Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայ-թուրքական հարաբերությունների առաջխաղացումը միանշանակ կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Հայաստանի նախագահը ցանկության դեպքում Թուրքիա կարող է մեկնել ինքնաթիռով»,- ըստ «Արմինֆոյի», հայտարարել է ԱՀ-ում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը՝ տեղական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված հարցազրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքը առաջիկա աշնանը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու համար Թուրքիա կմեկնի այն դեպքում, եթե մինչ այդ հայ-թուրքական սահմանը բաց լինի կամ այդ հարցում առաջընթաց լինի: «Մինչ այդ խաղը մնացել է մոտավորապես 50 օր: Եթե Հայաստանի հարգարժան նախագահը ցանկանա խաղը դիտել, խնդրեմ, նա կարող է դիտել այդ խաղը»,- ավելացրել է դեսպանը: Հ. Քըլըչը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը անցյալ տարի այցելել էր Երեւան՝ դիտելու Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականների խաղը: Դեսպանը նաեւ մեկնաբանել է թուրք-հայկական սահմանի բացման հնարավորությունը: Նրա ասելով, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ԼՂ հարցում առաջխաղացման առկայության դեպքում առաջխաղացում կլինի նաեւ թուրք-հայկական հարաբերություններում: Ադրբեջանա-հայկական հարաբերություններում առաջխաղացման բացակայության առնչությամբ դադար է առաջացել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում: Սակայն առաջիկա շրջանում թուրք-հայկական հարաբերություններում կարող է առաջխաղացում լինել, դա կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը: