Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ օրերս հաստատած փոփոխությունների համաձայն, Միլանում մեկնարկելիք սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մասնակիցների վիճակահանությունն անցկացվելու է ըստ յուրաքանչյուր քաշային կարգում նախապես կազմված վարկանիշային դասակարգման արդյունքների: Վերջին շրջանում Հայաստանի կաշվե ձեռնոցի վարպետների շոշափելի առաջընթացը աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկությունում եւ միջազգային բարձրակարգ մրցումներում դրական հետեւանք է ունեցել այդ վարկանիշային ցուցակում բարձր տեղերում հայտնվելու համար: Այսպես, համաձայն մարզական որոշ լրատվամիջոցների հրապարակումների, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը 60 կգ քաշայինների մեջ 6-րդն է, Եվրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը՝ 8-րդը, իսկ 64 կգ քաշայինների մեջ նույնպես Հին աշխարհամասի 1-ին համար Էդուարդ Համբարձումյանի անունը նշված է 9-րդ հորիզոնականում:
Մեր մյուս առաջատար բռնցքամարտիկներն իրենց քաշային կարգերում զբաղեցրել են հետեւյալ տեղերը:
51.Դերենիկ Գիժլարյան՝ 51 կգ
64.Արթուր Համբարձումյան՝ 54 կգ
97.Ազատ Հովհաննիսյան՝ 57 կգ
51.Սամվել Մաթեւոսյան՝ 69 կգ
17.Անդրանիկ Հակոբյան՝ 75 կգ
14.Ցոլակ Անանիկյան՝ 91 կգ
81 եւ +91 կիլոգրամ քաշային կարգերում հայաստանցի բռնցքամարտիկներ վարկանիշային ցուցակում չկան: