունից «ապօրինի» ազատող բուժհաստատություններն առաջարկում են ընդամենը 1 ժամում հաբերի միջոցով ընդհատել հղիությունը:
Անցանկալի հղիությունից ազատվելու համար Հայաստանում մի շատ տարածված միջոց կա, որին դիմում է կանանց զգալի մասը. դեղատնից գնում են հակախոցային դեղեր, ու դրանք ընդունելուց հետո պտուղը վիժում է: Չնայած դա բավականին հին ու փորձված միջոց է, բայց կնոջ կյանքի համար կարող է խիստ վտանգավոր լինել: Շատերն այդ կարգի դեղերից հետո արնահոսում են ու, բժիշկների հավաստմամբ, նրանց կյանքը փրկել այլեւս չի հաջողվում:
Այս մասին «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը մտահոգություն հայտնեց, որ հակախոցային այդ դեղերը դեղատներում վաճառվում են առանց դեղատոմսի, իսկ դա մեծացնում է տան պայմաններում ինքնավիժում իրականացնող կանանց թիվը, նրանք կարողանում են անարգել ձեռք բերել այդ դեղերն ու հետո լուրջ բարդությունների առաջ են կանգնում:
Հղիության ընդհատման համար կա ավելի քաղաքակիրթ տարբերակ՝ գործիքային մաքրում կամ թեկուզ դեղորայքային ընդհատում, բայց՝ միայն բժշկի զննումից հետո:
Այսօր որոշ մասնավոր կենտրոններ, օրինակ, «On clinic»-ը, իրականացնում է հղիության արհեստական ընդհատում եւ նույնիսկ գովազդում է այդ մասին: Ներկայանալով որպես անցանկալի հղիություն ունեցող կին, փորձեցինք ճշտել, թե այնտեղ կլինիկական պայմաններում ի՞նչ միջոցներով են առաջարկում ընդհատել հղիությունը: Մարինե ներկայացած աշխատակցուհին միանգամից սկսեց ոգեւորել, որ իրենց մոտ ակցիա է, 9000 դրամ արժեցող բժշկի կոնսուլտացիան այժմ ընդամենը 4500 դրամ է, եւ ասաց, որ կարող է հենց հիմա գրանցել ինձ. «Կգաք, բժիշկը ներարգանդային զննում կանի, ձեզ հարմար մի դեղ կտա, ընդամենը 1 ժամում կվիժեք ու կգնաք տուն»: Նշենք, որ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետը վստահեցնում էր, որ հղիության դեղորայքային ընդհատումը տեւում է մոտ 2 շաբաթ, որոշ դեպքերում՝ նույնիսկ 40 օր. «Կինը պետք է խմի մեր նշանակած դեղից 1 հաբ, 48 ժամ հետո երկու հաբ դնի այտերի արանքում, որից հետո կսկսվի վիժման երեւույթը, որը կարող է տեւել մինչեւ 40 օր, ու հենց այդ է պատճառը, որ շատ դեպքերում կանայք միանգամից պահանջում են գործիքային մաքրման տարբերակը՝ այդքան երկարատեւ պրոցեսներ չանելու համար»: Այդքան կարճ ժամանակում թե կոնկրետ ինչ «հրաշագործ» դեղերով է «On clinic»-ը վիժում առաջացնում, չնշեցին՝ պատճառաբանելով, որ դեղի ընտրությունը կախված է կնոջ տարիքից ու գիրությունից: Նկատենք, որ այս կլինիկան նման ծառայություն մատուցելու իրավունք ընդհանրապես չունի: Կառավարության 1116-N որոշմամբ հստակ սահմանված են հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները: Ըստ այդմ, աբորտները թույլատրվում են իրականացնել միմիայն մանկաբարձագինեկոլոգիական բուժհաստատությունների ցերեկային ստացիոնարներում: Գ. Ավագյանի խոսքերով՝ «Պոլիկլինիկան չի կարող այդ ծառայությունը մատուցել, որովհետեւ ամեն մի աբորտ, թեկուզ դեղորայքային, կարող է ունենալ հազար ու մի բարդություն եւ եթե նման խնդիր առաջանա, կինը արյունահոսի, պոլիկլինիկան չի կարող ոչնչով օգնել, արգանդի խոռոչը պետք է լավ մաքրվի, պետք են լուրջ բժշկական միջամտություններ, դրա համար չի թույլատրվում կլինիկաներին այդ ծառայությունը մատուցել: Իսկ «On clinic»-ը շարունակում է իրենց դիմած հղի կանանց ասել, որ «պրոբլեմ չկա»՝ ու ապօրինի ծառայություն մատուցել»:
Մեր հարցին՝ ի՞նչ անի կինը, որպեսզի հղիության ընդհատման հետ կապված խնդիրներ չունենա՝ Գ. Ավագյանը պատասխանեց. «Ճիշտը պաշտպանվելն է, որովհետեւ ցանկացած աբորտից հետո հավանական է չբերության առաջացում: Եթե քաղաքակիրթ կինը սեռական կյանքով ապրում է ու չի ուզում ծննդաբերել, ուրեմն պետք է օգտագործի հակաբեղմնավորիչ միջոցներ, ոչ թե անընդհատ հղիանա՝ գնա աբորտ անի: Դրա համար կան բազմաթիվ ժամանակակից հակաբեղմնավորիչներ. հորմոնալ հաբեր, դեղորայքներ, ներարգանդային պարույրներ: Իսկ եթե կինն արդեն հղիացել է, կարծում եմ, ամեն դեպքում դեղորայքային ընդհատման հետեւանքներն ավելի մեղմ են օրգանիզմի վրա, քան գործիքային մաքրումից հետո»: Տիկին Ավագյանը դիտավորյալ հղիության ընդհատման դեպքում բժիշկների նշանակած որեւէ կոնկրետ դեղորայքի անուն չասաց, որովհետեւ դրանք նույնպես առանց դեղատոմսի են բաց թողնվում դեղատնից, ու չի բացառվում, որ կանայք հիմա էլ սկսեն այդ դեղերը գնել՝ հղիության ընդհատման համար: Մինչդեռ այդ դեղերն ընդունելուց առաջ կինը պետք է բուժզննում անցնի՝ պարզելու համար՝ հղիությունն արգանդայի՞ն է, թե՞ ոչ, եթե պարզվի, որ արտաարգանդային է, դեղերից հետո կսկսվի ներքին արյունահոսություն ու կինը կարող է իր կյանքով հատուցել այդ սխալի համար: Բացի այդ, բժիշկը պետք է հստակ որոշի կնոջ հղիության չափը, որովհետեւ դեղերն արդյունավետ են մինչեւ 9 շաբաթական հղիության դեպքում:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում տարեկան իրականացվում է 12 հազար 469 հղիության ընդհատում, որից միայն 3500-ն են կազմում ինքնաբեր վիժումները: Չնայած տարեցտարի հղիության արհեստական ընդհատման դեպքերն ավելանում են, ըստ Գայանե Ավագյանի՝ դա խնդիր չէ, քանի որ ծնելիությունը նույնպես աճում է. «Հայաստանն այդ առումով շատ լավ վիճակում է, 1000 կնոջ հաշվով 270-280 աբորտ է լինում: Իսկ Ռուսաստանում 1000 կենդանածնությանը համընկնում է 2200 աբորտ, այսինքն՝ ավելի շատ ընդհատում են հղիությունը, քան ծննդաբերում: Հայաստանում պտղաբերության «պիկը» 20-24 տարեկանում է, աբորտների «պիկը»՝ 30-ն անց տարիքն է, սա վկայում է այն մասին, որ մեր երկրում դեռեւս լավագույն ավանդույթները շարունակվում են. կանայք առաջին հղիությունը չեն ընդհատում: Աշխարհում նման տենդենց չկա, ասում են՝ մի քիչ կյանք վայելենք, նոր երեխա կունենանք, բայց հետո ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով են վարակվում, բազմաթիվ կանացի խնդիրներ են ունենում ու էլ չեն կարողանում պտուղ տալ: Մեր երկրում կինն արհեստական ընդհատում է իրականացնում միայն 2-րդ, 3-րդ երեխայի դեպքում»: