«Հոկտեմբերի 27-ի» գործի մասին ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը
– Մարզային հանդիպումներից մեկի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսելով ընտրությունների մասին՝ ասել էր, որ 98-ից սկսած, ընտրությունների արդյունքները գողացվել են, դուք «Ա1+»-ի միջոցով հակադարձել էիք՝ ասելով, որ միակ արդար նախագահական ընտրություններն անցկացվել են 91-ին, իսկ խորհրդարանականներից արդար են եղել միայն 99-ի ընտրությունները, երբ հաղթեց «Միասնություն» դաշինքը: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ որոշակի տարաձայնություններ կան ձեր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, եթե՝ այո, որքանո՞վ են դրանք խորքային եւ լուրջ:
– Ես ասել եմ այն, ինչ ասել եմ միշտ: Այո, կասկած չեն առաջացրել երկու ընտրություններ՝ 91-ի նախագահական ընտրությունները եւ 99-ի խորհրդարանական ընտրությունները: Իհարկե՝ փաստ է, որ գնալով կեղծիքների մեխանիզմները կատարելագործվում են, ընտրությունները իսկապես կորցնում են իրենց իմաստը, եւ ես չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կիսում իմ կարծիքը 99-ի ընտրությունների վերաբերյալ:
Իսկ խորքային տարաձայնությունների մասին խոսելն ավելորդ է:
– Ես շատ լավ հիշում եմ, երբ դուք դարձաք ՀԺԿ նախագահ՝ ձեր գործունեությունը սկսեցիք մարզերից եւ տարիներ շարունակ մարզային այցելությունների գրեթե ռեկորդ սահմանեցիք: Որպես այս ասպարեզում փորձ ունեցող գործիչ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ են տալիս ՀԱԿ մարզային այցերը եւ կոնկրետ ձեր գլխավորած ՀԺԿ-ն ինչպիսի՞ ակտիվություն է դրսեւորում այդ այցերում:
– Շփումները ժողովրդի հետ անչափ կարեւոր են, եւ այժմ էլ մենք կարեւորում ենք հանդիպումները թե մեր ակտիվիստների, թե բնակչության հետ: Համագործակցելով ՀԱԿ-ի շրջանակներում՝ ՀԺԿ-ն եղել եւ մնում է Կոնգրեսի առանցքային ուժերից մեկը, եւ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում մեր կուսակցության ամրապնդման համար, իսկ մեր կուսակցական ակտիվի հետ հանդիպումները շարունակական են:
– Դուք նաեւ լավ փորձ ունեք «Արդարություն» դաշինքի հետ կապված: Երբ ստեղծվում էր այդ դաշինքը, նույն կասկածները կային, որ տարբեր գաղափարական եւ մարդկային դիմագիծ ունեցող քաղաքական ուժերը չեն կարող միասին աշխատել: Որոշ ժամանակ հետո, իրոք, դաշինքը կազմալուծվեց: Այդ փորձը ունենալով հանդերձ, ՀԺԿ-ն դարձյալ մտավ նմանատիպ մի կառույցի մեջ: Եվ այդ նույն կառույցում են նաեւ մարդիկ, ովքեր ձեզ ժամանակին քննադատում էին ոչ գաղափարական դաշինք ստեղծելու համար:
– «Արդարությունը» հավերժ դաշինք չէ: «Արդարությունը» ստեղծվել էր ընտրությունների ժամանակ եւ գործեց մինչեւ հաջորդ ընտրություններ եւ ոչ թե փլուզվեց՝ ի տարբերություն կոալիցիայի: Ոմանք ասում էին, թե դաշինքը գաղափարական չէ: Բայց դաշինքն ուներ իր միասնական համաձայնեցված ծրագիրը: Հիմա ուրախ եմ, որ ի վերջո այդ նույն մարդիկ հասկացան, որ հանուն սահմանադրական կարգի հաստատման՝ անհրաժեշտ է համախմբում: ՀԱԿ-ը նույնպես ստեղծվել է այդ նպատակի համար:
– Ի դեպ, սահմանադրական կարգի եւ ճանապարհի մասին եւս մեկ հարց: Ժամանակին, երբ դուք խոսում էիք սահմանադրական ճանապարհի մասին, որոշ գործիչներ, ներեցեք, մամուլում եւ մասնավոր զրույցներում հեգնանքով էին խոսում այդ ճանապարհի մասին, բայց այսօր նրանք նույն ձեւով հայտարարում են, թե գնալու են միայն սահմանադրական ճանապարհով: Դուք նրանց այս մասին երբեմն հարցեր չե՞ք տալիս:
– Ես դրա կարիքը չունեմ: Լավ է, որ որոշ մարդիկ հասկանում են բաներ, որ առաջ չէին հասկանում: Մնում է, որ իշխանությունը եւս հասկանա, որ պետք է գործել Սահմանադրության շրջանակներում: Իսկ եթե չի հասկանում, հասարակությունը պետք է նրան հասկացնի: Եվ այդ դեպքում այս երկրում ինչ-որ բան կփոխվի:
– Հասարակության որոշակի շերտերի մոտ կասկածներ կան, որ ՀԱԿ որոշ անդամներ բավականին բարիդրացիական հարաբերություններ ունեն իշխանությունների հետ, կան որոշակի պայմանավորվածություններ. եթե իրոք այս կասկածները հաստատվեն, մտավախություն չկա՞, որ հասարակության այն մասը, որն այսօր ՀԱԿ նվիրյալ է, խստությամբ պատասխան կպահանջի:
– Նման կասկածների մասին ես տեղյակ չեմ, եւ, ընդհանրապես, ավելի ճիշտ կլինի խոսել փաստերով:
– Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մի քանի օր առաջ մեր թերթին տված հարցազրույցում պատասխանելով «Հոկտեմբերի 27»-ին վերաբերող հարցին՝ ասել էր, թե ինքն ամեն ինչ արել է «27»-ի բացահայտման համար: Ձեր կարծիքով, իրո՞ք Գագիկ Ջհանգիրյանը եւ բոլոր նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին բացահայտել «Հոկտեմբերի 27»-ի գործը, արել են ամեն ինչ՝ բացահայտման համար: Եթե իրոք արել են, ուրեմն ինչո՞ւ չբացահայտվեց:
– Ես չգիտեմ՝ ամեն ինչ արվել է, թե չի արվել, բայց արդյունքը բավարար չէ: Եվ այսօր քչերն են հավատում, որ այդ մարդասպանների ետեւում ուժեր չեն եղել: Այնպես որ, ես այն կարծիքին չեմ, որ ամեն ինչ արվել է բացահայտման համար: Բազմիցս ասել եմ, որ իշխանություններն ամեն ինչ արեցին այս գործը կոծկելու համար:
– Ժամանակին, երբ Ղարաբաղի հարցի հետ կապված հրապարակ նետվեց Մեղրու տարբերակը՝ ե՛ւ դուք, ե՛ւ Վազգեն Սարգսյանի եղբայրը բավականին ակտիվ դիրքորոշում դրսեւորեցիք եւ որոշ բացահայտումներ արեցիք: Այսօր, ի՞նչ եք կարծում, Ղարաբաղի հարցում պակա՞ս վտանգներ կան:
– Ես որեւէ հիմք չեմ տեսնում մադրիդյան սկզբունքները եւ մասնավորապես այդ անորոշ հանրաքվեն ներկայացնելու որպես ձեռքբերում, մանավանդ, հիշում ենք, թե ինչ կարգախոսներով որոշ մարդիկ եկան իշխանության: Երկրորդը, մենք բազմիցս ասել ենք, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ: Հիմա խոսվում է այն մասին, որ ինչ-որ փուլում Ղարաբաղն անպայման կդառնա բանակցությունների մասնակից, բայց հարցն այն է, որ Ղարաբաղը պետք է մասնակից լինի հենց սկզբունքների համաձայնեցման փուլում:
– Այս օրերին լինել-չլինելու պես է հնչում հարցը՝ գնա՞ Սերժ Սարգսյանը Թուրքիա, թե՞ չգնա, ձեր կարծիքով՝ ո՞րն է ավելի ճիշտ:
– Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը շահագրգռված է, որ չընդհատվեն հայ-թուրքական շփումները: Սակայն Սերժ Սարգսյանը պետք է լավ մտածի գնալուց առաջ, չմոռանա իր կողմից արված հայտարարությունները, չարժեզրկի իր խոսքը, ինչը, վերջին հաշվով, նվաստացուցիչ կլինի երկրի համար: Ի վերջո, Հայաստանը պետք է վարի արժանապատիվ արտաքին քաղաքականություն: