Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

Օգոստոս 26,2009 00:00

Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը վերականգնում է քրիստոնեական սրբավայրերը

\"\"

Դադիվանքը վերականգնվել է:

\"\"
Վահե սարկավագը միշտ զինվորների
կողքին է:

\"\"
Գուրգենը՝ Դադիվանքի էքսկուրսավար:

\"\"
Ամարասում շինարարներն աշխատում են, իսկ զբոսաշրջիկները լուսանկարվում:


Գանձասարը՝ մասունքների պահոց եւ ազատագրական շարժումների կենտրոն

Մեկ անգամ Արցախ այցելողը մեկընդմիշտ հասկանում է, թե ինչ ասել է վերջերս ավելի հաճախ շրջանառվող «Հող հանձնողը՝ դավաճան» արտահայտությունը: Հերթական այցելությանս ժամանակ եղա ոչ միայն Ստեփանակերտում ու Շուշիում, այլեւ Գանձասարում, Ամարասում եւ Դադիվանքում:

«Եղնիկներ» կոչվող զորամիավորման հոգեւոր սպասավոր Վահե սարկավագին էլ հանդիպեցի հենց Գանձասարում:

Գանձասարի եկեղեցու խորանի տակ ամփոփված է Հովհաննես Մկրտչի գլուխը, որը ժամանակին հայ առեւտրականները բերել են Վենետիկից: Գանձասարը եղել է առաջնորդարան եւ Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ XVII դ. Գանձասարի կաթողիկոսները սատարել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական բռնկումներին։ XVIII դ. սկզբին Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն են համախմբվել ազատագրական շարժման ղեկավարները։ Գանձասարի Հովհաննես Մկրտչի տաճարը 1216-38թթ. կառուցել է Ներքին Խաչենի իշխան Հասան Ջալալ-Դոլան, իսկ գավիթը 1261-ին հիմնադրել է Հասանը եւ ավարտել է նրա որդի Աթաբակը՝ 1266-ին։

Ինչ վերաբերում է Վահե սարկավագին, նա «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ հոգեւորականի ներկայությունը զորամասում առաջին հայացքից մի տեսակ զարմանք է առաջացնում, բայց միեւնույն ժամանակ վստահություն ներշնչում զինվորներին. «Զինվորների հետ մշտական շփման մեջ ենք, մոտենում են զանազան հարցերով՝ մեր եկեղեցու պատմության, աղանդավորների մասին…»: Վահե սարկավագը չթաքցրեց, որ զինվորները հաճախ են հետաքրքրվում՝ ինչպե՞ս կվարվեն հոգեւորականները, մասնավորապես ինքը, եթե հանկարծ պատերազմ սկսվի: «Հայ ժողովրդի պատմության սկզբից եւեթ ծանր պահերին եկեղեցին եւ հոգեւորականը կանգնած են եղել ժողովրդի կողքին եւ հարկ եղած դեպքում զենք վերցրել: Ես զինվորներին միշտ պատասխանում եմ, որ հոգեւորականը զինվորին չի լքի… Երբ շրջում եմ դիրքերում, զինվորները պատահաբար տեսնում են ինձ՝ զարմանում են, թե ո՞նց եմ այդքան ճանապարհ ոտքով կտրել ու հասել իրենց: Դրանից ոգեւորվում են ու ավելի խանդավառ ձեւով իրենց սուրբ ծառայությունը մատուցում հայրենիքին»,- նշեց Վահե սարկավագը: Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ իրենց զորամասի մոտակայքում գտնվում է Նապատի վանքը, որտեղ զինվորները հաճախ են լինում ու իրենց ձեռքի աշխատանքներն այնտեղ թողնում. «Վանքը թվագրվում է 5-6-րդ դար, ինչը վկայում է այն մասին, որ տարածքը եղել է զուտ հայկական, բացառվում է, որ ազերիներով բնակեցված տարածքում լիներ քրիստոնեական սրբավայր: Ներկա պահին Նապատի վանքը գտնվում է անմխիթար վիճակում, քանի որ հիմնադրման օրվանից չի վերանորոգվել»:

Գանձասարում հանդիպեցինք նաեւ Կարեն անունով մի երիտասարդի, որը ժամանակին եղել է Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր սպասավորը: Նա ինչ-ինչ պատճառներով անցել էր աշխարհիկ կյանքի ու զղջացել: Այժմ Կարենը յուրօրինակ փորձաշրջան է անցնում՝ հուսով, որ նորից հոգեւոր ծառայության կվերադառնա. «Աստծո ողորմությամբ գտնվում եմ Գանձասարում: Միշտ երազել եմ լինել այստեղ, քանի որ լսել էի իր զորության ու նաեւ այն մասին, որ Գանձասարում շատ սրբերի մասունքներ կան: Աստված լսեց անարժանիս աղոթքները եւ նման հնարավորություն ընձեռեց»:

Նշենք, որ զբոսաշրջիկների հոսքը Գանձասար՝ երբեք չի դադարում:

Ամարասը՝ ինչպես որ կա

Եթե Գանձասարը նորոգ էր ու բարեկարգ, Ամարասում դեռ շինարարական աշխատանքներ էին ընթանում: IVդ. սկգբին Գրիգոր Լուսավորիչն այստեղ հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ Vդ. վերջինիս գերեզմանի վրա Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է մատուռ, որն այժմ էլ գոյություն ունի՝ մայր եկեղեցու ներսում։ Ի դեպ, Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է Արցախի առաջին դպրոցը։ Վանքը շրջապատված է պարիսպներով, որոնց մի մասը քայքայված է: Ի սկզբանե Ամարասը ենթակվել է բազմաթիվ ոտնձգությունների՝ թուրք-սելջուկների, թաթար-մոնղոլների, Լենկ-Թեմուրի… Նոր ժամանակներում էլ տուժել է ադրբեջանական գնդակոծություններից: Ամարասի սուրբ Գրիգորիսի վանքի պահակ Կոլյա Քոչարյանը, որը արցախյան պատերազմի մասնակից է, հարկ էր համարում ամեն այցելուի պատմել Ամարասի մասին: Կ. Քոչարյանը դժգոհեց, որ ժամանակակից շնչով նորոգված վանքի ներկայիս տեսքը իրեն բոլորովին դուր չի գալիս: Նաեւ տեղեկացրեց, որ վերջին երկու տարվա ընթացքում այցելուները շատացել են՝ եթե առաջ 1 տուփ մոմը՝ 300 հատ, մեկ շաբաթ հերիքում էր, հիմա չի բավականացնում: 4 տարի է՝ գործում է եկեղեցին, նշվում են բոլոր տոները, իսկ կիրակի օրերը մարդիկ գալիս են պատարագի: Հոգեւոր սպասավորն էլ տեր Մանուելն է: Կոլյայի պատմելով, եկեղեցին ունի նաեւ երգչախումբ, որի անդամները ապրում են 4կմ հեռավորության վրա գտնվող Մաճկալաշեն գյուղում: Պահակը նշում է նաեւ, որ եթե նախկինում եկեղեցի մտնող ջահելները ծիծաղում էին պատարագների ժամանակ, ներկայումս հոգեւորականի ներկայությունը նրանց համար սովորական է, ոմանք եկեղեցով պսակվում են, խորհրդի կարիք ունեցողներն էլ՝ դիմում տեր Մանուելին: Ցավոք, եկեղեցին շրջափակող պատերի վրա նորօրյա «սեպագրություններ» կան՝ ոմանք ցանկացել էին հավերժացնել, որ այսինչ թվականին եղել են Ամարասում, որոշ երիտասարդներ էլ սիրո խոստովանություն թողել իրենց ընկեր-ընկերուհիներին:

Թարթառի հրաշքը՝ Դադիվանք

Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոն համարված Դադիվանքն ուղղակի հրաշք է: Այն գտնվում է Թարթառ գետի ձախ ափին եւ V դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIII դդ.։ Ի դեպ, այստեղ է գտնվում Թադեոս առաքյալի գերեզմանը:

Դադիվանքում հանդիպեցինք համանուն գյուղի 10-րդ դասարանի աշակերտ Գուրգեն Բադալյանին: Նա էլ այստեղ էր էքսկուրսավարի դեր ստանձնել՝ «հասարակական հիմունքներով»: Երեխան մանրամասն պատմեց Դադիվանքի մասին ու հպարտությամբ ասաց, որ այդ ամենը սովորել է Հայ եկեղեցու պատմության իրենց ուսուցչից: Գուրգենից տեղեկացանք, որ գյուղի դպրոցում ընդամենը 20 աշակերտ է սովորում, այս տարի մեկ առաջին դասարանցի ունեն՝ իր եղբայրը: Տղան հպարտորեն պատմեց, որ կյանքը Դադիվանք գյուղում ավելի լավ է անցնում. կառավարությունը ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 60 կվտ անվճար էլեկտրաէներգիա է տրամադրում, 4 ճուտ, անասուններ, իսկ իրենց ընտանիքը մեծ է՝ 12 անձ…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31