Սեփականության իրենց իրավունքը փորձում են պաշտպանել քաղաքացիներ Կարեն Պողոսյանը, Սուսաննա Բարսեղյանն ու ՀՀ գլխավոր դատախազի ընտանիքը:
Երեկ «Առավոտ» այցելած ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանը պնդում էր, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փորձում է իրենից խլել իր սեփականությունը հանդիսացող 1000 քմ ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը: Գլխավոր դատախազը, ըստ Պողոսյանի, դա փորձում է անել ոչ թե անձամբ, այլ՝ Երեւանի քաղաքապետարանի ձեռքով: Այս գործին միայն անցած շաբաթ միանգամից երկու պարբերականներ են անդրադարձել, ու քանի որ խնդրի մասին արդեն գրվել է, ուստի կարճ ամփոփենք դրա էությունը: Այն է՝ Երեւանյան լճին հարող տարածքում, Բագրատունյաց փողոցի հարեւանությամբ, ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանին պատկանող 1000 քմ ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ետնամասում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայրը՝ Գառնիկ Հովսեփյանը, գյուղատնտեսական նշանակության 18000 քմ ընդհանուր մակերեսով 2005թ.-ին սեփականաշնորհված հողատարածքը ժառանգել է իր որդուն՝ Հրաչյա Հովսեփյանին:
Վերաքննիչ դատարանը Կ. Պողոսյանին պատկանող սեփականության իրավունքն անվավեր է ճանաչել: Սա այն դեպքում, երբ Պողոսյանը 1991թ.-ից սկսած 10 տարի շարունակ բարեխղճորեն օգտագործել է 1000 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը, 2001-ին դիմել է Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարան՝ հիշյալ տարածքը «տիրազուրի ճանաչելու, դրա նկատմամբ վաղեմությամբ սեփականության իրավունքը ճանաչելու եւ հողի նկատմամբ իր օգտագործման իրավունքը ճանաչելու» պահանջով: Դատարանը՝ դատավոր Մերանգուլյանի նախագահությամբ, 2001-ի հունիսի 8-ին հայցը քննելիս արձանագրել էր, որ Կ. Պողոսյանը «1000 քմ ընդհանուր մակերեսով տարածքը մաքրել եւ դրա վրա իր միջոցներով կառուցել էր 500 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինություններ», նաեւ, որ 10 տարիների ընթացքում «բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետել է ե՛ւ հողատարածքին, ե՛ւ շինությանը՝ որպես սեփական գույք, կատարել վճարումներ դրա պահպանման համար», եւ արդյունքում բավարարել էր հայցը՝ հողատարածքը «հանձնել Կ. Պողոսյանին սեփականության իրավունքով եւ թողնել նրա օգտագործմանը»: Դատարանի վճիռը սահմանված ժամկետում չէր բողոքարկվել եւ մտել էր օրինական ուժի մեջ: 2002-ի ապրիլին որպես հիշյալ գույքի օրինական օգտագործող՝ Կ. Պողոսյանը դիմել էր անշարժ գույքի կադաստր եւ ստացել էր այդ տարածքի 99 տարով վարձակալության իրավունք, իսկ 2003-ի մայիսին ուղիղ վաճառքով, կադաստրային արժեքով՝ 1.465.000 դրամ, գնել էր այն եւ ստացել էր սեփականության վկայական: Մեր ձեռքի տակ կան նաեւ համապատասխան կտրոններ, որոնք ապացուցում են, որ Պողոսյանը անցած տարիների ընթացքում պարտաճանաչորեն կատարել է գույքի օգտագործման, նաեւ տնօրինման բոլոր հարկային պարտավորությունները, գույքահարկը վճարված էր ընթացիկ տարին ներառյալ:
Այս պատմության վերաբերյալ միանգամայն այլ է ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը: Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետարանը 2009թ. փետրվարի 24-ի գրությամբ գլխավոր դատախազությանը հայտնել է, որ քաղաքապետարանը 2008թ. հունիսի 19-ի թիվ 2768-Ա որոշմամբ քաղաքացի Սուսաննա Բարսեղյանին աճուրդով վաճառել է Երեւանյան լճի մոտ՝ Իսակովի պողոտա 15/24 հասցեում գտնվող 6923.4 քմ հողատարածքը, որի սեփականության իրավունքի գրանցումը կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանումը 2008թ. հոկտեմբերի 27-ի գրությամբ մերժել է: Հիմնավորումն այն է եղել, թե Բարսեղյանին վաճառված գույքը՝ 2441.2 քմ հողամասի չափով, համադրվում է հարեւանությամբ գտնվող եւ քաղաքապետի 2005թ. օգոստոսի 15-ի թիվ 1744-Ա որոշմամբ Հրաչիկ Հովսեփյանին վաճառված եւ 2005թ. օգոստոսի 24-ին պետական գրանցում ստացած 1,8 հա հողամասի հետ։ Ասել է թե՝ Ս. Բարսեղյանին հողատարածքը վաճառվել է Հ. Հովսեփյանի՝ արդեն սեփական հողակտորի հաշվին: «Առավոտին» դատախազությունում պարզաբանեցին, որ քաղաքապետարանը փորձել է ճշտել, թե ի՞նչ հանգամանքներում է հնարավոր եղել այդ համադրումը, եւ հարցումով դիմել է կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանում: Արդյունքում պարզվել է, որ նույն տարածքի հարեւանությամբ, Բագրատունյաց փողոցի վրա, կա եւս մեկ հողատարածք՝ 1000 քմ ընդհանուր մակերեսով, որի սեփականաշնորհման գործընթացը անօրինական հիմքերով է իրականացվել: Թե ի՞նչ կապ ունի այդ հարեւան՝ Կ. Պողոսյանին պատկանող հողատարածքի հետ Հովսեփյանի եւ Բարսեղյանի սեփականությանն առնչվող խնդիրը՝ մնում է անհասկանալի: Դատախազությունում ասում են, որ դա որեւէ առնչություն չունի Կ. Պողոսյանի ունեցվածքը, իբր, խլելու մտադրությունների հետ, ինչպես վերջինս է պնդում: Պարզապես, ըստ դատախազության, տվյալ դեպքում ի հայտ է եկել պետական շահի ոտնահարման փաստ, որի առնչությամբ էլ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նյութեր են նախապատրաստվել: Այդ ընթացքում պարզվել է, որ Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի անվամբ կազմված եւ Գեղարքունիքի մարզի դատարանի՝ առանց համարակալման կնիքով կնքված 2001թ. հունիսի 8-ի ամսաթվով թվագրված թիվ 2-885 վճիռն ի սկզբանե անօրինական է եղել, ըստ դատախազության՝ մի քանի պատճառներով: Նախ՝ հիշյալ համարակալման տակ Շենգավիթի դատարանում քննվել է ոչ թե Կ. Պողոսյանի, այլ միանգամայն այլ գործ: Երկրորդ, դատավոր Մերանգուլյանը իրավունք չուներ Կ. Պողոսյանի գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնել հունիսի 4-ին, որովհետեւ այդ պահին նա դեռ Շենգավիթի դատարանի դատավոր չէր եւ Գեղարքունիքի մարզից Շենգավիթի դատարան գործուղվել էր ընդամենը երեք ամիս ժամանակով, այն էլ՝ Վճռաբեկ դատարանի նախագահի 2001թ. հունիսի 5-ի կարգադրությամբ: Երրորդ, դատարանի վճիռը կայացվել է առանց Երեւանի քաղաքապետարան համապատասխան հարցումներ կատարելու: Փոխարենը՝ դատարանի 2001թ. հունիսի 8-ի իր վճռում որպես Կ. Պողոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու ապացուցողական հիմք դատարանը վկայակոչել է «Հաղթական կամար» եւ «Կամո եւ Կորյուն» ՍՊ ընկերությունների կողմից դատարանին տրված 2001թ. ապրիլի 11-ի գրությունները՝ Կ. Պողոսյանի կողմից 1000 քմ տարածքը «բարեխղճորեն, անընդմեջ տիրապետելու» մասին՝ այն դեպքում, երբ այդ ընկերությունները ստեղծվել են 2001թ.-ին, իսկ «Կամո եւ Կորյուն» ՍՊԸ-ն, որպես իրավաբանական անձ, պետռեգիստրում գրանցվել է 2001թ. հունիսի 14-ին՝ վճիռը կայացնելուց 6 օր հետո, ուստի նրանց գրությունները հավաստի չեն: Չորրորդ, Կ. Պողոսյանի անվամբ հիշյալ հողատարածքը վարձակալության տալիս, ապա նաեւ որպես սեփականություն գրանցելիս խախտվել են ՀՀ «Հողային օրենսգրքի» 118-րդ հոդվածի պահանջները: Ահա այս հիմքերով Գլխավոր դատախազությունը դիմել է Վերաքննիչին, վերջինս էլ նույն հիմքերով բեկանել էր 1-ին ատյանի դատարանի վճիռը: Թե որքանո՞վ է մեղավոր իր սեփականությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած Կ. Պողոսյանը՝ դժվար է ասել: Փոխարենը Գլխավոր դատախազությունում պարզաբանում են՝ «անկախ կարգավիճակից ու զբաղեցրած դիրքից, անկախ նրանից, թե ով ում եղբայրն է կամ ում որդին, կամ հայրը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, Հովսեփյանները նույնպես ունեն սեփականության եւ այդ սեփականությունը պաշտպանելու իրավունք», որը տվյալ դեպքում խախտվել է Երեւանի քաղաքապետարանի՝ այլ քաղաքացուն հողհատկացման որոշումով: «Հովսեփյանները ընդամենը ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքը եւ ոչ մեկի նկատմամբ ո՛չ բողոք են ներկայացրել, ո՛չ որեւէ մեկից պահանջ ունեն եւ ո՛չ էլ որեւէ մեկի սեփականության նկատմամբ երբեւէ որեւէ նկրտումներ են ունեցել»,- վստահեցնում են Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, թե Կ. Պողոսյանը «շահարկելով գլխավոր դատախազի անունը՝ հրապարակային շանտաժի միջոցով փորձում է պահպանել ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերած հողատարածքը»։
Կ. Պողոսյանը Վերաքննիչի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում: