Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ կողմնորոշվում են

Օգոստոս 26,2009 00:00

Սեպտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում \"\"մեկնարկող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության կազմակերպիչներին ներկայացրած նախնական հայտերի համաձայն, Երեւան ժամանելու է շուրջ 40 երկիր: Սակայն այս թիվը՝ դեռ վերջնական չէ: Մինչեւ հայտերի ներկայացման եւ դրանց հաստատման վերջնաժամկետը դեռ օրեր կան: Այնպես որ, հնարավոր է՝ մասնակից երկրների թիվն ավելանա կամ պակասի:

Հայաստանցի մարզասերին առաջին հերթին հետաքրքրում է, թե տղաների եւ աղջիկների մրցաշարերում մեր հանրապետությունը քանի՞ հոգով է ներկայացվելու եւ ովքե՞ր են լինելու նրանք: Երեկ ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ հավաքականների թեկնածուները ներկայումս դեռ ուսումնամարզական հավաքների մեջ են, որ կողմնորոշվելու համար մինչեւ ամսվա վերջ ժամանակ կա եւ որ թիմերի վերջնական կազմերը հայտնի կդառնան միայն հավաքների ավարտից հետո:

Մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր \"\"մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչն արդեն հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 5-ին Երեւանում կայանալիք հանդիպմանը նախապատրաստվելու հրավիրված ֆուտբոլիստների անունները: Մինչդեռ, մեր հավաքականի գլխավոր մարզիչն առայժմ լռում է: Եթե մրցակից թիմի մարզիչը ֆուտբոլիստների ընտրության լայն հնարավորություններ ունի եւ նրա խնդիրը լավագույններին ընտրելն է, մեր մարզչի վիճակն այնքան էլ նախանձելի չէ, քանի որ արտասահմանյան ակումբներում գրանցված հայ ֆուտբոլիստները միշտ չէ, որ ընդգրկվում են մեկնարկային կազմ, իսկ Հայաստանի առաջնությունում հանդես եկողները կայուն խաղ չեն ցուցադրում:

Սեպտեմբերի 6-13-ը Իսրայելում անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի \"\"երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականները: Սպասվում է, որ մեր ծանրորդները չեն խախտի վերջին տարիներին հիմնադրված բարի ավանդույթը եւ մրցավայրից տուն կվերադառնան մեդալների հարուստ հավաքածուով: Իսկ թե ովքե՞ր են Էյլաթ քաղաքում պայքարելու մրցանակային տեղերի համար, առայժմ վերջնականապես որոշված չէ: Ծանրորդները նույնպես այս օրերին ուսումնամարզական հավաքների վերջին օրերն են անցկացնում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հատկապես տղաների մի քանի քաշային կարգերում հավասարազոր ծանրորդներ կան ու նրանց մեջ թեժ պայքար է ընթանում Իսրայել մեկնող թիմի կազմ ընդգրկվելու համար: Դա, ինչ խոսք, ուրախացնող է: Մեզ մնում է սպասել եւս մի քանի օր, մինչեւ ֆեդերացիայի մարզչական խորհուրդը կկայացնի իր վերջնական որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել