Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԻ ՇՈՈՒՆ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոս 26,2009 00:00

Նա ցանկանում է Վախթանգ Դարչինյանի մենամարտերից մեկը կազմակերպել Երեւանում

Աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը մեկ ամսից ավելի Հայաստանում է՝ հարազատների ու ընկերների շրջապատում: Սակայն շուտով կվերադառնա Ավստրալիա եւ կսկսի նախապատրաստվել չեմպիոնական գոտու հերթական պաշտպանությանը: Երեկ «Առավոտը» հանդիպեց Վիկին եւ զրուցեց նրա ծրագրերի մասին:

– Այս անգամ, կարծես, սովորականից երկար մնացիր Հայաստանում: Պատճառ կա՞ր:

– Ես պետք է շուտ վերադառնայի Ավստրալիա: Սակայն երբ իմացա, որ իմ պրոումոթերը՝ Գերի Շոուն, ցանկացել է գալ Հայաստան, որոշեցի վերադարձս հետաձգել:

– Նրան հրավիրե՞լ են:

– Ինքն է ցանկություն հայտնել: Եթե հիշում եք, ձեր թերթի աշխատակազմի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասել եմ, որ մենք մտադրություն ունենք իմ մենամարտերից մեկը Հայաստանում կազմակերպել: Հիմա նա որոշել է գալ, անձամբ ծանոթանալ այստեղի միջավայրին, տեսնել, թե կա՞ համապատասխան դահլիճ: Եթե պայմանները բավարարեն, բացառված չէ, որ եկող տարի Երեւանում մի մրցում կազմակերպվի: Սա նաեւ Հայաստանը տեսնելու լավ առիթ է նրա համար:

– Հայաստանի իշխանությունները եւ սպորտի ղեկավարները տեղյա՞կ են հռչակավոր Գերի Շոուի այս այցելության մասին:

– Առայժմ քչերը գիտեն՝ Կարեն եւ Սամվել Կարապետյանները, որոնց առաջարկով եւ շնորհիվ հիմա արդեն հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո, ինչպես նաեւ մեր բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը: Իմ նպատակն է նրանց ծանոթացնել Գերի Շոուի հետ, որպեսզի այս հարցով բանակցեն: Անկեղծ ասեմ: Եթե Հայաստանում հանրաճանաչ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մասնակցությամբ շոու կազմակերպելու հեռանկար լինի, ես կուզենայի, որպեսզի դա կապվեր Սամվել Կարապետյանի անվան հետ:

– Լրատվամիջոցներում քո ներկայիս կարգավիճակի մասին հակասական բաներ են գրվում: Մեկն ասում է, թե քաշդ փոխելու պատճառով հրաժարվել ես քո բոլոր գոտիներից եւ այլեւս բացարձակ չեմպիոն չես, մյուսը՝ թե IBF-ի գոտուց ես զրկվել: Ո՞րն է իրականությունը:

– Գոտիներից չեմ հրաժարվել եւ առայժմ մնում եմ աշխարհի բացարձակ չեմպիոն: Բայց կարգը պահանջում է, որ երեք ամսվա ընթացքում մենամարտեմ երեք վարկածների 1-ին համարների հետ կամ՝ չորրորդ գոտին նվաճեմ: Բայց քանի որ դա հնարավոր չէ, որոշել եմ առայժմ պահպանել երկու գոտի: Հոկտեմբերին IBF-ի գոտու համար մարտ նշանակված է: Այսինքն՝ այդ գոտին այդ ժամանակ կկորցնեմ: Իմ առաջիկա մրցակիցը պետք է լինի WBC-ի վարկածի 1-ին համար, մեքսիկացի Թոմաս Ռոխասը, որի հետ պայմանագիրը շուտով կստորագրվի:

– Իսկ մարտը ե՞րբ կկայանա:

– Ամենայն հավանականությամբ՝ դեկտեմբերի 5-ին:

– Մեկ քաշ բարձրանալու մտադրությունդ ուժի մե՞ջ է:

– Մենեջերիս հետ խոսել եմ: Մինչ այդ մի նպատակ կա՝ մենամարտել Նոնիտո Դոների հետ, որը, եթե չեմ սխալվում, ներկայումս հենց WBA-ի 1-ին համարն է: Դրանից հետո անպայման կտեղափոխվեմ մեկով ավելի բարձր քաշային կարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել