«Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացրել է այն մասին, որ «ընկերության հանդեպ կատարվող անօրինականությունները շարունակվում են»: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ «Ընկերությունը բազմիցս դիմել է ԴԱՀԿ ծառայությանը՝ խնդրելով տրամադրել կատարողական վարույթի նյութերը, սակայն առ այսօր ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում դրանք: Ավելին, ընկերությունն այդ թղթերի պատճենները տրամադրելը պարտավորեցնելու պահանջով դիմել է ՀՀ վարչական դատարան: Գործն արդեն 5 ամիս քննվում է դատարանի կողմից»:
Ըստ գործարանի ղեկավարության, «կատարողական վարույթի նյութերի պատճենների չտրամադրելու պատճառը շատ պարզ է, «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ընկերության կողմից, որը հաղթել էր աճուրդում, գումարն իրականում չի վճարվել: Համոզված ենք, որ որեւէ բանկային փոխանցում չի իրականացվել այս ընթացքում: Եվ ԴԱՀԿ ծառայությունը հավանաբար կեղծ դրամարկղի մուտքի անդորրագիր պատրաստելով՝ սպասում էր, որ փաստացի գումարը համալրվի: Հարց է ծագում, թե ինչո՞ւ ԴԱՀԿ ծառայությունը «ստացված» ահռելի գումարը չի փոխանցել պետական բյուջե, ինչն է պատճառը»: Ըստ ընկերության ղեկավարության, «որոշ իշխանավորներ, տեսնելով, որ չեն կարողանում արագ եւ առանց արձագանքի խլել գործարանը, փորձում են այդ կատարել սնանկության ճանապարհով: Ավելին, սնանկության կառավարչի միջոցով, փորձում են ուրիշի սեփականությունն օգտագործել եւ արտադրանք տալ: Չնայած նույն «ցավացող» մարդկանց թեթեւ ձեռքով գործարանի արտադրական կազմակերպման վիճակն այնքան է վատացել, որ հազիվ թե դա հնարավոր լինի վերականգնել երկար ժամանակ»: