Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրական պորտֆելները տրվում են էլիտային»

Օգոստոս 27,2009 00:00

Տիգրան Կարապետյանը ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմի՞

– Մոտավորապես երեք ամիս է՝ խոսվում է ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցության մասին, բայց այն այդպես էլ չի կայանում, գոնե, ասենք, որոշակի հարցերի շուրջ: Ըստ ձեզ, ո՞րն է պատճառը:

– Ես վստահ եմ, որ նման համագործակցություն չի լինի, որովհետեւ Դաշնակցությունն ազգային ուժ է: Ճիշտ է, բավականին ազդեցություն ունեն ՀԱԿ-ն էլ, «Ժառանգությունն» էլ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է դառնալ ոչ ավել, ոչ պակաս՝ հանրապետության նախագահ: Ինքը անպայման կասի, որ իրեն միանան: ՀՅԴ-ն երբեւէ կմիանա՞:

– Այսինքն՝ ամբիցիանե՞րն են պատճառը:

– Չէ, Դաշնակցությունն ուրիշ նպատակներ ունի, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ուրիշ: «Ժառանգությունն» ուզում է օգտագործել ամեն ինչ, որպեսզի ունենա մեծ ընդդիմադիր էլեկտորատ: Հիմա նա սպասում է, որ ՀԱԿ-ը սխալ անի կամ ժողովուրդը հիասթափվի, որպեսզի ոտքի կանգնեն: Րաֆֆի Հովհաննիսյանն իր աստեղային ժամին է սպասում: Ինքը ռեսուրս չունի եւ ՀՅԴ-ն իրեն պետք է որպես ռեսուրս, բայց ես նման մոտեցումները, առավել եւս՝ զարգացումները, իրատեսական չեմ համարում:

– Իսկ ո՞ր զարգացումներն եք իրատեսական համարում:

– Ըստ իս, ապագա խորհրդարանը կձեւավորվի երեք նախագահների ջանքերով: Թե ում՝ որքա՞ն եւ ի՞նչ պայմանավորվածություն կլինի՝ չգիտեմ, բայց արդեն պարզ է, որ Տեր-Պետրոսյանին տեղ կտան, դե, Քոչարյանի ուժերը կան: Երեք նախագահներն էլ խորհրդարանում ներկայացված կլինեն: Ես դա բացասական եմ համարում այն առումով, որ ժողովրդավարությունը, փաստորեն, մեզանում չի կայացել: Ընտրական պորտֆելները տրվում են միայն էլիտային, այն էլիտային, որոնք ունեն փող, ներուժ, ուժ:

– Շուտով «մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կներկայացնի իր զեկույցը, իսկ մինչ այդ՝ Փաստահավաք խմբի տարբեր անդամներ տարբեր հայտարարություններ արեցին. ի՞նչ ակնկալիքներ ունեք հրապարակվելիք զեկույցից:

– Հանձնաժողովից ակնկալելու բան էլ չկա: Ինչ էլ անեն, մեկ է՝ բյուջեն չի լցվում, բյուջեն դատարկ է: Այդ ուժերը այնքան են տարբեր ճանապարհներ անցել, որ հիմա կփորձեն սկզբունքայնություն ցուցաբերել. միեւնույն է, իշխելը շատ դժվար կլինի: Բոլորը գերխնդիր ունեն ու դրա տակ գումարներ են ստացել, ջանքեր են դրել:

– Ո՞րն է գերխնդիրը եւ ի՞նչ գումարների մասին է խոսքը:

– Իշխելը: Ու դրա համար դրսից գումարներ են ստացել՝ Ռուսաստանից, Արեւմուտքից: Խրախուսում են: Եթե, ասենք, Վարդան Օսկանյանի ներքո, իր համար ստեղծվեց հիմնադրամ, այլ ուժերի համար էլ ստեղծվեցին այլ գործակալություններ, որոնք պետք է իրենց ֆինանսավորեն: Բայց ժողովուրդն այնքան է հիասթափվել, որ չեմ կարծում, թե մեր ձայներին կտիրանան: Դաշնակցությունը մենակ չի կարող գնալ, անպայման կփորձի մեկի հետ դաշինք ստեղծել, բայց միայն ընտրության դաշինք, եւ դա չի լինի «Ժառանգությունը»:

– Իսկ ո՞վ կլինի: Գուցե ձե՞ր կուսակցությունը:

– Չկա, ձայներ չեն տալիս, ժողովուրդը հիասթափված է:

– ՀԱԿ-ի՞ն էլ չեն վստահում:

– ՀԱԿ-ը մի քիչ այլ է, այն իմաստով, որ հանդիպումներ են ունենում մարզերում, բայց այնտեղ էլ ներսում խմորումներ կան: Կա ծայրահեղական թեւ, որը գործողություններ է պահանջում, եւ ավելի սպասողական քաղաքականություն որդեգրածներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել