Մեր տեղեկություններով, մինչեւ սեպտեմբերի վերջ իրենց պաշտոններից կհեռացվեն Հայաստանի տասը մարզպետներից հինգը:
Մեր աղբյուրները պնդում են, որ հեռանալու են Արարատի, Արմավիրի, Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզպետները: Որքան էլ տարօրինակ է, բայց քրեական աղմկոտ պատմություններից անբաժան, մականունավոր Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետը, մնալու է իր աթոռին: Սա տարօրինակ է նաեւ այն առումով, որ միանգամից հինգ մարզպետի փոփոխությունը նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղել այսօր օրակարգում եւ հրապարակի վրա եղած այլ հարցերից:
«Վտանգավոր գոտում» հայտնված մարզպետերից «ամենաերկարակյացը» Տավուշի մարզպետն է՝ Արմեն Ղուլարյանը՝ պաշտոնավարում է 1999 թվականի փետրվարից: Հետո Կոտայքի մարզի գրեթե բոլոր պաշտոնները իր ընտանիքի անդամներին եւ հարազատներին «ընծայած» մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ աշխատում է 2001 թվականի հունվարից: Մյուսների մարզպետային կենսագրությունը շատ ավելի համեստ է: Մեր աղբյուրը հիշեցնում է, որ մարզպետներին հանելու հիմք ունենալու համար էր, որ այս տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով Արարատի եւ Արմավիրի մարզպետների աշխատանքը անբավարար գնահատվեց: Իսկ «երկարակյացներին» ազատելու հող միշտ էլ կգտնվի:
ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն, մարզպետները ազատվում եւ նշանակվում են կառավարության որոշմամբ: ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում վերջին երկու օրերին հեռախոսազանգերին պատասխանող չկար: