Ըստ Կենտրոնական բանկի, հայկական դրամի արժեզրկումը տարվա այս ժամանակահատվածի համար սովորական երեւույթ է:
Նախորդ ամիսների ընթացքում քիչ թե շատ կայունացած դոլարի փոխարժեքը օգոստոսի կեսերից սկսեց նորից բարձրանալ: Եթե ամսվա սկզբին $1-ը 360-361 դրամ էր, ապա նախորդ շաբաթվանից դոլարի փոխարժեքը սկսեց բարձրանալ: Երեկվա դրությամբ, Կենտրոնական բանկի տվյալներով, $1-ը գնահատվում էր 375.39 դրամ, իսկ փոխանակման կետերում այն վաճառվում էր 376-378 դրամով:
Հայկական դրամի արժեզրկումը բնակչության շրջանում մտահոգության տեղիք տվեց, մանավանդ որ, որոշ վերլուծաբաններ ու տնտեսագետներ հայտարարեցին, թե չի բացառվում, որ կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա մարտի 3-ին: Այսինքն, երբ ԿԲ-ի «թեթեւ ձեռքով» ընդամենը մի քանի ժամվա մեջ $1-ի փոխարժեքը 308-310 դրամից դարձավ 385 դրամ: Արդյունքում՝ դրամի շարունակական արժեզրկման մտավախությունը դրդեց մարդկանց խնայողությունները դրամայինից փոխել դոլարայինի, քանի որ, շատերի կարծիքով, դոլարը ավելի վստահելի, կայուն եւ աճող արժեք է: Ազգային արժույթի նկատմամբ անվստահությունը հանգեցրեց նրան, որ ԿԲ-ն արձանագրեց, որ Հայաստանում դոլարիզացիան հասել է բավականին բարձր մակարդակի՝ ավանդների ավելի քան 70%-ն արտարժույթով է:
Երեւույթը բացասական է այն առումով, որ դրամը շարունակաբար արժեզրկվում է, իսկ հետեւանքն էլ այն է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրը մեխանիկորեն որոշակի դրամական կորուստ է ունենում:
Նախօրեին «Հայաստանի բանկերի միության» նախագահ Էմիլ Սողոմոնյանը կարծիք հայտնեց, որ «նախքան ճգնաժամը, այսինքն՝ մինչեւ 2008-ի կեսերը, մեր բոլոր ավանդների գերակշռող մասը դրամային էր: Թե ֆիզիկական եւ թե իրավաբանական անձինք իրենց միջոցները պահում էին բացառապես դրամով: Իսկ մարտի 2-ից հետո բոլորն իրենց խնայողությունները նորից դոլարի վերածեցին: Եվ եթե նման գործելաոճը շարունակվի, ապա այն կարող է մեզ համար շատ անցանկալի հետեւանքներ ունենալ»:
Ինչ վերաբերում է այս ամիս նկատվող դրամի շարունակական արժեզրկմանը, ապա որոշ մասնագետներ խնդիրը մեկնաբանեցին այսպես. «Ճգնաժամի պարագայում առեւտրային բանկերն իրենց ապահովագրելու համար մեծ քանակությամբ դոլար են կուտակել, ինչի հետեւանքով էլ դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ բարձրացել է, որն էլ հանգեցրել է դոլարի արժեւորմանը»: Ըստ «Մեդիամաքսի», «Ռենեսա» ներդրումային ընկերությունում եւս վստահ են, որ ՀՀ բանկերում կուտակված միջոցների մեծ ծավալը չէր կարող չազդել արժույթի շուկայի վրա:
Ներդրումային ընկերության կանխատեսմամբ, դոլարը շարունակելու է ամրապնդվել՝ միաժամանակ չգերազանցելով 378 դրամի շեմը:
Բնականաբար, տարադրամի փոխարժեքի վրա էական ազդեցություն ունեցավ նաեւ տրանսֆերտների կտրուկ անկումը: Եթե նախորդ տարիներին անհատական տրանսֆերտների ձեւով Հայաստան էր մտնում տարեկան մոտ $3 միլիարդ, ապա ընթացիկ տարում այդ թիվը եռակի նվազեց, ինչը եւս հանգեցրեց դոլարի նկատմամբ պահանջարկի աճին:
Շարքային քաղաքացու համար դոլարի փոխարժեքի բարձրացումն առաջին հերթին ասոցացվում է գնաճի հետ, ինչը եւ տեղի է ունենում այս օրերին, մասնավորապես՝ շաքարավազի, կարագի եւ բուսական յուղի շուկաներում, իսկ գործարարների համար այն նշանակում է հազարավոր դոլարների կորուստ, որը, իհարկե, հետո կփոխհատուցվի՝ դարձյալ շարքային քաղաքացիների գրպանից:
Եթե իսկապես առեւտրային բանկերը գնել եւ իրենց պահուստներում կուտակել են Հայաստանում ազատ շրջանառվող դոլարի մեծ մասը, ապա դա ենթադրում է, որ մեր բանկերը բավարար լիկվիդայնություն չունեն: «Առավոտը» փորձեց Կենտրոնական բանկից պարզել, թե որքանո՞վ է օբյեկտիվ դրամի արժեզրկումը եւ արդյո՞ք ԿԲ-ն հրահանգել է առեւտրային բանկերին՝ ճգնաժամի պարագայում ապահովել իրենց բացասական ռիսկերից եւ դոլար կուտակել: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ, դոլարի արժեւորումը պարզապես սեզոնային բնույթ է կրում, որը տարվա այս ժամանակահատվածում մշտապես կրկնվում է: Ինչ վերաբերում է բանկերի կողմից դոլարի պահուստավորմանը, ապա ԿԲ-ից պատասխանեցին, որ իրենց կողմից նման ոչ մի ցուցում բանկերին չի տրվել:
Ստացվում է, որ եթե դոլարի փոխարժեքի բարձրացումը սեզոնային է, ինչը պայմանավորված է հիմնականում առեւտրի ծավալների, հետեւապես՝ նաեւ ներկրվող ապրանքների ավելացմամբ, ապա սեպտեմբերի վերջին դոլարի փոխարժեքը դարձյալ պետք է լինի գոնե 360 դրամ: